Միֆը համահայկական ներուժն է

Միֆը համահայկական ներուժն է


«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին հանգանակվել է մոտ 10 միլիոն դոլար: Հատկանշական երկու թիվ. 1,5 միլիոն դոլար նվիրաբերել է «Տաշիր» ընկերությունը, մոտ այդքան, բայց հայկական դրամով՝ Արցախի Ազգային ժողովը: Հայաստանում չգիտեմ, բայց Արցախում բոլոր պետական հաստատությունները պարտադիր հանգանակումներ անում են: Եվ եթե փորձենք պարզել 10 միլիոն դոլարի «բաղադրությունը»՝ ըստ նվիրատուների, ապա, երեւի, բավականին տխուր պատկեր կունենանք: Դա է, հավանաբար, լրատվամիջոցներից մեկի մեկնաբանին մղել ենթադրության, որ խնդիրը ոչ այնքան Հայաստանի, որքան Սփյուռքի «լեգիտիմությունն» է, միասնական-համազգային կառույցի բացակայությունը, եւ եզրահանգել. «Գործնականում մենք բախվում ենք արժեհամակարգային, հոգեբանական լրջագույն երեւույթների հետ, որոնք թույլ չեն տալիս բացել հայկական ներուժը»:  

Մեկ դարից ավելի է՝ մեզանում հայկական ներուժը բացելու փորձեր արվում են: Մեկ այն կոչվել է «Փոթորիկ» գործողություն, երբ կովկասահայ բուրժուազիայից ստիպողաբար գումարներ էին հանգանակում, մերթ ավելի մեղմ տարբերակ է ընտրվել՝ «մի հայ՝ մի ոսկի» կարգախոսով: Արդյունքները տպավորիչ չէին: Հայ մեծահարուստը գերադասեց կապիտալը տեղափոխել եվրոպական բանկեր, իրեն ապահովագրեց Փարիզ արտագաղթելով, որտեղ նրան չէր հասնում «յեղափոխական» վրեժխնդրության ձեռքը: Անկախ պետականության հաստատման արշալույսից, ղարաբաղյան պատերազմի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծումը պարտադրված որոշում էր, երբ հանգանակված 10 միլիոն դոլարը, իրոք, կարող էր սկզբունքային հարց լուծել: Ասենք՝ ցրտից փրկել աղետի գոտու բնակչությանը կամ դիզվառելիքի որոշակի քանակ ապահովել Արցախի ինքնապաշտպանական ուժերի համար: 

Բայց հիմնադրամն այդպես էլ համահայկական չդարձավ: Եվ Սփյուռքը համախմբելու, ինչ-որ ինստիտուցիոնալ մարմնի «կարգադրության» տակ բերելու, այդպիսով համահայկական ներուժը բացելու գաղափարը միայն արտաքուստ է թվում գրավիչ-իրականանալի:
Պատճառները բազմաթիվ են, բայց երկու հանգամանք պետք է առանձնացվի: Նախ՝ Սփյուռքը միասնական չէ քաղաքականապես: Ամերիկահային եւ պարսկահային անհնար է բերել ընդհանուր համաձայնության: Երկրորդ․ նույն ամերիկահայությունը, պարսկահայությունը, ֆրանսահայությունը միասնական-ամբողջական չեն, բաղկացած են տարբեր համայնքներից, որոնց մի մասը, օրինակ, էջմիածնական է, մյուսը՝ անթիլիասական, մեկը լուսավորչական է, մյուսը՝ կաթոլիկ, դաշնակցական է, հնչակյան, ռամկավար: Դա Սփյուռքի կենսակերպն է՝ եկեղեցու, բարեգործական կառույցների, դպրոցների, մամուլի շուրջ նեղ համախմբվածությունը, որից ածանցվում է հայրենասիրության մասին հատվածական պատկերացումների եւ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի բարդ խճանկար: Ավելացրած՝ որ Սփյուռքի հնարավորությունները սահմանափակվում են այնքանով, որքանով թույլ է տալիս քաղաքական միջավայրը: Կա նաեւ հոգեբանական գործոն: Սփյուռքահայն ինչ ունի՝ ձեռք է բերվել մի քանի սերնդի տառապալի աշխատանքով, տքնանքով, արյուն-քրտինքով: Եվ ինչո՞ւ պիտի նա վասն Հայաստանի զոհաբերի ունեցածի թեկուզ ամենափոքր մասը: Իսկ եթե վաղն ինքը հայտնվի մրցակցությունից դուրս եւ սնանկանա, ի՞նչ է անելու Հայաստանն իր համար: Պետությունը կարող էր համաձայնության գալ սեփական բիզնես-էլիտայի հետ. անցյալը չենք փորփրում, հայտարարվում է տնտեսական համաներում: Պայմանով, որ կուտակածի մի մասը, դիցուք՝ քառորդը, տրամադրվում է երկրի կարիքներին: Գուցե դա շարժի նաեւ Սփյո՞ւռքը: