Եղբայրը`շիշ բռնող, ինքը`շիշ շպրտող (տեսանյութ)

Եղբայրը`շիշ բռնող, ինքը`շիշ շպրտող (տեսանյութ)

Հայաստանում վարչապետի օգնական աշխատող Նաիրի Սարգսյանը, որը ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրն է, գրանցվել է Tik-Tok-ում և դարձել «տիկտոկեր»։ Նա տարբեր «դաստիարակչական» բնույթի տեսանյութեր է նկարում իր մասնակցությամբ ու տեղադրում Tik-Tok-ում, որով, ինչպես հասկացանք, փորձում է կրթել մարդկանց։ Տեսանյութերից մեկում, օրինակ, որը նա վերնագրել  է այսպես՝ «Սիրենք մեր երկիրը», Նաիրի Սարգսյանը փորձում է հեգնանքի միջոցով ցույց տալ, որ չի կարելի շիշ շպրտել մեքենայի պատուհանից։ Եվ դա նա անում է հակառակ օրինակով՝ շիշը պատուհանից շպրտելով և ցույց տալով, թե ինչպես կարելի է վարվել շշի հետ, որը քեզ այլևս պետք չէ։

«Ուրեմն, տեսեք՝ ինչ ենք անում, բացում ենք պատուհանը և ամբողջ ուժով շիշը շպրտում ենք դուրս և փակում ենք պատուհանը։ Այսքան բան, կարող եք շատ հեշտ բոլորդ կիրառել, կապ չունի՝ էդ պահին քաղաքի որ մասում եք գտնվում, ցանկացած պահի, երբ շիշը ձեզ այլևս անհրաժեշտ չի, կարող ենք ամբողջ ուժով շպրտել դուրս»,-ասում է նա իր տիկտոկյան տեսանյութում։

Նաիրի Սարգսյանը երևի հույս ունի, որ իրենց ընտրած հպարտ քաղաքացիները կհասկանան իր հեգնանքը ու ոչ թե «կդաստիարակվեն» իր տեսանյութով և այլևս շիշ չեն շպրտի պատուհանից, այլ հակառակը՝ լուրջ կընդունեն իր ասածներն ու, հետևելով իր օրինակին, այդուհետ իրենց ձեռքի շիշն ավելի մեծ ինտենսիվությամբ կնետեն դուրս՝ աղտոտելով բնությունը։

Ի դեպ, այս ընտանիքում, ինչպես հասկանում ենք, շիշը մեծ դեր ունի։ Նրանց կյանքը ամեն հարցով կապվում է շշի հետ։ Մի եղբայրը 2018-ի իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի ջրի շիշն էր բռնում, ինչից էլ վաստակեց «Շիշ բռնող» մականունը, իսկ մյուս եղբայրը հառակակը՝ շիշը բռնելու փոխարեն սովորեցնում է՝ ինչպես այն շպրտել։

Մանրամասն՝ տեսանյութում