Փաշինյանը մի կողմից քննադատում, մյուս կողմից ողջունում է պուտինյան «դիկտատուրան»

Փաշինյանը մի կողմից քննադատում, մյուս կողմից ողջունում է պուտինյան «դիկտատուրան»

Նիկոլ Փաշինյանը չի կողմնորոշվում՝ Պուտինին քծնի՞, թե՞ քննադատի։ Նրա համար դեռ բացահայտված չէ՝ ՌԴ հավերժ նախագահ Վլադիմիր Պուտինը դիկտատո՞ր է, թե՞ դեմոկրատ։ Նա չգիտի՝ լա՞վ է, որ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի նման Սահմանադրությունը փոխեց, որ ևս 100 հարյուր տարի իշխի, թե՞ վատ։ 

Ահավասիկ, ընդամենը երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանից «անկախ» գործող Հանրային հեռուստաընկերությունը, որը պետական քարոզչամիջոց է և ներկայացնում է պետության ձայնը հատկապես արտերկրում, իր լրատվական թողարկման ընթացքում Նավալնի էր ցույց տալիս և քննադատում Ռուսաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Հ1-ով խոսում էին ընտրակեղծիքների, խախտումների, դրանց շնորհիվ Պուտինի կողմից ցմահ իշխելու մասին։ Տպավորություն էր, որ նոր Հայաստանի Հ1-ով հին Հայաստանի՝ Սերժ Սարգսյանի թվերի ընտրությունների մասին են ռեպորտաժ պատրաստել։ Ու այս ամենը երկու օր է՝ ակտիվ քննարկվում է համացանցում, մարդիկ հանրային հեռուստաընկերությանը մեղադրում են հակառուսական քարոզչություն իրականացնելու մեջ։ Իսկ Հանրայինը, ընգծենք, պետական քարոզչամեքենա է, ոչ՝ մասնավոր հեռուստաալիք, և դրսում, նախևառաջ, հենց Հ1-ի լուրերն են մոնիտորինգի ենթարկում ու եզրակացություններ անում, այսինքն՝ հանրայինի մատուցած տեղեկատվությամբ են ռուսները, եվրոպացիները, ամերիկացիներն ու մյուսները կողմնորոշվում՝ ինչ մոտեցում ունի այս կամ այն հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանությունը։ Իսկ այդ ռեպորտաժից պարզ դարձավ, որ ՀՀ իշխանությունները առնվազն չեն ողջունում ՌԴ-ում անցկացված հանրաքվեն՝ դրանում հայտնաբերելով բազմաթիվ խախտումներ ու կեղծիքներ։

Այդ ռեպորտաժի հաջորդ օրը, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի շնորհավորական ուղերձ է հղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը ՌԴ-ում անցկացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում կկարողանա իշխել գրեթե ցմահ՝ մինչև 2035 թվականը։

Ահա ուղերձը․ «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ:

Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման համար նպաստող պայմաններ»։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ողջունում է մեկ անձի ցմահ կառավարումը, նրա համար նորմալ է, որ երեք ժամկետ երկիրը ղեկավարող նախագահը կարող է Սահմանադրությունը փոխելով ևս երկու ժամկետ անարգել կառավարել, այսինքն՝ ցմահ։ Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ էր մերժում Սերժին և ինչո՞ւ է ընկել Հրայր Թովմասյանի հետևից, որը Սահմանադրությունը փոխեց այնպես, որ ինքն էլ ցմահ լինի ՍԴ նախագահ, Սերժ Սարգսյանն էլ՝ երրորդ անգամ երկրի ղեկավար։ Գուցե Նիկոլ Փաշինյանին արդեն սկսել են դո՞ւր գալ նման բռնապետական դրսևորումները, գուցե ի՞նքն էլ է հավակնում ցմահ իշխել Հայոց աշխարհում և սրանով հող է նախապատրաստում, որ վաղն էլ ինքը Սահմանադրությունն իր հագով այնպես փոխի, որ մինչև կյանքի վերջ մնա վարչապետ։

Հիրավի Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ ինչ է անում, չգիտի՝ որն է ճիշտ, ինչպես պետք է հարաբերվել հարևան և բարեկամ երկրների հետ։ Նա մի կողմից Հայաստանում հակառուսական տրամադրություններ է բորբոքում, մյուս կողմից քծնում է Պուտինին՝ հակասելով ինքն իրեն։ Երևի տեսավ՝ Ալիևը շնորհավորել է, որոշեց ինքն էլ հետ չմնալ։ Ու այս մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, խոսում է Հայաստանի վարած արտաքին ճիշտ ու «անկախ» քաղաքականությունից՝ հայտարարելով, թե նախկինները Հայաստանը դարձրել էին ռուսի վասալը, իսկ այ իրենք ռուսի տակից հանում են մեզ։