Ո՞ւր են 38 հազար թուփն ու 800 ծառը

Ո՞ւր են 38 հազար թուփն ու 800 ծառը

Երեւանի քաղաքապետարանը հունվարի 8-ին հրապարակել է 2020 թվականին կատարված աշխատանքների կարճ հաշվետվություն։

Սա հազիվ կես էջանոց, ընդհանրական ձեւակերպումների աններելի ու տհաճ առատությամբ լի տեղեկանք է՝ բան չասող: Օրինակ, «Մշակույթ» գլուխը միայն մեկ նախադասություն է՝ «Համայնքային թատրոնները վերանորոգվում են եւ վերազինվում»: Ո՛չ անուն, ո՛չ հստակ թիվ, ո՛չ վերազինման արդյունքներ: Ոչինչ: Կամ՝ «Առողջապահություն» գլխում․ «Պոլիկլինիկաները վերազինվում են ժամանակակից սարքավորումներով», «Կանաչապատում» գլխում՝ «Ձեռք են բերվել բույսերի խնամքի նոր սարքավորումներ»: Ու ողջը՝ առանց որեւէ թիվ, անուն, արդյունք նշելու: 

Տեղեկանքը 9 գլուխ ունի (մի գլուխ էլ կորոնավիրուսին եւ պատերազմին է վերաբերում), իսկ նույն կայքում Երեւանի քաղաքային տնտեսությունը ներկայացված է 20 առանձին ոլորտով՝ առողջապահություն, ֆինանսներ, գնումներ, եկամուտներ, արտաքին կապեր, արտաքին ձեւավորում եւ գովազդ, անշարժ գույքի կառավարում, բնապահպանություն, զարգացման եւ ներդրումային ծրագրեր, զբոսաշրջություն, կրթություն, կոմունալ տնտեսություն, շինարարություն, սպորտ, երեխաների եւ սոցիալական պաշտպանություն, տրանսպորտ: Երեւանի թավշյա, կարգին քաղաքապետարանը ներկայացնում է իր իսկ սահմանած ոլորտային բաժանումների կեսից էլ քիչ հարթությունում արվածը: Չէ, չի ներկայացնում, ասում է, թե արել է, իրականում՝ չի արել:
Համառոտ տեղեկանքի մեջ ոչ մի խոսք չկա Երեւանի արտաքին ձեւավորման ոլորտում աշխատանքների, զարգացման ծրագրերի մասին, որոնք կարող էին դառնալ զբոսաշրջության զարգացման խթան: Հիշատակում չկա երեխաների պաշտպանության եւ կրթության մասին: Սրանք չկան, եղածն էլ ակնհայտ կեղծ է եւ հավատ չի ներշնչում: Բերեմ մեկ օրինակ:

«Կանաչապատում» գլխում նշված է՝ տնկվել է 212 հազար թուփ: Հիշեցնենք. այս տվյալը քաղաքապետարանը հրապարակել է 2021 թվականի հունվարի 8-ին: Իսկ 2020 թվականի մայիսի 11-ին, ութ ամիս առաջ, նույն քաղաքապետարանի նույն կայքում հրապարակվել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության դենդրոլոգ Արծվին Գրիգորյանի խոսքը ։

Նա հավատացնում է. «Տնկվել է շուրջ 250 000 թուփ, 800 ծառ՝ սակուռաներ, սզնիներ, գնդաձեւ կատալպաներ, իլենիներ եւ մի շարք այլ ծառատեսակներ ու թփեր»:

Հիմա 212 հազար թո՞ւփ, թե՞ 250 հազար թուփ եւ 800 ծառ: Ո՞վ է սուտ խոսում, ո՞վ է կեղծիք ներկայացնում, լկտիաբար խաբում երեւանցուն, ում վճարած հարկերից աշխատավարձ եւ աստղաբաշխական չափերի եւ ոչնչով չհիմնավորված պարգեւավճարներ է ստանում: Ո՞ւր են երեւանցիների փողերով գնված 38 հազար թուփն ու 800 ծառը: Իսկ ամփոփ տեղեկանքում ողջ մնացածն իրակա՞ն է: Քիչ հավանական է, ընդահանրապես հավանական չէ: Որեւէ ոլորտում կատարված ծախսերի մասին որեւէ բառ չկա, ֆինանսական որեւէ տվյալ չկա:

Համառոտ՝ չի նշանակում կիսատ-պռատ, կեղծ, սուտ: Համառոտ՝ նշանակում է ողջը կարճ ձեւաչափով: Պաշտոնական տեղեկանքում կեղծ թիվ ներկայացնելը քրեական հանցագործություն է: 
ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 314. «Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով, կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: 

Իսկ իրավապահները լրատվամիջոցի հրապարակման վրա կարող են գործ հարուցել:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ