«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել գործադուլը

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել գործադուլը

Շուրջ 40 վարորդներ փակել են դեպի Սոթքի հանք տանող ճանապարհը, ինչպես նաև Սոթք-Արարատ երկաթուղու ճյուղը, որով  հանքից հանքաքարը տեղափոխվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա։ Նրանք գործատուից պահանջում են աշխատանքի դիմաց գործարքային-բոնուսային վճարման ձևը  փոխել ֆիքսված աշխատավարձով։ 

Ընկերության ղեկավարությունը հանդիպում է անցկացրել գործադուլավորների հետ և առաջարկել է գործադուլը դադարեցնել, վերադառնալ աշխատանքի և ընկերության տնտեսական և վարչական հնարավորությունների շրջանակում քննարկել նրանց բողոքն ու պահանջը: Սակայն աշխատակիցները չհամաձայնվելով փոխզիջմանը,  ղեկավարությանը վերջնագիր ներկայացրեցին` ֆիքսել աշխատավարձերը (Net) 500,000 դրամի չափով անկախ  աշխատանքի ծավալներից ։

Հարկ է նշել, որ ընկերության կանոնակարգի համաձայն կիրառվում է մասնակի բոնուսային համակարգ։  Վարորդը, ֆիքսված աշխատավարձից բացի, բոնուսը  ստանում է ըստ իրականացված փոխադրումների ծավալի՝   (տոննա / կիլոմետր) հարաբերակցությամբ: Այս կապակցությամբ ընկերությունն անհրաժեշտ է համարում տրամադրել իր բացատրությունները.
1. Գործատուի կողմից չորս ամիս աշխատավարձերը չվճարելու վերաբերյալ աշխատողների բողոքները հիմնավորված չեն: Ընկերությունն աշխատողների աշխատավարձերի վճարման  պարտք  չունի: 
2. Յուրաքանչյուր աշխատող ֆիքսված աշխատավարձին գումարած ստանում է գործարքային-բոնուսային աշխատավարձ՝ փաստացի իրականացված ծավալներին համապատասխան։
Ընկերության ղեկավարությունը կոչ է անում դադարեցնել չարտոնված գործադուլը և կառուցողական երկխոսության շրջանակներում քննարկել իրավիճակի կարգավորման ուղիները:
 Հետագա պարապուրդի դեպքում, արտադրության կաթվածի պատճառով ընկերությունը ստիպված կլինի դադարեցնել արտադրական գործունեությունը Սոթքում և Արարատի ֆաբրիկայում և ամբողջ աշխատակազմին ուղարկել չվճարվող պարապուրդի:

Սոթքի հանքի վարորդների գործողությունները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և էական վնաս են հասցնում ընկերության արտադրական գործընթացին, ստրատեգիական գործընկեր-փոխադրող «Հարավ-կովկասյան երկաթուղուն», որը Սոթքից հանքաքարը տեղափոխում է Արարատ, աշխատողներին, տեղի համայնքներին և ՀՀ պետական ​​բյուջեին: 

Ընկերության ղեկավարությունը նախազգուշացնում է, որ ապօրինի գործադուլի նախաձեռնողները պատասխանատվության կենթարկվեն ՀՀ աշխատանքային օրենսդրության, աշխատանքային պայմանագրերի, և այլ նորմատիվ ակտերի շրջանակում:

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը շահագործում է Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան: Ընկերությունը խոշոր գործատու է ՝ ապահովելով 1200 աշխատատեղ Գեղարքունիքի և Արարատի մարզերում: Ընկերության ներդրումները գերազանցում են 350 միլիոն դոլարը։