Առաջինը մենք կանխատեսեցինք, որ թուրք-ադրբեջանական զորքերը փորձելու են ներխուժել Հայաստանի տարածք

Առաջինը մենք կանխատեսեցինք, որ թուրք-ադրբեջանական զորքերը փորձելու են ներխուժել Հայաստանի տարածք

Հարցազրույց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանի հետ

- Պարոն Աբովյան, որտե՞ղ է ԲՀԿ-ն, ինչո՞վ է զբաղվում ընտրություններից հետո, ո՞ր դաշտում եք հիմա: Դուք սեպտեմբերի 26-ին ընդդիմության կազմակերպած հիշատակի երթին չէիք մասնակցում: Հունիսի 20-ի ընտրություններում կրած պարտությունից հետո կուսակցության էպոխան ավարտվե՞ց։

- Ոչ, ասեմ ավելին․ երազախաբ են լինելու բոլոր նրանք, ովքեր երազում են, որ մեր էպոխան ավարտվելու է։ Սեպտեմբերի 26-ին մեր ուսխորհրդի երիտասարդները քայլերթ են կատարել, իսկ սեպտեմբերի 27-ին ամբողջ կուսակցության ակտիվը՝ քաղխորհուրդ, տարածքային կազմակերպության անդամներ, շարքային կուսակցականներ, մեծ թվով ԲՀԿ-ականներ, այցելել ենք Եռաբլուր։ Մենք միշտ կարեւորել ենք ոչ թե այդ սիմվոլիզմը, այլ մեր ներկայությունը հասարակության համար բոլոր նյարդային կետերում։ Մենք չէինք կարող չգնալ Եռաբլուր, քանզի այնտեղ են մեր եղբայրները․․․ սա այն թեման չէ, որ պետք է շատ խոսել, եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է լինեն զուսպ։

Ինչ վերաբերում է մեր տեղին, կարող եմ տեղեկացնել, որ ԲՀԿ-ն ոչ մի գրասենյակ չի փակել, բոլոր այդ ասեկոսեները ժպիտ են առաջացնում, ասեմ ավելին՝ մենք նոր գրասենյակներ ենք բացում, բավականին ակտիվ կուսակցաշինական աշխատանքներ ենք տանում։ Իսկ որ դաշտում դիրքավորվել կամ չդիրքավորվել, կարծում եմ` պետք է դուրս գալ լոկ քաղաքական տրամաբանությունից՝ ընդդիմություն-իշխանություն, մենք միշտ եղել ենք հայ ժողովրդի կողքին․․․

- Դա տարիներ առաջվա անհասկանալի այլընտրանք կարգավիճա՞կն է՝ ո՛չ ընդդիմություն ենք, ո՛չ իշխանություն, ժողովրդի հետ ենք։

- Ես հասկանում եմ՝ «ոչ ընդդիմություն» ասելով Դուք ինչ նկատի ունեք, բայց դա չի լինի՝ հաշվի առնելով մեր անցած ճանապարհը: Այն վիճակը, որ այսօր ստեղծվել է երկրում` Հայաստանում, Արցախում, այժմ չի ստացվելու բալանսի վրա խաղալ, եւ Ձեզ հավատացնում եմ, որ մենք նման նպատակ էլ չունենք։ Կարող եմ հստակ ասել, որ մենք շարժվում եւ շարժվելու ենք մեր օրակարգով, որը միանգամայն համապատասխանում է համայն հայության, հայ ժողովրդի շահին։ 
Երբ մենք խորհրդարանում էինք, եւ այսօր, երբ այնտեղ չենք, միշտ լսում ենք մեր դեմ գեներացվող խոսակցություններ՝ ԲՀԿ-ն սենց, ԲՀԿ-ն ընենց։ Ո՛չ, հույս մի ունեցեք։

- Խոստովանեք, որ այդ խոսակցությունների համար առիթներ ինքներդ եք տալիս․ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները Նիկոլ Փաշինյանի հետ, անհասկանալի է` կուսակցությունն ինչով է զբաղված, հայտարարեցիք, որ հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին չեք մասնակցելու։ Սրանք մարդկանց մոտ ենթադրությունների տեղիք են տալիս, որ լեզու եք գտել Փաշինյանի հետ։

- Բոլոր հանդիպումները եղել են բաց, ոչ ստվերային։ Պարզապես որոշ տեղեկատվական կենտրոններից գեներացնում են ասեկոսեներ, մի կողմից ես ուրախ եմ, որովհետեւ այս ասեկոսեները մի ավելորդ անգամ ապացուցում են, որ ԲՀԿ-ն, նույնիսկ չլինելով խորհրդարանում, խորհրդարանական ուժերի ազդեցությանը եւ ընկալմանը գրեթե հավասար մակարդակ ունի։

- Համաձայն չե՞ք, որ իրենք ավելի ռադիկալ են։

- Առայժմ չեմ ուզում քննարկել այս կամ այն քաղաքական ուժի մարտավարությունը։ Այստեղ ամենակարեւորը ոչ միայն խնդիրներ բարձրաձայնելն է, այլեւ լուծումներ առաջադրելը, որովհետեւ խնդրին բոլորն են ծանոթ։ Բայց արի ու տես` ցավոք, լուծումների տարբերակներ չեն առաջարկվում։ Նորից կրկնեմ` բոլորն անպտուղ հույսեր են հետապնդում, թե հնարավոր է ԲՀԿ-ն հեռանա քաղաքական դաշտից, պասիվանա, ճիշտ հակառակը՝ ակտիվ եղել ենք, առավել ենք ակտիվանալու։ Մեր դեմ հատուկ է ինֆորմացիան գեներացվում։

- Իսկ ո՞րն էր ընտրություններից հետո Փաշինյանին հանդիպելու նպատակը, Փաշինյանի հրաժարականի հա՞րցն էին քննարկում։

- Ընտրություններ են եղել, դա եղել է պրոտոկոլային հանդիպում, ոչ մի առարկայական քննարկում չի եղել, համացանցում շինծու թեմաներ էին քննարկվում։

- Ասում էին` Ծառուկյանը գնացել է իր բիզնեսի հետ կապված հարցերը լուծելու։

- Այո, այո․․․ Տեսեք, եթե յուրաքանչյուր քայլը կամ խոսքը չի հանրայնացվում, ապա մնացածը հորինված, դավադրական սխեմաների մեջ է։

- Հիմա այդ հանդիպումից հետո ձեր քայլերը եկեք դիտարկենք․ հայտարարեցիք, որ հոկտեմբերի ընտրություններին չեք մասնակցելու․․․

- Լավ է հիշեցրիք այդ ընտրությունների մասով։ Կրկին անգամ շտապեմ հիասթափեցնել․ ՏԻՄ ընտրությունների մասնակցության վերաբերյալ քննարկումները չեն ավարտվել, ավելին՝ դրական ընթացք ունեն, խոսքն ընդամենը հոկտեմբերի 17-ի մասին է, որին չենք մասնակցելու։ Իսկ նոյեմբեր-դեկտեմբերի վերաբերյալ քննարկումներ կան, մի քիչ էլ է պետք սպասել, եւ կրկին մենք կհիասթափեցնենք նրանց, ովքեր կարծում են, թե դուրս ենք եկել խաղից։

- Ի՞նչ եք անելու, մի երկու քաղաքում իշխանությո՞ւն եք վերցնելու։

- Լինելով ԲՀԿ քաղխորհրդի անդամ՝ Ձեզ հորդորում եմ սպասել։

- Ձեր խոսքից տպավորություն է ստեղծվում, որ դուք շարունակում եք մնալ նոյեմբերի 9-ից հետոյի իրավիճակում՝ իշխանափոխության պահանջ ունեք։ Ընդամենը մի քանի օր առաջ «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ իշխանափոխության դեմ պայքարում ԱԺ գործիքակազմը պետք է համալրել փողոցային պայքարով, եւ չեն բացառում զանգվածային ակցիաները։ Կմիանա՞ք այդ պայքարին, ընդդիմության միասնական ճակատ կձեւավորվի՞։

- Քաղաքականության մեջ մի այսպիսի եզրույթ կա՝ բալանսների վրա խաղալ, հիմա ես էլ հարցնում եմ՝ կմիանա՞ խորհրդարանական ընդդիմությունն այն տեսական գործողություններին կամ տեսլականին, որն ունի ԲՀԿ-ն։ Միշտ հարցնում եք՝ ԲՀԿ-ն կմիանա՞․․․ Մենք ունենք մեր ուրույն տեսլականը, ուրույն ճանապարհը, շարժվում ենք ըստ մեր օրակարգի, երբ գա ժամանակը, ես շատ ուշադիր կհետեւեմ՝ կմիանա՞ն մեզ քաղաքական ուժերը, թե՞ ոչ։

- Իսկ դուք ի՞նչ եք անում, որ ձեզ միանան, դուք չունեք վարչապետի հրաժարականի պահանջի օրակարգ, Գագիկ Ծառուկյանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ նման օրակարգով ուժերին չեք միանա։

- Ես կոչ եմ անում լսել մեկ անգամ եւս, թե ինչ է հայտարարել պարոն Ծառուկյանը, երբ հարցրին՝ փողոցային պայքար է լինելու, դուք միանալո՞ւ եք, պատասխանեց, որ ինքը ոչ մեկին միանալու խնդիր չունի։

- Այսինքն, խնդիրը միանալո՞ւ մեջ է, թե՞ օրակարգի:

- Եկեք բառախաղով չզբաղվենք, կոչ եմ անում՝ ուշադիր լինենք բառերին․ երբ կոնտեքստից կտրվում է արտահայտություն կամ բառ, լրիվ հակառակ պրոցեսներ են սկսվում։

- Դուք կարծում եք՝ Հայաստանում այսօր այնպիսի ստանդարտ իրավիճակ է, որ կարելի է նստել եւ սպասել, թե ԲՀԿ-ն ինչ օրակա՞րգ է բերելու, խորհրդարանական ընդդիմությունն ասում է` եկեք պայքարենք, որովհետեւ իշխանությունները գաղտնի եւ վտանգավոր բանակցություններ են փորձում վարել Թուրքիայի հետ եւ այլն։

- Իսկ առաջինն ո՞վ էր հայտարարել, որ, ըստ երեւույթին, իշխանությունները կոնտակտի մեջ են թուրքական իշխանությունների հետ։

- Դուք էիք գրել, բայց․․․

- Էլ «բայց» չկա։ Ինչ վերաբերում է հստակ գործիքակազմին, ապա ամեն քաղաքական ուժ ըստ իր տեսլականի, ռեսուրսի ու քաղաքական դիրքի է որոշում։ Դա բնավ չի նշանակում, թե բոլորը պարտադիր պետք է իրար միանան։ Յուրաքանչյուր քայլ պետք է բերի արդյունքի ոչ միայն բարոյահոգեբանական առումով, այլեւ խնդիրների լուծման, մենք եղել ենք, կանք ու կմնանք ուժ, որը խնդիրների հնչեցման եւ հանգուցալուծման բանաձեւ է ներկայացնում․․․ Մեր ներկայացրած որոշ լուծումներ իշխանություններն արդեն օգտագործում են։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ից հետո առաջինը մենք կանխատեսեցինք, որ թուրք-ադրբեջանական զորքերը փորձելու են ներխուժել Հայաստանի տարածք, եւ այն ժամանակ Ծառուկյանը հայտարարեց, որ պետք է մեր ռազմավարական գործընկերոջ հետ անհապաղ պայմանավորվենք եւ ՀՀ սահմանների երկայնքով խաղաղապահներ տեղակայենք։ Այն ժամանակ կատաղի քննադատություն սկսվեց մեր դեմ, բայց արի ու տես, որ սա միակ տարբերակն էր՝ էքսպանսիան կանգնեցնելու։