Ես գլուխս բարձր շարունակելու եմ ապրել և շրջել Երևանի փողոցներում․ Վանեցյան (տեսանյութ)

Ես գլուխս բարձր շարունակելու եմ ապրել և շրջել Երևանի փողոցներում․ Վանեցյան (տեսանյութ)

ԱԱԾ տնօրնեի պաշտոնից երեկ հրաժարական ներկայացրած Արթուր Վանեցյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ով է գրել իր հրաժարականի տեքստը, քանզի կասկածներ կային, որ ինքը չի գրել։ Մասնավորապես` վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, երեկ, ի պատասխան Վանեցյանի հայտարարության, ասել էր․ «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն» 

Ի պատասխան՝ Արթուր Վանեցյանն այսօր ասաց․ «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել է իմ օգնական Արմեն Դավթյանի կողմից։ Այսինքն՝ մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա»։

Hraparak.am-ի հարցին, թե այս ընթացքում վարչապետի հետ ի՞նչ հարաբերություններ են եղել, արդյոք լարվածություն եղե՞լ է, Վանեցյանն ասաց․ «Եղել են շատ լավ հարաբերություններ, մենք աշխատել ենք շատ լավ»։

Իսկ թե ով կփոխարինի իրեն այս պաշտոնում, Վանեցյանն ասաց․ «Ում կորոշի վարչապետը, նա էլ կզբաղեցնի ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Դա մեր երկրի առանցքային պաշտոններից մեկն է, որը պատասխանատու է երկրի ներքին և արտաքին անվտանգության համար։ Եվ ես, ով էլ լինի ԱԱԾ տնօրեն, մաղթում եմ նրան հաջողություններ այդ դժվար աշխատանքում, և եթե մի օր անհրաժեշտ լինի իմ օգնությունը այդ անձին, ես մեծ պատրաստակամությամբ կօգնեմ»։

Նա նաև դիմեց այն անձանց, որոնք ցավում են իր հրաժարականի համար։ «Ես ուզում եմ դիմել նաև մեր հայրենակիցներին, այն մարդկանց, որոնք ցավում են իմ հրաժարականի հետ կապված։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ կարծիքների համար։ Ես այս մեկուկես տարիների ընթացքում, և, առհասարակ, Ազգային անվտանգության ծառայության 20 տարուց ավելի ստաժում միշտ գործել եմ խղճով, միշտ արել եմ այնպիսի գործեր, որ երբեք չամաչեմ քայլել Երևանի փողոցներում։ Ես չեմ արել մի բան, որից ամաչում եմ, ես գլուխս բարձր և պատվով շարունակելու եմ ապրել մեր քաղաքում և շրջել Երևանի փողոցներում»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։