Էսօր իրենք են, վաղը կարող է մեկ ուրիշը լինել

Էսօր իրենք են, վաղը կարող է մեկ ուրիշը լինել

Նարեկ Մալյանին մի խումբ դիմակավորվածներ երեկ «ասֆալտին փռելով»՝ բերման ենթարկեցին։ Հետո 5 ՀՀ քաղաքացի՝ քաղակտիվիստներ, կուսակցականներ («Ադեկվադ» կուսակցությունից) շտապեցին ոստիկանություն, իսկ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններից ու քաղաքացիական հասարակությունից որեւէ ներկայուցուցիչ չկար ոստիկանության մոտ։ Հետագայում պարզվեց, որ դիմակավորված անձանց կողմից բերման ենթարկված Նարեկ Մալյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ Արթուր Դանիելյանն էլ ոստիկանություն մտնելուց հետո դուրս է եկել վնասվածքներով։ Այն իրավապաշտպանները, ում Նարեկ Մալյանն անվանում է «Սորոսի վաստակներ», եւ ովքեր «Բաց հասարակության հիմնադրամը» նրանցից պաշտպանում էին՝ գրասենյակի դիմաց նարդի խաղալով, խոսքը, մասնավորապես, Արթուր Սաքունցի եւ Լեւոն Բարսեղյանի մասին է, այնտեղ չէին։ Սակայն այդ իրավապաշտպանները տասնյակ տարիներ դրամաշնորհներ են ստացել Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանելու համար, բայց պաշտպանել են համախոհների իրավունքները՝ իրենց քաղաքական, նախկին եւ ներկա հակառակորդների իրավունքների, ում «վատ» մարդիկ են համարում, նրանց իրավունքները պաշտպանել չեն ուզում։ Փաստորեն, Հայաստանում իրավապաշտպանները դռները փակել, գնացել են տուն` համարելով, որ իրենց առաքելությունն իշխանափոխության հետ ավարտվել է։ 

Այս երկակի ստանդարտների մասին երեկ գրել էր Փաշինյանի թիմի միակ սկզբունքային մարդը՝պատգամավոր Էդգար Առաքելյանը, ում ստիպեցին մանդատը վայր դնել․ «Ես մարդու իրավունքներ ասվածը շատ պարզ եմ հասկանում՝ դա բոլորի համար է ու առանց կրկնակի ստանդարտների, անկախ նրանից, թե իմ, վարչապետի կամ մեկ ուրիշի քիմքին տվյալ անձը գալիս է կամ չի գալիս։ Եթե որեւէ քրեական հոդված առերեւույթ չի խախտել, բայց ենթարկվում է հետապնդման, անհամաչափ ուժի կիրառման, ազատության սահմանափակման, դա ինքնին արդեն քաղաքական է, ոտնահարում է մարդու իրավունքներն ու դատապարտելի է։ Ինչը եւ հիմա այս գրառմամբ անում եմ, չնայած բոլորին էլ պարզ է, թե տվյալ անձանց ինչպես եմ վերաբերվում։ Էսօր իրենք են, վաղը կարող է մեկ ուրիշը լինել։ Ժողովրդավարության կառուցման երկարուձիգ ճանապարհին ամենակարեւորը սկզբունքներին չդավաճանելն է։ Ձեզ էլ եմ հորդորում այդպես վարվել»։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համամիտ է։ «Եվ կարեւոր չէ, թե ում նկատմամբ է, եթե բռնություն է, սա իմ համար անընդունելի է, եւ իրավապաշտպանները պետք է պաշտպանեն յուրաքանչյուրի իրավունքները, ուզում է լինի ընդդիմադիր, թե դիմադիր, որովհետեւ մարդու պաշտպանությունը մի բան է, որ դու պետք է կանգնես քաղաքացու կողքին, երբ խախտված է նրա իրավունքը»։

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադառնալով  միջադեպին` նշել է՝ հայկական բանակի տոնը մթագնեց վարչապետին կից ոստիկանության կողմից «ուժի ցուցադրմամբ»՝ անձանց «ասֆալտին փռելով», ձեռքերը ոլորելով, ձեռնաշղթաներ հագցնելով և նույնիսկ․․․ հայհոյելով։ Իշխանյանը չի կարծում, որ ոստիկանությունը չէր հասկանում, որ թունդ ընդդիմադիր գործիչները, ովքեր գիտակցում են, որ իրենց քայլերը իրավապահ մարմինների ամենօրյա հսկողության տակ են, իրենց մոտ զենք կամ թմրանյութ կպահեին։ Ուստի, ի՞նչ նպատակ էր հետապնդում այսօրվա ոստիկանության, ներեցեք, նրան հրահանգողի «հերոսական պահվածքը», ահաբեկու՞մ, սաստու՞մ, թե՞․․․ Իշխանյանը եզրակացրել է․<Եթե ոմանք դեռևս «հավատում» են, որ ոստիկանությունը գործել է առանց «վերևից» ցուցումի, ինքնուրույն, ապա վարչապետը պետք է պատժի «ինքնագործունեությամբ» զբաղվող ոստիկաններին»։

Խոսեցինք նաեւ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ, ով այսօրվա դեպքերը գնահատելով՝ ասաց․ «Համարում եմ, որ դրանք իշխանությունների կողմից միանգամյա ապարդյուն եւ անարդյունավետ քայլեր են, եւ դա կոպիտ ոտնահարում է ժողովրդավարական նորմերը, գոնե պետությունը կայացնելու ճանապարհին՝ երկրի համար։ Եվ սա առավել զարմանալի է այն լուրի ֆոնին, որ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ապիտոնյանը ՄԱԿ-ում զեկուցել է, որ ինչքան լավ է մեզ մոտ ամեն ինչ։ Այդ խայտառակ հակասությունները՝ իրողության եւ մեկնաբանության, պատիվ չիեն բերում մեզ»։

Ինչ վերաբերում է հարցին՝ իսկ իրավապաշտպաննե՞րը՝ ի՞նչ է սա նրանց կողմից՝ սաբոտա՞ժ, ապա տիկին Ալավերդյանն ասում է․ «Գիտեք, երբ ասում են՝ քաղաքացիական հասարակությունը տապալված է կամ ծախված, ես համաձայն չեմ։ Ուղղակի, այն մասը քաղաքացիական հասարակության, որը 6, 7, 10 տարի առաջ քաղաքականացված մի ուղի էր բռնել, դրանք՝ այո, դրանց հանդեպ կարելի է․․․ բայց մենք էլ ամեն օր լսում ենք քաղաքացիական հասարակության նոր ներկայացուցիչների ձայնը, նույն՝ Մեդիամոնիտորինգը, Ալտերնատիվ խումբը, ես էլ չեմ լռում, ես քաղաքացիական հասարակության անդամ չե՞մ․․․ Ուղղակի լրատվամիջոցները պետք է ֆիքսեն, որ քաղաքացիական հասարակության մի մասն ամբողջովին հրաժարվել է իր կարեւորագույն նպատակից։ Դա ո՞րն է․ իրավապաշտպան կազմակերպությունները պետք է պայքարեն բացասական երեւույթների, այլ ոչ միայն անձերի, եւ հիմա պարզվում է, որ այդ մասը, չեմ ուզում անուններ տալ, նրանք ուղղակի պայքարել են անձանց դեմ եւ նաեւ՝ քաղաքական ուժի ու քաղաքական ուժի ղեկավարների դեմ»։
ՀՀ առաջին ՄԻՊ-ն ընդգծում է՝ եւ սա այն դեպքում, երբ այդ երեւույթները, որոնց դեմ նախկինում իբրեւ թե պայքարել են իրավապաշտպանները, հիմա շատ ավելի կոպիտ ու գռեհիկ են զարգանում։ Նա նկատեց, որ չնայած այս ամենին, իր լավատեսությունը չի նահանջում, եւ այս իրավիճակն էլ մի օր կանցնի, մեր հասարակությունը կհաղթահարի։ Մանավանդ, որ նրանց փոխարինում են նորերը՝ իրավաբաններ, իրավապաշտպաններ, լրագրողներ, ակտիվիստներ, որոնց բողոքի ձայնով էլ լցված են լրատվականները։
Ի դեպ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը ոստիկանությունում չէր միայն մի պատճառով՝ հիվանդ է, գրիպի բարդություններ ունի, բայց ասաց, որ հոգով, սրտով այնտեղ է։