Ո՞ր առարկաներից են դիմորդները ամենաբարձր միավորները ստացել

Ո՞ր առարկաներից են դիմորդները ամենաբարձր միավորները ստացել

2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին (ձմեռային) փուլի արդյունքներն ամփոփված են․ «Դեռ մինչեւ քննությունները կանխատեսում էինք, որ արդյունքները ավելի ցածր կլինեն, քան նախորդ տարվա հունիսին կազմակերպված միասնական քննությունների ժամանակ եւ այդպես էլ եղավ՝ արդյունքները ավելի ցածր էին 2022թ-ի հունիսին կազմակերպված քննություններից»,- իր խոսքում ընդգծեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ միաժամանակ բնական համարելով այսպիսի պատկերը, քանի որ դիմորդների մեծ մասը դեռ չէր հասցրել ավարտել ողջ ծրագրային նյութը, ըստ այդմ՝ չէր կարող ավելի բարձր գնահատական ստանալ, իսկ թեսթերը կազմվում են ամբողջ ծրագրային նյութի հիման վրա։

Ամենից շատ մասնակցիներն ու դիմորդները եղել են «Անգլերեն»-ից քննություն հանձնող դիմորդները։ «Անգլերեն» առարկայի քննությանը մասնակցել է 3080-ը: Միջին միավորը եղել է 12.9: Նասիբյանը նկատում է, որ որպես կանոն, տարիներ շարունակ անգլերենի միջին գնահատականը միշտ եղել է բարձր՝ համեմատած հայոց լեզվի։ «Անգլերեն»-ից դրական միավորի շեմը չեն հաղթահարել 480 դիմորդ, որը կազմում է 15.7 տոկոսը։ Մնացած օտար լեզուներից դիմորդները քանի որ քիչ են եղել, ապա վերլուծության համար բավարար հիմքեր չկան։

«Մեզ համար հաճելի անկանկալ էր «Հայոց պատմության» միջին գնահատականը, որը 14-ից էլ բարձր էր, «Կենսաբանության» միջին գնահատականը՝ 13.1 եւ «Աշխարհագրության» միջին միավորը՝ 14.1։ Բայց նույն «Կենսաբանությունից» 14.3 տոկոսը չեն հաղթահարել դրական շեմը։ Բացասական մեծ թիվ են կազմում «Քիմիայից»՝ 37 տոկոսը ստացել է անբավարար գնահատական, «Ռուսաց լեզվից»՝ 29.5 տոկսը, իսկ «Մաթեմատիկայից» 27.5 տոկոսն են ստացել անբավարար։ Մասնակիցներն՝ ավելի բարձր՝ 18-20 միավոր ստացել են «Կենսաբանությունից», «Հայոց պատմությունից» եւ «Աշխարհագրությունից»։ Ընդ որում, աշխարհագրությունից՝ մասնակիցների թիվը եղել է շատ քիչ՝ 30 հոգի է մասնակցել։ Հայոց պատմությունից 28.9 տոկոսը ստացել է 18-20 միավոր, իսկ կենսաբանությունից 21 տոկոսն է ստացել 18-20 միավոր։ Ընդհանուր առմամբ՝ 10 հազար 817 դիմորդ-քննությունից 2 հազար 376 դիմորդ-քննությունն եղել են անբավարար եւ դրական շեմը չեն հաղթահարել”։ 

Ելնելով ընդահանուր պատկերից, Կ․ Նասիբյանը կարծում է, որ դիմորդների հիմնական մասը դիմելու է նաեւ հունիսին կայանալիք քննություններին մասնակցելու համար․ «Մենք նույնիսկ սպասում ենք, որ անցյալ տարվա հունիսի հետ համեմատ, այս տարվա հունիսի գնահատականները՝ եւ միջինը, եւ 18-20 ստացողները ավելի բարձր կլինեն։ Տարիներ շարունակ մենք քննարկում ենք այդ արդյունքները եւ վերջին շրջանում արդեն զգում ենք, որ կան դպրոցներ, որոնք անկախ նրանից՝ ձմեռային, թե ամառային քննաշրջան կլինի, միջին գնահատականները անպայման բարձր են։ Առաջին տեղում՝ ավագ դպրոցներն են, 2-րդ տեղում՝ վարժարանները եւ ոչ պետական հաստատությունները եւ 3-րդ տեղում՝ միջնակարգ դպրոցները։ Ըստ էության, ավագ դպրոցները, վարժարանները եւ ոչ պետական հաստատությունները այս ձմեռային քննաշրջանում էլ ցույց տվեցին բարձր արդյունքներ»։