Իոաննիսյանի լռությունը

Իոաննիսյանի լռությունը

Արցախում ազատ, արդար, մրցակցային ընտրությունների ջատագով «Իրազեկ քաղաքացիների միություն» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը չանդրադարձավ օրերս Արցախի Մարտունու քաղաքապետի ընտրությանը: Բանն այն է, որ նախկին քաղաքապետը հրաժարական էր տվել նախագահական ընտրությունների քարոզարշավին տեղի ունեցած միջադեպի պատճառով, իսկ Դանիել Իոաննիսյանը երեւույթը ներկայացրել էր որպես «վարչական ռեսուրսի գործադրում» եւ նույնիսկ պահանջել քրեական գործ հարուցել: Այս համատեքստում շատ բնական կլիներ, եթե Դանիել Իոննիսյանը հետեւեր Մարտունու քաղաքապետի արտահերթ ընտրություններին: Ճիշտ է, համավարակի վտանգով պայմանավորված՝ այսօր իրավիճակը մի փոքր այլ է, բայց Իոաննսիյանը ցանկության դեպքում կարող էր ներգրավել արցախյան իր գործընկերներին, մշտադիտարկել քարոզարշավը եւ բուն քվեարկության ընթացքը: Ոչինչ չի արվել:

Պատճառն, ամենայն հավանականությամբ, այն է, որ «թեժ թեմա» չի եղել եւ չի հաջողվել ստեղծել հարմար առիթ: Քարոզարշավի մեկնարկին քաղաքապետի բոլոր թեկնածուները հրապարակային ուխտ են արել, որ մրցակցելու են ոչ թե անձինք, այլ՝ նրանց ներկայացրած ծրագրերը, բացառվելու է սեւ հակաքարոզչությունը, խստորեն պահպանվելու են քաղաքական էթիկայի կանոնները: Ամեն ինչ ընթացել է՝ ինչպես պայմանավորվել են թեկնածուները: Քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել քաղաքապետի գործող տեղակալը: Մյուս թեկնածուները շնորհավորել են նրան արդար մրցակցության մեջ տարած տպավորիչ հաղթանակի առթիվ:

Այնպես՝ ինչպես քաղաքակիրթ աշխարհում է ընդունված: Արցախյան ընտրություններում իրեն վստահելի փորձագետ համարող Դանիել Իոաննիսյանը, որ համագործակցում է միջազգային կառույցների հետ, կարո՞ղ էր Մարտունու քաղաքապետի ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունների առթիվ հանդես գալ հայտարարությամբ: Կարո՞ղ էր մարտունեցիներին շնորհավորել քաղաքապետ ընտրելու առթիվ: Կարո՞ղ էր արցախյան մի քաղաքում համայնքի ղեկավարի մրցակցային ընտրությունը ներկայացնել որպես ժողովրդավարական ինքնակառավարման օրինակ՝ ի հակակշիռ Ադրբեջանի, որտեղ ամենահետին գյուղում գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչ է նշանակվում կառավարության կողմից: Կարող էր, բայց դրա համար պետք է հայրենասեր լինել ոչ թե խոսքով, այլ՝ գործով: Մի բան, որ, ցավոք, Դանիել Իոաննիսյանին շատ է պակասում: