Հայաստանում չկա ընդդիմություն, չկա նաեւ իշխանություն

Հայաստանում չկա ընդդիմություն, չկա նաեւ իշխանություն

«Հրապարակի» զրուցակիցը գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն է։

- Պարոն Պասկեւիչյան, վերջին շրջանում շատ է խոսվում հայ-ռուսական միութենական պետության ստեղծման մասին: Դուք այս մասին ի՞նչ եք մտածում:

- Ի՞նչ եք կարծում, եթե նման հարց լինի, մեր իշխանություննե՞րն են որոշելու: Հայաստան-Ռուսաստան միութենական պետության ստեղծման հարցն ուղիղ կապված է Ուկրաինայի հետ: Նայած թե ինչ կլինի Ուկրաինայում, եւ ինչով կավարտվի այն: Եթե Ռուսաստանը կարողանա վերցնել Ուկրաինան, էստեղ արդեն ոչ ոք չի կարող որոշել՝ մտնել միութենական կազմի մեջ, թե` ոչ: Եթե Ռուսաստանը չկարողանա վերցնել Ուկրաինան, ապա չի էլ ցանկանա ստեղծել Հայաստան-Ռուսաստան միութենական պետություն:

- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ճանաչեց Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը: Ձեր կարծիքով` սա ի՞նչ էր նշանակում:

- Սա ՌԴ-ի կողմից Ուկրաինան դեպի իրեն հետ բերելու քայլ էր, եւ այդ քայլերը նոր չեն սկսվել: Սկսվել են 2013-2014 թվականներին:

- Իսկ Արեւմուտքի անելիքը ո՞րն է այս դեպքում:

- Արեւմուտքը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ռուսաստանն այդ ծրագիրը չկարողանա իրականացնել: Մնացյալին պետք է հետեւենք, տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Կանխատեսումներ անել չեմ կարող:

- Նշեցիք, որ եթե Ռուսաստանն իր նպատակներին հասնի, Հայաստանը, այսպես ասած, չի կարող հակառակվել ՌԴ-ին: Ստացվում է, որ գործող իշխանությունները ե՞ւս ուղղորդվում են Կրեմլից: Կարծիքներ կան, որ գործող իշխանությունները, այնուամենայնիվ, արեւմտյան ուժերի կողմից են ուղղորդվում:

- Ես չգիտեմ, թե այս իշխանություններին արեւմտամետ համարող անհատներն ինչ կոնկրետ քայլեր են տեսնում, որից կարելի է ենթադրել, թե նրանք արեւմտամետ են:

- Ճի՞շտ եմ հասկանում․ ուզում եք ասել, որ ՀՀ իշխանությունները ռուսամե՞տ քաղաքականություն են վարում:

- Նրանք այլ ելք չունեն: 44-օրյա պատերազմից հետո այլ ելք չի մնացել: Կասեն արեւմտամետ են կամ արեւմտամետ չեն, դա արդեն ծիծաղելի է:

- Իսկ ինչո՞ւ այլ ելք չունեն: Ինչի՞ արդյունքում:

- Երբ դու պատերազմ ես պարտվում, Ռուսաստանը գալիս է այս տարածքում դիրքավորվում է, դու քո ողջ անվտանգությունն իրեն ես հանձնում, դրանից հետո էլ ի՞նչ ելք պետք է ունենաս:

- Ստացվում է, որ թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ իշխանությունը ուղղորդվում են ՌԴ-ից: Այս դեպքում ընդդիմության դերը ո՞րն է:

- Ես չեմ կարող ասել՝ ով որտեղից է ուղղորդվում, բայց ես հստակ ասացի, որ չկա այլ ելք: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Հայաստանում չկա ընդդիմություն, չկա նաեւ իշխանություն, կա մի ամորֆ զանգված, որն ուտում է մեր նյարդերը:

- Հայ ազգային կոնգրեսն է՞լ ընդդիմադիր չէ։

- Հայ ազգային կոնգրեսն ընդդիմություն չէ: ՀԱԿ-ն իր ասելիքն ասել է: Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը դեռ բավականաչափ չի հասունացել, որպեսզի հասկանա եւ ընդունի շատ ու շատ հարցեր: Իշխանություն-ընդդիմություն, սրանք ընդամենն անվանական դոմինանտ ինչ-որ բաներ են: Ես չեմ տեսնում ո՛չ իշխանություն, ո՛չ էլ ընդդիմություն:

- Իսկ Հայ ազգային կոնգրեսն ի՞նչ ծրագրեր ունի:

- Ժողովրդավար երկրներում ուժերը մասնակցում են ընտրություններին, ստանում են հասարակության քվեն: Եթե այս հասարակությունը ձայն տվեց պարտված իշխանությանը, իսկ ՀԱԿ-ին, կարելի է ասել, քվե չտվեց, սա նշանակում է, որ մեր հասարակությունը ցանկանում է գործ ունենալ ամորֆ զանգվածի հետ:

- Օրինակ` երկրորդ եւ երրորդ նախագահները հաճախ մամուլի ասուլիսներով են հանդես գալիս, խոսում են այս իշխանությունից ազատվելու եղանակների մասին: Իսկ առաջին նախագահը չի՞ ցանկանում ինչ-որ բան ասել, պայքար սկսել:

- Ես Ձեզ ասացի, որ չեմ տեսնում ո՛չ իշխանություն, ո՛չ էլ ընդդիմություն: Ես չեմ հետաքրքրվում, թե երկրորդ եւ երրորդ նախագահներն ինչ ասուլիսներ կամ հարցազրույցներ են տալիս: ՀԱԿ-ի մասին հարցերին ես չեմ կարող պատասխանել: Ես կուսակցության անդամ չեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրն եմ:

- Իշխանությունների կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը ՀԱԿ անդամ էր, սակայն բոլորովին վերջերս Տեր-Պետրոսյանի թիմից նրան մեղադրում էին իր կենսագրությունը խմբագրելու մեջ:

- Վահագն Խաչատրյան, Հայաստանի նախագահ, որը ոչ մի լիազորություն չունի, էս ամենն ինձ չի հետաքրքրում: Ինձ Վահագն Խաչատրյանը չի հետաքրքրում եւ ոչ էլ նախագահի պաշտոնը: