Նախահարցազրույցի փորձ

Նախահարցազրույցի փորձ

Ալեն Սիմոնյան, 
1. Ես ճի՞շտ եմ հասկանում, որ եթե արցախցիները կռվեին, Նիկոլը հետ կվերցներ Արցախի անկումից մոտ մեկ տարի առաջ Պրահայում իր արած հայտարարությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին:
2. Ես ճի՞շտ եմ հասկանում, որ եթե Նիկոլ Փաշինյանը Պրահայում չհայտարարեր, որ Արցախն Ադրբեջան է, արցախցիները կմնային ու կկռվեին, Արայիկ Հարությունյանը հրաժարական չէր տա, եւ չէր լինի Արցախը լուծարելու մասին Արցախի Հանրապետության նախագահի «հրամանագիրը»:
3. Ես ճի՞շտ եմ հասկանում, որ եթե Նիկոլ Փաշինյանը Քարվաճառից զորքերը չհաներ, Արցախը կյանքի ճանապարհ կունենար, եւ արցախցիները կկռվեին մինչեւ արյան վերջին կաթիլը:
4. Ես ճի՞շտ եմ հասկանում, որ եթե Նիկոլը Կիրանցը եւ մի շարք հարակից գյուղեր չհանձներ ադրբեջանցիներին, կիրանցեցիները կլքեին իրենց պապենական հողերն ու տները:
5. Ես ճի՞շտ եմ հասկանում, որ եթե կիրանցեցիները մնային ու կռվեին, Կիրանցն այսօր կլիներ հայկական:
6. Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Մեղրիի ու Սյունիքի ճակատագիրն այսօր որոշում են սյունեցիները ու եթե կռվեն, Ադրբեջանը չի զավթի Սյունիքը:
7. Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այսքանից հետո ձեր իշխանությունները ք.քի մեջ են եւ ժողովրդի կողմից կասկածվում են ամենազզվելի բանի՝ դավաճանության մեջ:
8. Ես ճի՞շտ հասկացա, որ ձեր դավաճան առաջնորդը չի վախենա հրաժարական տալ, եթե խաբված ժողովուրդը թակի նրա աշխատասենյակի դուռն ու ասի՝ ս-դ քաշի:

Պարոն Սիմոնյան, Դուք կարծեմ ուզում էիք ընդարձակ հարցազրույց տալ: Ում, ինչ ձեւաչափով՝ լավ չեմ հասկացել, բայց, այնուամենայնիվ, ինչպես տեսնում եք, հարցերը նախօրոք գրել, պատրաստել եմ: Վատ էլ հարցեր չեն, ու, ամենակարեւորը, բոլորն էլ պաշտոնի բերումով Ձեր կոմպետենցիայի մեջ են մտնում: Չսկսե՞նք մեր հարցազրույցը: Այն էլ ասեմ` կարող եմ ուրիշ հարցեր էլ տալ, որոնք նույնպես խնամքով շարադրված են: Դրանք հարցեր են, որ վերաբերում են 1991-2017 թվականների համեմատությամբ 2018-2025թթ․ ՀՀ անկախության եւ ինքնիշխանության «պլանկայի» վայրիվերումներին, հատկապես 2021-2025թթ. ժամանակահատվածում իրեն վերաբերող աշխարհաքաղաքական հարցերում Հայաստանի Հանրապետության ունեցած «հուժկու» ազդեցությանը, միջազգային հարաբերություններում «իրական» Հայաստանի Հանրապետության եւ նրա առաջին դեմքերի վարկանիշին, Մհեր Գրիգորյանի առողջությանն ու նրա կողմից իրականացվող սահմանազատման աշխատանքների «բարեհաջող» ընթացքին: 

ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերը հանել եմ: Այս ֆրոնտում ամեն ինչ պարզ է՝ գնում ենք ՆԱՏՕ, ԵՄ եւ վերջ: Բայց վատ չէր լինի իմանալ՝ դա ուղղակի գեղեցիկ ցանկությո՞ւն է, թե՞ հիմնված է հզոր հաշվարկների ու փաստարկների վրա: Այդ գործընթացը փաստաթղթավորվո՞ւմ է արդյոք, գոյություն ունի՞ ՀՀ կառավարության ղեկավարի ստորագրությամբ գոնե մեկ փաստաթուղթ այդ թեմայով: Ինքն ԱԺ-ում ասում էր՝ մենք խնամքով պահում ենք բոլոր փաստաթղթերը: Ես լուրջ կասկածներ ունեմ, գիտե՞ք: Այ, օրինակ, Դուք էլ կհիշեք, որ ձեր կառավարության ղեկավարի դրդմամբ միացաք ՄՔԴ-ի դատավճռին եւ Պուտինին Հայաստանում բռնելու որոշում կայացրիք: Իսկ գիտե՞ք, որ ձեր նոր «ռազմավարական դաշնակից» ԱՄՆ-ն օրենքից դուրս է հայտարարել ՄՔԴ-ն եւ նրա կայացրած դատավճիռները: Պարոն Ալեն Սիմոնյան, ո՞վ է պատասխան տալու այդ էշության համար, որ կատարել եք ձեր կառավարության ղեկավարի դրդմամբ: Նկատի ունեցեք, որ նա մեջտեղում չկա, ոչ մի թուղթ չի ստորագրել, բայց առկա է ԱԺ որոշումը՝ ՄՔԴ-ին միանալու մասին: Եվ սա միակ դեպքը չէ, որ Նիկոլը ձեզ գցել է ք.քն ու ինքը թռել: Լավ կլիներ իմանալ նաեւ՝ ԱԺ մեծաբոլուկ ձեր խմբակցությունն այնքան հետույք ունի՞, որ կարողանա պատասխան տալ վարչապետի դրդմամբ եւ հանուն նրա հետույքի փրկության Անկախության հռչակագիրն անտեսելու, խախտելու, ոտի տակ տալու համար: Ի դեպ՝ այս գործում էլ ձեր վարչապետ կոչվածը չկա, նրա անունը չի հոլովվում, եւ «կրայնին» դուք եք՝ քաղաքացի Ալեն Սիմոնյան:

Տնտեսական բլոկին վերաբերող հարցեր էլ ունեմ: Այս ֆրոնտում էլ առանձնապես փայլուն չեն ձեր գործերը: Էդ որ ընկել եք ժողովրդի վերջին կոպեկների հետեւից, արդեն իսկ լավ բանի մասին չի խոսում: Եկամուտների տոտալ հայտարարագրում, հարկերի, տուրքերի ավելացում, տույժ-տուգանքների առօրեականացում, տնտեսական հաշվեհարդար… ՊԵԿ, հակակոռուպցիոն մարմին, ԴԱՀԿ, ոստիկանություն, դատախազություն՝ բոլորը զբաղված են հարկահանությամբ ու գջլելով: Ո՞վ է, էլի, Ավինյանը, որ որոշի տրանսպորտը դարձնել 300 դրամ, հետո իջնի 150-ի ու 50 դրամ ավելի պոկի համեստագույն կենցաղով ապրող քաղաքացուց: Փաշինյանն ասում է՝ բա ո՞վ է վճարելու դատարկ, օդ տեղափոխող ավտոբուսների աշխատանքի համար: Շատ հետաքրքիր հարց է, պարոն Սիմոնյան, իսկապես՝ ո՞վ պետք է վճարի դատարկ դեսուդեն գնացող ավտոբուսի վառելիքի ծախսն ու վարորդի աշխատավարձը: Ու պառլամենտի մեծաբոլուկ խմբակցությունից որեւէ մեկը չհարցրեց՝ իսկ ինչո՞ւ հանկարծ քաղաքային տրանսպորտը դարձավ սակավամարդ, ինչո՞ւ քաղաքացիները բոյկոտեցին տրանսպորտի աշխատանքը՝ փոխանակ օգտվելու Նիկոլ-Ավինյան տանդեմի «շլացուցիչ» փաթեթներից: Երեւի հաշվարկներ չէին արվել, երեւի ոչինչ մտածված չէր… Ճիշտ չե՞մ ասում:

Այո, այստեղ կարող եք ինձ հանդիմանել, պարոն Սիմոնյան, որ տնտեսական հարցերը ձեր կոմպետենցիայից դուրս են: Ընդունում եմ, թեեւ վստահ եմ, որ երկիրը տնտեսական աղետի դուռը տանելու գործում ԱԺ-ն էլ մեղքի իր բաժինն ունի: Բա էդքան օլիգարխ գլխներիդ եք հավաքել… Պիտի ձեր «քաղաքական» որոշումները մի քիչ էլ նրանց հետ համաձայնեցնեք, չէ՞:

Եվ վերջում մի վատ լուր՝ անձամբ Ձեզ համար, պարոն Սիմոնյան: Դուք դեռ տաք եք եւ չեք զգում, որ ժողովուրդը Նիկոլի դուռը թակելուց առաջ կարող է Ձեր դուռը թակել: Արցախցիներին վիրավորող ձեր հայտարարությունից հետո վերաբերմունք է փոխվել: Էլ չեմ ասում, որ Ֆեյսբուքում նույնիսկ բանաստեղծական տողեր են շրջանառվում Ձեր մասին: Այդպիսի մի տողով էլ ես կվերնագրեմ մեր առաջին հարցազրույցը. «Անկեղծ ասած՝ այս Ալենից ես հոգնել եմ…»: