Ի՞նչ դիմագիծ ունի Քաղաքացու օր կոչված երեւույթը

«Քաղաքացու օր» կոչված անհեթեթության կապակցությամբ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն ուղերձ է հղել հայաստանցիներին: «Սիրելի ժողովրդին, ՀՀ սիրելի քաղաքացիներին» ուղղված բավական ծավալուն ուղերձը սովորականի նման լի է բազմաթիվ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով:
Սկսենք հենց սկզբից: Հայաստանի ժողովրդի և ՀՀ քաղաքացիների առումով «սիրելի» դիմելաձև օգտագործելն ընդամենը օդի տատանում է: Որովհետև եթե այն լիներ իրական, ապա փողոց դուրս եկած դրա հեղինակն իրեն չէր շրջապատի նվազագույնը մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուր թիկնապահներով: Այդպիսի բան լինել ուղղակի չի կարող, քանի որ մարդկանց ինչ-որ խմբին սիրելու դեպքում անբնական երևույթ է հանուն սեփական անվտանգության նրանցից անվտանգության ուժերով կամովի անջրպետվելը: Իսկ եթե դա տեղի է ունենում, ապա դա ոչ թե սիրո, այլ թշնամության դրսևորում է:
Այժմ ուղերձից հատվածներ մեջբերելով՝ տանք համապատասխան մեկնաբանություններ: Առաջին. «Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում...»։
Պնդումը կեղծ է: Ժողովրդավարության տեսակետից ընդունված է համարել, որ քաղաքացիներն ընտրում են այս կամ այն քաղաքական ուժին՝ ելնելով նրանց ծրագրային դրույթներից (կամ խոստումներից): Ու այդ պատճառով էլ ընտրությունների շեմին՝ լինեն դրանք համապետական կամ նույնիսկ տեղական ինքնակառավարման, քաղաքական ուժերը մշակում և հրապարակում են իրենց ծրագրերը: 2021-ի Ազգային ժողովի ընտրության քարոզարշավի շեմին հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրային համարյա բոլոր խոստումները չեն իրագործվել: Դա նշանակում է, որ կուսակցությունը տապալել է Հայաստանի քաղաքացիներին ուղղված իր խոստումների իրականացումը: Եվ այդ հանգամանքը բավարար է, որպեսզի կոնկրետ խոստումների հիման վրա ընտրված կառավարությունը խոստովաներ իր տապալումն ու հրաժարական ներկայացներ, արձակվեր նաև Ազգային ժողովն ու կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչը տեղի չի ունեցել:
Երկրորդ. «Արդեն 7 տարի սա անառարկելի իրողություն է Հայաստանի Հանրապետությունում, որովհետև բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձևավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում»։
Պնդումը սուտ է: Եթե տեղական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր որևէ ուժ, ապա կա՛մ դրա ղեկավարը հայտնվում է ճաղերի հետևում (Վանաձորի ավագանու ընտրությունը մեզ օրինակ) կա՛մ էլ գործող իշխանությունը նրան ստիպում է «կոալիցվել» իր հետ, իսկ հետո հեռացնում է՝ քրեական գործ կարելով կամ առանց դրա (ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, Գյումրիում): Իսկ քրգործ կարելու մեխանիզմն ավելի քան պարզ է. Հենց այդ պահերին իշխանությունները «հանկարծ» հիշում են, որ տվյալ ղեկավարը նախկինում խնդիրներ է ունեցել օրենսդրության հետ: Կարևոր չի, դա այդպես է եղել, թե ոչ: Կարևոր չի, դա լուրջ խնդիր է եղել, թե ոչ: Կարևորը ժողովրդի հաղթանակը նույն այդ ժողովրդից խլելն է: Իսկ մնացածը, ինչպես ասվում է, տեխնիկայի հարց է:
Երրորդ. «2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում ոչ միայն որևէ մակարդակի ընտրություն չի կեղծվել, այլև մոռացվել է նունիսկ երբևէ Հայաստանում նման երևույթի գոյություն ունեցած լինելու փաստը»։
Պնդումը կեղծ է: 2021 թվականի ընտրությունների առումով բազմաթիվ կեղծիքների հարցով ընդդիմությունը դիմեց Սահմանադրական դատարան (ՍԴ): Ուրիշ հարց, որ այդ դատարանում արդարության չեն հասնում: Իսկ ուրիշ ի՞նչ որոշում պետք է կայացներ պետական այդ կառույցը: Եվ իզուր չէր, որ 2018-ի իշխանափոխությունից հետո այն ուժգին «թարմացվել» էր հենց այդ նպատակով: Ի դեպ, այդ դատարանն ընտրությունների առումով է մեկ անգամ կիսաարդար ու կիսախիզախ որոշում կայացրել ու հետո հետ է կանգնել հենց իր որոշումից: Դա 2003 թվականի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո մեկ տարի անց վստահության հանրաքվե անցկացնելու որոշումն էր, ինչը կյանքի չկոչվեց: Չնայած հենց այդ հանգամանքը բավարար է, որպեսզի այդ տարիների ՍԴ-ն ավելի բարձր գնահատվի, քան նիկոլական «ժողովրդավարության բաստիոնի» օրոք գործողը:
Չորրորդ. «Սա շնորհավորելու մեծագույն առիթ է։ Մեր Կառավարությունը ժողովրդի ազատ կամարտահայտման երաշխավորն է, բայց նաև ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ պիտի պաշտպանի իր ազատ կամարտահայտվելու իրավունքը, ու սա չափազանց կարևոր է»։
Պնդումը միաժամանակ թե՛ սուտ է և թե՛ մանիպոլյատիվ. հիմնավորումը ներկայացված է հոդվածի նախորդ (ինչպես նաև հաջորդ) հատվածներում:
Հինգերորդ. «Այս տոնը Քաղաքացու ազատության մասին է, և Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատ է․ հավաքների, խոսքի, մամուլի ազատությունը երաշխավորված են 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո...»:
Պնդումը կեղծ է: Բավական է հիշել, թե ինչ տեղի ունեցավ 2024 թ.-ի հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտակայքում, որպեսզի պատռվի իշխանության դիմակը: Ինչ մնում է այս պնդման շարունակությանը՝ «(քաղաքացին ազատ է) այն աստիճան, որ շատ քաղաքացիներ դա համարում են սպառնալիք իրենց ազատությանը», ապա այն բացարձակ մանիպուլյատիվ է։ Լուսաձայնային նռնակներից տուժած, ոստիկանական մահակներից, նրանց ոտքերից ու բռունցքներից հարված ստացած քաղաքացիները կարող են վկայել (առկա են բազմաթիվ տեսանյութեր), թե իրականում որքան ազատ են ՀՀ երբեմնի «հպարտ» քաղաքացիները:
Վեցերորդ. «Քաղաքացու օրը բարեկեցության մասին է և 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43․5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4․2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել, հանգամանքներ, որ երկրում բարեկեցության ցուցիչի առաջնային գործոն են, այն բարեկեցության, որ հիմնված է օրինական և ստեղծագործ աշխատանքի վրա»։
Պնդումն ամբողջովին կեղծ է: ՀՆԱ-ի (տնտեսության) աճը տեղի է ունեցել ոչ թե «Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» շնորհիվ, այլ, նախ, պետական ներքին ու արտաքին պարտքի ավելացման և ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով մեր երկիրը որպես ապրանքների ներմուծման ու վերարտահանման հարթակ օգտագործելու շնորհիվ: Ի դեպ, այդպիսի «հարթակ» են հանդիսացել նաև միջինասիական երկրները, Թուրքիան, Վրաստանը և այլն: Ինչ մնում է պետական պարտքի ավելացմանը, ապա դա կառավարման կարողություններից զուրկ՝ ոչ պրոֆեսիոնալ և ապաշնորհ ու կառավարության սովորական գործելաձև է: Իսկ բարեկեցության ցուցիչի ազդեցությունն ամենից ավելի զգում են ինձ նման թոշակառուները. մի քանի տարվա ընթացքում ընդամենը 3000 դրամի ավելացում՝ գումարած շրջանառության ստվերը կրճատելու նպատակով ծախսային 12 տոկոսանոց վերադարձը (քաշբակը):
Յոթերերդ. «Քաղաքացու օրը կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մասին է և 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտներ են ստեղծվել...»:
Պնդումն ամբողջովին մանիպուլյատիվ է: Կոռուպցիայի նկատմամբ իշխանության պայքարն իրականում նախկինների դեմ պայքարի գործիք է, որպեսզի վերջիններս չկարողանան վերադառնալ իշախանության: Սակայն նույն այդ ինստիտուտները, չգիտես ինչու (լավ էլ գիտենք), ոչինչ չեն ձեռնարկել, որպեսզի կանխվեր, օրինակ, մաքսանենգ ծխախոտի առաքումը Ռուսաստան : Եվ ոչ էլ որևէ բան են ձեռնարկել նման խոշոր կոռուպցիոն գործողությունից հետո: Իսկ 40 տոննա ծավալի առումով մաքսանենգություն կազմակերպելը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության գագաթին գտնվող անձի թույլտվության:
Եվ, վերջապես, ութերորդ. «Քաղաքացի-պետություն հարաբերություններում առանցքային փոփոխությունը՝ Հեղափոխությունը, առաջ և հետո հետևյալն է․ Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը»:
Ասվածը բացարձակ կեղծիք է: 2018-ի ապրիլյան իրադարձությունների շնորհիվ տեղի ունեցածը ոչ թե իրական հեղափոխություն էր, երբ վատ, իրենց դարն ապրած համակարգերն իրենց տեղը զիջում են նորին ու առաջադեմին, այլ պարզապես իշխանափոխություն: Որի շնորհիվ հարստությունը խլվում է անձանց ինչ-որ շրջանակից մեկ այլ շրջանակի հանձնելու նպատակով: Դա տեղի է ունենում թե՛, այսպես կոչված, ապօրինի գույքի բռնագանձման և թե՛ պետական պարտքի շնորհիվ իշխանավորներին հատկացվող՝ հայաստանյան մասշտաբով աննորմալ բարձր աշխատավարձերի ու պարգևավճարների տեսքով պետբյուջեի միջոցների փոշիացման ճանապարհով (կան նաև այլ եղանակներ, բայց դա էական չէ): Հայաստանյան քաղաքացին երբեք չի եղել պետության տերը: Եվ այսօր շատ ավելի հեռու է այդ նպատակից, քան եղել է, օրինակ, նախկինների օրոք: Որովհետև նախկինների իշխանությունն իր առջև նման նպատակ չէր դնում, որպեսզի այնուհետև կեղծ դիֆերամբներ արտասանեին իրենց հասցեին: Նրանք խոսոտովանում էին, որ երկիրը գտնվում է անցումային փուլում, ու դանդաղորեն օրինական հիմքերի վրա էին դնում գործընթացները՝ միաժամանակ ապահովելով Արցախի ու Հայաստանի անվտանգությունը: Ինչն այսօր, դժբախտաբար, առկա չէ:
Կարծիքներ