«Նիկոլ» անվան առնչությամբ

«Նիկոլ» անվան առնչությամբ

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը լքել է նիստերի դահլիճը՝ վարչապետ Փաշինյանին անունով դիմելու, ինչպես նաև «կապիտուլյանտ» բառն օգտագործելու համար։ Դա տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով: Առկա է երկու խնդիր՝ քննենք ըստ հերթականության: Նիկոլին անունով դիմում էր ողջ հանրապետությունը, ինչը 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ընթացքում և հետհեղափոխական էյֆորիայի ֆոնին խիստ բնական ու դրական էր ընկալվում: Հետագայում պետք է պարզվեր, թե պահպանվո՞ւմ է, արդյոք, նախնական դրական կերպարը, թե ջրի ճամփան փակած հրեշին սպանող հերոսն իր հերթի՞ն  է վերածվել հրեշի, թե՞ մարդ է մնացել: Պարզվեց, որ վերածվել է հրեշի, այլապես գերդրական «Նիկոլ» հնչյունակապակցությունը չէր վերածվի գերբացասականի: Սա է օբյեկտիվ իրականությունը, Ազգային ժողովի նախագահը փորձում է իրականության դեմ կռիվ տալ վարչական ակտերով: Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, և վաղ թե ուշ նիկոլական իշխանությունը դա կգիտակցի:
Անցնենք երկրորդ՝ «Նիկոլը կապիտուլյա՞նտ է, թե՞ ոչ» խնդրին: Դրան պատասխանել է ֆեյսբուքյան օգտատեր Ստեփան Դանիելյանը՝ գրելով, որ «նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարզ կապիտուլյացիա էր, սակայն անվերապահ կապիտուլյացիայի (unconditional surrender) որոշակի տարրերով»: Նրանք, ովքեր ցանկանում են իմանալ ավելին, կարող են ընթերցել Դանիելյանի գրառումը կամ անցում կատարել համացանցային հանրագիտարանին՝ Վիքիպեդիային: Ինչպես տեսնում ենք, այս հարցը ևս օբյեկտիվ իրականության դրսևորում է, և այս հարցի առումով ևս տեսնում ենք նույն արձագանքը՝ ԱԺ նախագահը փորձում է օբյեկտիվ իրականության դեմ կռիվ տալ վարչական ակտերով:
Եվ եթե «Նիկոլ» հնչյունակապակցության հարցն ընկալման առումով ավելի սուբյեկտիվ բնույթ ունի, ապա այն կլուծվի ընդամենը իշխանափոխությունից հետո: Սակայն որպեսզի վերջնականապես լուծվի երկրորդ հարցը՝ անհրաժեշտ է հրավիրել Ազգային ժողովի քննիչ հանձաժողով: Սակայն ոչ թե ուսապարկային կարգավորմամբ, այլ դրա միջազգային չափանիշների հիման վրա: Ինչը նշանակում է, որ հանձնաժողովը կազմվում է խորհրդարանային ընդդիմության կողմից՝ համապատասխան ղեկավարությամբ: Եվ հենց այդ հանձնաժողովի կողմից վերջնականապես կհստակեցվի ոչ միայն այդ, այլև հարակից բազմաթիվ հարցերը ևս: Զորօրինակ՝ տեղի՞ է ունեցել, թե ոչ, պետական դավաճանություն երկրի ղեկավարի մակարդակով, ինչ աստիճանի բացասական դեր են ունեցել զինված ուժերի կառավարման հարցում ոչ պրոֆեսիոնալիզմը, փնթիությունն ու թափթփվածությունը, ինչ դեր են կատարել այն անձինք, ովքեր իրավունք չեն ունեցել, սակայն մասնակցել են Արցախի Պաշտպանության բանակի ղեկավարության խորհրդակցություններին և այլն, և այլն… Այնպես որ, Նիկոլի կապիտուլյանտ լինելու կամ չլինելու խնդիրը ոչ թե Ազգային ժողովի նախագահի մակարդակում լուծվելիք վարչական խնդիր է, այլ ազգային անվտանգության առաջնահերթ խնդիր, որի լուծման առումով իրական ժողովրդավարությունն այլ մեխանիզմներ է նախատեսում: