Նորաշենում քաղաքական «կինոն» վերսկսվում է

Նորաշենում քաղաքական «կինոն» վերսկսվում է

Արարատի մարզի Նորաշեն համայնքում քաղաքական «կինոն» վերսկսվում է։ Այս գյուղը բոլորի ուշադրության կենտրոնում էր հայտնվել այս տարվա սեպտեմբերի 27-ից, այդ օրը  մարզպետ Գարիկ Սարգսյանի հրամանով վաղաժամ դադարեցվեց արդեն նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները:

Ապա համայնքապետի պաշտոնակատար նշանակվեց մարզպետի  մտերիմներից Արտակ Հարությունյանը: Շուրջ մեկ ամիս կրքերը չէին հանդարտվում՝ նախկին գյուղապետին վերականգնելու պահանջով վերջինիս կողմնակիցները բողոքի ցույցեր կազմակերպեցին մարզպետարանի դիմաց, անգամ հասան կառավարություն: Նրանք պնդում էին, որ լիազորությունները դադարեցված գյուղապետը քաղաքական հալածանքների է ենթարկվում, որ մարզպետն ուզում է իր մտերիմին նշանակել գյուղապետ: Մարզպետն էլ հակադարձում էր, որ իր կարգադրության հիմքում այն փաստն է, որ Նորաշենի ավագանին վեց ամիս շարունակ նիստեր չի հրավիրել:

Այդ ընթացքում նաեւ Գրիգորյանի կողմնակիցներից ավագանու չորս անդամ վայր դրեցին լիազորությունները եւ կառավարությունը ավագանու արտահերթ ընտրություն նշանակեց, քանի որ ավագանու նիստերի համար քվորում չկար: Այս կիրակի տեղի ունեցան այդ ընտրությունները, որոնց արդյունքում ավագանու 9  անդամ ընտրվեց՝ վեցը լիազորությունները դադարեցված գյուղապետի մտերիմներից, երեքը՝ նոր պաշտոնակատարի, ինչը նշանակում է, որ ժպ-ին օրուարեւ չեն տալու ու չեն թողնելու հանգիստ աշխատել: Իսկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կլինի մարտ ամսին: Ըստ լուրերի, Նորայր Գրիգորյանի թիմը վայելում է Ավշարի Գրիգորյանների աջակցությունը։