Իրանի դեմ օդային հարվածներ սկսեն, Ադրբեջանը Սյունիքը փորձելու է զավթել

Այո, ես կհամաձայնվեմ այն ձևակերպման հետ, որ մեր անվտանգային համակարգը փլուզված է։ Փլուզված է թե անվտանգության համակարգի ներուժը, թե դիվանագիտությունը։ Եթե մենք սկսենք սկբից, ապա հենց հիմա աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունենում ու մենք գնում ենք սառը պատերազմի, որը կարող է նաև տաք պատերազմ լինել։ Այս մասին քիչ առաջ «Հայաստանի անվտանգության փլուզվող համակարգը» թեմայով հրավիրված քննարկմանը իր ելույթում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։ Հանդիպումը, նշենք, նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։
«Աշխարհում երկու բևեռներ են ստեղծվում։ Դեռ ստեղծվում են, որովհետև ես չէի ասի, թե հենց հիմա մենք երկբևեռային աշխարհում ենք ապրում։ Մեր պես պետությունների համար ընտրություն կա՝ կամ Արևմուտքի հետ, կամ Ռուսաստանի հետ։ Կամ էլ պիտի այնպիսի ուժ ունենալ, որ կարողանաս չեզոք մնալ, ինչպես օրինակ որոշ չափով Թուրքիան, Վրաստանը, Չինաստանը։ Մենք այս բաներից որևէ մեկը չարեցինք։ Մենք չկարողացանք ոչ Արևմուտքից ստանալ երաշխիքներ, ոչ էլ Ռուսաստանից։ Արևմտյան մեր դիվանագիտությունը փաստորեն տապալվեց, իսկ Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի մասին էլ չեմ խոսում։ Այսպիսի վիճակում հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն գտնվել։ Ընդամենը մի քանի օր առաջ շատ բաց պարզապես ծաղրում էին մեր ղեկավարին, ինչը շատ վիրավորական էր։ Լրագրողի հարցը բոլորս լսեցինք, ով հարցրեց, թե ինչպես եք մեզնից օգնություն ուզում, եթե դուք մշտապես զբաղվում եք հակառուսական քարոզչությամբ։ Մենք չկարողացանք նաև ինչ-որ մի ներուժ ստեղծել, որ կարողանանք գոնե ինքներս մեզ օգնել։ Գուցե ես այդքան էլ տեղյակ չեմ, բայց ես չգիտեմ՝ այս 2,5 տարվա ընթացքում մենք ի՞նչ ենք արել, որ գոնե վերականգնենք մեր բանակի ներուժը։ Եթե մենք օգնություն ենք ուզում մի երկրից, մենք չենք կարող պարզապես ձեռներ ծալել ու սպասել, թե ով է գալու մեզ օգնի, այդպես միանշանակ չի լինում»,- ասաց Խաչիկյանը։
«Կա մեծ վտանգ, Իրանի դեմ կարող են սկսել օդային հարվածներ։ Դա մեծ վտանգ է, քանի որ հնարավոր է, որ Ադրբեջանը դա որպես պատրվակ օգտագործի ու փորձի հարձակման անցնել, զավթել Սյունիքը կամ այդ միջանցքը։ Գնում է Ռուսաստան-Արևմուտք պրոցեսը։ Երկու պրոցես է գնում, երկուսն էլ շատ վտանգավոր են, իսկ մենք չգիտեմ էլ՝ ինչ վիճակում ենք, գուցե մենք կարծում ենք, որ մենք այս աշխարհից չենք։ Մենք ապրում ենք ինչ-որ անհասկանալի վերացական աշխարհում։ Թուրքիայի սահմանից այստեղ ընդամենը 45 կմ է, ինչը 24 ժամում հնարավոր է անցնել»,- հավելեց նա։
Կարծիքներ