Հայաստանում են բախվում տարբեր գործակալական ցանցեր․ Անդրանիկ Գրիգորյան

Հայաստանում են բախվում տարբեր գործակալական ցանցեր․ Անդրանիկ Գրիգորյան

Ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի պաշտոնակատար Անդրանիկ Գրիգորյանի հետ։

- Պարո՛ն Գրիգորյան, «Ժառանգությունում» հիմա իրավիճակն ինչպիսի՞ն է։ Վերջերս կուսակցությունից հեռացավ Նարինե Դիլբարյանը, ով նախագահի պաշտոնն էր զբաղեցնում։ Հիմա ո՞վ է նախագահը, ի՞նչ եք պատրաստվում անել ընտրություններին ընդառաջ։

- «Ժառանգության» նախագահի պարտականությունները դրված են ինձ վրա մինչև առաջիկա համագումարը։ Այսինքն, նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը ես եմ։ Նորմալ աշխատանքային իրավիճակ է։ Մեր գոյատևման 21 տարիների ընթացքում բազմիցս ենք հանգել նման իրավիճակների, բայց ինչպես ցույց է տվել մեր ոչ վաղ անցյալի պատմությունը, «Ժառանգությունը» կարողացել է դիմագրավել ոչ միայն այսօրինակ դիպվածներին։

- Ի՞նչ տարաձայնություններ են եղել Դիլբարյանի և ձեր միջև, ինչի՞ շուրջ համաձայնության չեկաք։ Նա ասել էր մի քանի բառով, որ ընտրությունների հետ կապված, որ որոշել էիք չմասնակցել։

- Ես կարծում եմ, որ տիկին Դիլբարյանն իր շատ հարուստ գիտամանկավարժական փորձի արդյունքում հայկական ժողովրդական ասույթներից մեկն ուղիղ իմաստով էր հասկացել՝ «Որտեղ հաց՝ այնտեղ կաց»։ Եվ չէի ուզի այս թեմայով ավելի ընդարձակվել։ Առաջիկայում հանրությունը և լրատվական տիրույթն ականատես կլինի տիկին Դիլբարյանի՝ ընտրական պրոցեսներին մասնակցելու գաղափարական ձևաչափին։

- Ե՞րբ եք նախատեսում համագումարը։

- Ես կարծում եմ՝ երբ կնշանակվեն Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունները, օրենքի և կուսակցության կանոնադրությանը համապատասխան կանենք համագումար և որոշում կկայացնենք։ Ուղղակի մի բան հաստատ է այս պահին՝ «Ժառանգությունը» որևէ կերպ և որևէ պարագայում չի կարող մասնակիցը լինել հայրենատվության էժան այս գործընթացներին, որին լծված են այս իշխանությունները և իր արբանյակները։

- Իսկ որ դեռևս ընտրությունների հետ կապված վերջնական որոշում չունեք, այս իրավիճակի հանգուցալուծումը՝ այս քաղաքական լարվածությունը, Հայաստանի բավականին կախյալ վիճակն արտաքին ուժերից, ի՞նչ քայլերով պետք է արվի։ «Ժառանգությունն» ի՞նչ է փորձում անել, ի՞նչ է հնարավոր անել։

- Դուք բավականին մեղմ բնորոշում տվիք կախյալի առումով։ Որովհետև Հայաստանում այս պահին ուղիղ արտաքին ուժերի կառավարում է ընթանում։ Եվ Հայաստանում են բախվում տարբեր գործակալական ցանցեր, որի շրջանակում յուրաքանչյուր խմբավորում փորձում է առաջ տանել միայն ու միայն իր և իր պատվիրատուի շահերը։ Ցավոք, Հայաստանի իշխանություններն անգործության են մատնված։ Մենք նախկինում, հետպատերազմական ժամանակահատվածում հրապարակային տիրույթ նետած մեր մի քանի հայտարարություններում ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պարտության առաջնորդած ՀՀ իշխանութուններն իրենց գլխավորած ընտրությունների միջոցով չեն կարող հանգուցալուծել Հայաստանում ստեղծված աննախադեպ քաղաքական ճգնաժամը։ Եվ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններն այդ ճգնաժամը հանգուցալուծելու ոչ միայն լավագույն, այլ նաև լավին չմոտեցող միջոց են։ 

- Իրավիճակը շարունակվում է, Նիկոլ Փաշինյանը նախկինի պես ազատորեն չի շրջում փողոցներով, 6 շերտանոց, 7 շերտանոց, 10 շերտանոց անվտանգություն ապահովված է շրջում, պատկերավոր ասած «նախկին դուխովը» չէ և ամեն կերպ փորձում է կառչած մնալ աթոռից։ Այս վիճակը որքա՞ն է կարող շարունակվել, ի՞նչ անել։

- Այս վիճակը երկար չի կարող շարունակվել, որովհետև նաև գործադիր իշխանության մաս կազմող ոստիկանությունն է անգործության մատնվել։ Արդեն լրատվական տիրույթից «չեն իջնում» այս կամ այն քաղաքում սպանությունները, որոնց, ցավոք, զոհ են գնում նաև երիտասարդ անձինք։ Այսինքն, երկրի օրինապահ մարմինները լծվել են ընդամենը մեկ անձի պաշտպանությանը և երկրում, կարծես թե, տիրում է ամենաթողություն։ Եվ այս համակարգերը, ինչպես ցույց է տալիս մարդկության փորձը, երկար չեն կարողանում գոյատևել։ Եվ, ի վերջո, ճեղքեր են տալիս և փլուզվում են։ Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունը չունի այլևս ռեսուրս` սպասելու և բնական ճանապարհով իշխանությունների վախճանն արձանագրելու համար։

- Դիլբարյանը երբ որ Ժառանգության նախագահն էր, կուսակցությունը համագործակցում էր 6-7 կուսակցութունների հետ՝ «Հայ կառուցողական», «Ազգային ինքնորոշում միավորում» և այլն, հիմա քանի որ Դուք եք պաշտոնակատարը, կա՞ն կուսակցություններ, որոնց հետ շփումների, քննարկումների մեջ եք ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։

- Ներքաղաքական տիրույթի բոլոր կուսակցությունների հետ էլ բանակցություններ տարվում են, գործընթացներ կան, բայց այս պահին առարկայական որևէ բան դեռևս չի ձևավորվել; Եվ մենք վախենում ենք դաշտում առկա «ականներից», իսկ դրանք, ցավոք սրտի, շատ են։

- Ի՞նչ «ականների» մասին է խոսքը։

- Հայրենատվությունը լեգիտիմացնող քաղաքական միավորները և գործիչները։

- Ընտրությունների՞ մասով նկատի ունեք։

- Այո՛, ընտրություններին մասնակցելու մասով։ Դուք ճիշտ կռահեցիք և նկատեցիք։