Հետմահու մեդալ էին շնորհել, բայց չգիտեինք, որ զոհվել է․ զոհվածի մորաքույր

Հետմահու մեդալ էին շնորհել, բայց չգիտեինք, որ զոհվել է․ զոհվածի մորաքույր

«Մայրը չի կարողանում խոսել, ես եմ ուզում պատմել Հայկի մասին»,- մեզ զանգահարած քաղաքացին՝ տիկին Նարինեն, պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Պապյանի մորաքույրն է։ Ասում է՝ ուզում եմ Հայկի մասին պատմվի, հիշվի։

Հետո սկսում է պատմել, թե որտեղ է սովորել, աշխատել եւ թե ինչպիսի տղա է եղել․

«Բերդավան համայքնից էր, ծնվել է 2001 թվականին, զբաղվում էր ըմբշամարտով, սովորել է քոլեջում, Սոչիում եւ այլ տեղերում առաջնությունների է մասնակցել՝ գրավելով պատվավոր տեղեր։ Մինչեւ բանակ զորակոչվելը ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, 2019-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Կուբաթլուում, պատերազմի ժամանակ եղել է Ջաբրայիլում։ Ինքը շատ արժանավոր երեխա էր, հայրենասեր էր, ոնց որ հիմիկվա ջահելների նման չլիներ, իր եղբայրը ուրիշ ձեւի էր, ինքը լրիվ ուրիշ տիպի․ զուսպ, հարգանքով, ինչքան լավ հատկանիշներ գիտեք, իր մոտ կար»։

Հայկը զոհվել է հոկտեմբերի 15-ին, վերջին օրն էլ ընտանիքի անդամների հետ զրուցել է․ «Շատ փակբերան երեխա էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է, չէր ասում՝ որտեղ են, ինչ են, մենք դա իմացել ենք հետո, ինքը թեժ կետերում է եղել, տանկիստ էր։ Զոհվել է ԱԹՍ-ների հարվածից ու այնպես էլ չէ, որ մարմինն ամբողջական է եղել, մայրը ճանաչել է, ԴՆԹ-ն են հանձել»։

Ընդամենը օրեր առաջ՝ փետրվարի 23-ին են դիակը հանձնել ընտանիքին, մինչ այդ նրան՝ Հայկին փնտրել են ամենուր, գերիների մեջ, Նարինեի խոսքով՝ առնչություն ունեցող ոչ մի վիդեո բաց չեն թողել։  

Մինչ ընտանիքը կիմանար Հայկի զոհվելու մասին, մեր կայքից ընտանիքը տեղեկանում է, որ նրան հետմահու մեդալ է շնորհվել նախագահի կայքից․

«Մենք փնտրում էինք, նույնականացում չէր եղել, մենք չգիտեինք, սպասում էինք դրան, տեսանք, որ մարտական ծառայության համար մեդալ է շնորհվել՝ նախագահի որոշմամբ։ Հուղարկավորության օրը ՊՆ-ից էին եկել, այդ օրն էլ շնորհվել է»։

Բացի Հայկից ընտանիքն ունի եւս 2 որդի։