Դժբախտ պատահար, որը երիտասարդի կյանքի ընթացքը փոխել է

Դժբախտ պատահար, որը երիտասարդի կյանքի ընթացքը փոխել է

Մեզ են դիմել Արարատի մարզի բնակիչներ Թագուհի եւ Յուրի Սարգսյաններն ու պատմել իրենց որդու հետ կատարվածի մասին։ 2018 թ․ հոկտեմբերի 16-ին Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկվել 1956թ․ ծնված քաղաքացի Ա. Մ.-ն: Ղեկին եղել է Սարգսյանների որդին՝ 25-ամյա Վահագնը: Նշված փողոցի այդ հատվածը հետիոտների համար նախատեսված չէ, ավելին՝ արգելապատնեշը խանգարում է, որ մարդիկ անցնեն փողոցի մի մայթից մյուսը: Սակայն դա չի խանգարել, որ վրաերթի ենթարկված քաղաքացին մեքենան կանգնեցնի փողոցի մի մայթին, արգելապատնեշի վրայով թռչի-անցնի մյուս մասը, մտնի խանութ, գնումներ կատարի, նորից արգելապատնեշի վրայով թռչելով՝ վերադառնա իր մեքենայի մոտ: Վերադառնալիս էլ տեղի է ունեցել վրաերթը. հետիոտնը անսպասելի հայտնվել է եռաշարք ընթացող մեքենաների առաջ, եւ վարորդը չի հասցրել ժամանակին արգելակել: Այստեղ թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է: Փորձաքննությունը ցույց է տվել, որ վրաերթի ենթարկած մեքենան ընթանալիս է եղել 62 կմ/ժ արագությամբ: Վարորդը փախուստի չի դիմել, տուժածին տեղափոխել է հիվանդանոց: Սակայն, դժբախտաբար, վերջին վիրահատությունից հետո մահացել է: 

Նախաքննության ժամանակ, ըստ Վահագն Սարգսյանի հարազատների, նա փաստաբան չի պահանջել, քանի որ վստահ է եղել, որ անմեղ է եւ ունի դա հավաստող բոլոր փաստերը: 2018-2022թթ․ ընթացել է այս գործի քննությունը՝ նախաքննություն, դատական նիստեր եւ այլն: Այս ընթացքում երիտասարդը, ով արհեստավոր-կահույքագործ է, զրկված է եղել որեւէ տեղ աշխատելու հնարավորությունից: Մայրը՝ Թ. Ս․-ն, ասում է. «Որդիս շատ էր նեղվում այդ իրավիճակից: Ինքն աշխատող, ստեղծող տղա է, ու այդ վիճակում, որ զրկված էր աշխատելու հնարավորությունից, շատ վատ էր զգում: 44-օրյա պատերազմին ուզում էր մեր հարազատների հետ գնալ մասնակցել, դարձյալ չէր կարող, քանի որ անձնագիր չուներ ձեռքին: Վատ էր զգում, որ ծնողներն են իրեն պահում: Բայց հուսադրում էր, որ՝ ոչինչ, շուտով այս ամեն ինչից կպրծնի ու կաշխատի: Սակայն ամեն ինչ ավելի վատ ընթացք ստացավ»: 2021թ․ նոյեմբերի 11-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատավճիռ է կայացրել, որով Վահագն Սարգսյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Դատավճիռն անակնկալի է բերել հարազատներին: Վերջիններս ասում են, թե հույս ունեին, որ վատագույն դեպքում իրենց որդին պատիժը կկրի ազատության մեջ՝ հանրօգուտ աշխատանք կկատարի, ազատության մեջ կլինի։

«Իմ որդին հանցագործ չէ, վտանգավոր մարդ չէ, ինչո՞ւ պետք է մեկ տարին անցկացնի այդպիսի մարդկանց հետ, ովքեր տարբեր հանցանքներ են գործել: Աստված գիտի, թե այնտեղ ինչերի միջով կարող է անցնել նա, ինչ հետեւանքներ դա կունենա իր ճակատագրի համար: Մի դժբախտ պատահարի պատճառով, որտեղ ինքը մեղավոր չէ, այլ եղել է հետիոտնի անփութության արդյունք, երիտասարդ որդիս իր կյանքի լավագույն հինգ տարիներն այսպիսի հոգեկան ու տարբեր սթրեսների մեջ անցկացրեց: Ինչո՞ւ»: Հարազատները չեն հաշտվում խիստ դատավճռի հետ, այն բողոքարկել են վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ, սակայն մերժում են ստացել:  

 ՀԳ․ Ակնհայտ է, որ գործ ունենք անկատար օրենքի հետ. անկախ այն բանից՝ վարորդն է մեղավոր, թե հետիոտնը, եթե հետիոտնը մահացել է, ապա վարորդի բախտը կախված է դատավորի «խղճից»: Իսկ նման դեպքերում մահացածի հարազատներն ամեն ինչ անում են, որ վարորդը սխալ «դուրս գա», քանի որ այդ դեպքում ստանում են 1 մլն 500-ից մինչեւ 1 մլն 700 հազար դրամ պետական փոխհատուցում՝ ԱՊՊԱ-ից: Իսկ պետությունը, բացի ֆինանսական ծախսից, նաեւ կալանավայրում կերակրում է, հոգում կալանավորի կենցաղային կարիքները: