Պրոֆիլակտիկա՞, թե՞ պարանոյա

Պրոֆիլակտիկա՞, թե՞ պարանոյա

Հերթական ահասարսուռ հաղորդագրությունն են տարածել` նախընտրական տրամաբանության շրջանակներում, եւ այդ տեղեկատվությունն արագ տարածվում է շոուների սիրահար հանրության մեջ: Իմա՞ստը. խեղճ Փաշինյանի դեմ հերթական ահաբեկչությունն էին ուզում «նախկիններն» իրականացնել, որ իշխանությունը խլեն, չթողնեն «երկիրը ծաղկեցնի»: Մտածող մարդիկ հասկանում են, որ «ծաղկեցնել»՝ նշանակում է ամոթալի «խաղաղության պայմանագիր» կնքել, նորից սահմանազատում անել` ի վնաս Հայաստանի, անկլավ կոչվող տարածքները հանձնել, Սյունիքից միջանցք տալ, ադրբեջանցի «վերաբնակիչներին» ընդունել, բանակն ու ազգային արժեքները ոչնչացնել: Բայց վերադառնանք բուն հաղորդագրությանը, որն ուշադիր կարդացողները, որ մի քիչ էլ իրավաբանությունից են գլուխ հանում, կհասկանան, թե ինչ սպիտակ թելերով է կարված մեղադրանքը, որի շրջանակներում 3 մարդ են կալանավորել, 4-ին հետախուզում հայտարարել եւ նշել, որ «ինքնությունը դեռեւս չպարզաբանված այլ անձինք» կան: Այսինքն՝ ընդդիմություն, բոլորդ անհանգիստ սպասեք, մինչեւ ձեր հետեւից էլ կգանք:

Անցնենք բուն դեպքին. ո՛չ զենք ու զինամթերք է հայտնաբերվել, ո՛չ «իշխանությունը յուրացնելու նախապատրաստության» որեւէ այլ ապացույց: Պարզվում է` ինչ-որ մարդիկ մեկնել են ՌԴ, ռազմական պատրաստություն անցել այնտեղ, որի ընթացքում ինչ-որ մեկն ասել է, թե «վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է»: Դրանից հետո ոմանք հրաժարվել են մասնակցել վարժանքներին, եւ մի քանի անձ «ձեւականորեն հերքել են ՀՀ-ում իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպվելու փաստը»: Այս մեղադրանքը կազմողները կա՛մ հետապնդման պարանոյա ունեն, կա՛մ` կեղտոտ «պրոֆիլակտիկա» են անում` ընդդիմությանը վախեցնելու նպատակով: