Նիկոլ Փաշինյան. անցյալից դասեր քաղածը

Նիկոլ Փաշինյան. անցյալից դասեր քաղածը

Մի նեղացեք Նիկոլ Փաշինյանից՝ նա ձեր դեմ պայքարում է այնպես, ինչպես կարողանում է։ Ի՞նչ է տեսել նա իր ողջ գիտակցական կյանքում՝ ցույցեր, փողոցային պայքար, հուսահատ ճիգեր՝ իշխանություններին ինչ-որ բան հասկացնելու ու երկրում ինչ-որ բան փոխելու, եւ դրա դեմ ուղղված կատաղի պայքար՝ իշխանությունների կողմից։ Ընդ որում, նախկինները միջոցների մեջ խտրականություն չեն դրել՝ բանտեր ու քրեական գործեր, ոստիկանական մահակներ ու բերման ենթարկել, ջրցան մեքենաներ ու մարտական զենքի կիրառում փողոց ելած մարդկանց դեմ։ Եվ Նիկոլ Փաշինյանն ինչ տեսել է` սովորել է ու հիմա պատրաստ է գիտելիքների այդ ամբողջ արսենալը կիրառել։ Ճիշտ է՝ նա այն ժամանակ բարիկադի հակառակ կողմում էր․ Ազատության հրապարակում երկարաժամկետ ու հուսահատ ակցիաներ էր անում, հետո մարդկանց կոչ էր անում Շահումյանի արձանի մոտ հավաքվել եւ դիմադրություն ցույց տալ ոստիկաններին, ապա հայտնվեց ընդհատակում ու բանտում։ Ինչ ասես՝ տեսավ մինչեւ 2018 թվականը եւ իր տեսածից, լսածից, զգացածից խելացի հետեւություններ արեց:

Հասկացավ, որ ոստիկանների դեմ ոչ թե քարով ու արմատուրայով է պետք պայքարել, այլ վեր պարզած ձեռքերով, որ ոչ թե միայնակ կամ 100 հոգով պետք է անհեռանկար ցույցեր անել, այլ տարբեր անձանց ու կազմակերպությունների ներգրավել շարժմանը, շահագրգիռ բոլոր անձանց ու օղակներին մոբիլիզացնել եւ գործողությունների ու քայլերի ճիշտ բաշխում կատարել թիմակիցների շրջանում։ Իհարկե, դրանից զատ պետք է բախտավոր աստղի տակ ծնված լինես, եւ բոլորի շահերն էլ մեկտեղվեն մի կետում, ու կարողանաս հմտորեն օգտագործել պահը, չխորշել նախկին պարտնյորներիդ «քցելուց», խոստումներդ դրժելուց։

Բայց որպես հաջողակ հեղափոխական՝ Նիկոլ Փաշինյանը նաեւ շատ լավ գիտի հեղափոխությունները ճնշելու եղանակները եւ հեղափոխականների խոցելի տեղերը։ Եվ ոչ մի թիթիզության հետեւից չի ընկնում՝ ի՜նչ դեմոկրատիա, ի՜նչ սահմանադրություն, ի՜նչ մարդու իրավունքներ։ Այդ բոլոր պուպուշ տերմինները եվրոպացի «լոխերի» համար են, որ իր տված «կտերն» ուտեն եւ աջակցեն իրեն, որ մնա աթոռին։ Եվրոպացիները, իհարկե, տեսնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում` արձանագրում են ե՛ւ մարդու իրավունքների, ե՛ւ դեմոկրատական կանոնների ոտնահարումները, բայց նրանց այսօր ոչ թե ժողովրդավարական Հայաստան է պետք, այլ հնազանդ ու խաղաղասեր, թուրքի ու ադրբեջանցու հետ եղբայրացած, սահմանները բոլորի առաջ բացած եւ, ամենակարեւորը՝ ռուսական ազդեցությունից ազատված։ Եվ նրանք այս սցենարն իրականացնելու իրենց միակ հույսը կապում են Նիկոլ Փաշինյանի հետ։

Պարզ է, որ այսօրվա ընդդիմությունից եւ նախկին իշխանություններից ոչ ոք չի աջակցելու եվրոպական այս ծրագրին: Այն վտանգելու է ոչ միայն մեր երկրի ինքնիշխանությունը եւ ոչնչացնելու է ազգային ու հայկական ամեն ինչ, այլեւ վտանգելու է մեր պետականությունն առհասարակ: Նոր պատերազմի վտանգ է կախելու մեր գլխին, իսկ լավագույն դեպքում դանդաղ ուծացման հեռանկար է բացելու: Դա մեզ հիմնովին տարանջատելու է Արցախից ու Արցախի հարցից եւ արցախցի-հայաստանցի պառակտումն է մեծացնելու: Գուցե այս ծրագիրը տնտեսական ինչ-որ բարեկեցություն բերի, բայց այս ճանապարհով գնացած Վրաստանը մեր աչքի առաջ է, եւ Բաթումիով հիացող հայերը կարող են ակնառու համոզվել, թե ինչպես է թուրքական կապիտալն առանց կռվի տարածքներ նվաճում: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանն այսօր բոլորին ձեռնտու է, բացի հայ ժողովրդից: