Համագործակցության որևէ այդպիսի ձևաչափ դեռ չեմ պատկերացնում․ Ա․ Սարգսյան

Համագործակցության որևէ այդպիսի ձևաչափ դեռ չեմ պատկերացնում․ Ա․ Սարգսյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքերով՝ Տիգրան Արզաքանցյանը լիազորված չի եղել կուսակցության անունից հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։

ՀԴԿ նախագահը չի պատկերացնում, որ իշխանությունների հետ համագործակցության որևէ ձևաչափ կարող է գործել, երբ իշխող ուժի ղեկավարի հետ համամիտ չեղած մարդիկ ձերբակալվում, կալանավորվում են և այլն։

Հուլիսի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց թվում էր նաև Տիգրան Արզաքանցյանը։ Վերջինս կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ ներկայացված էր «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից» ձևակերպմամբ։

«Հրապարակի» հետ զրույցում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ Արզաքանցյանը կուսակցության կողմից լիազորված չի եղել մասնակցել այդ հանդիպմանը։

«Կուսակցությունը չի համագործակցում [իշխանությունների հետ]։ Տիգրան Արզաքանցյանը լիազորված չի եղել կուսակցության և իմ կողմից։ Հակառակը, հստակ ասվել է, որ նա չպետք է մասնակցի։ Մենք այս հարցի վերաբերյալ քննարկում կազմակերպելու ենք, որոշում կկայացնենք։ Ինչ վերաբերում է կառավարության կողմից կատարվածին, ապա ես պետք է հստակեցնեմ։ Ասեմ, որ կառավարության աշխատակազմը պարտավոր էր իմանալ, որ հրավերն ուղարկվում է միայնումիայն կուսակցության կենտրոնական գրասենյակ, կուսակցության նախագահին, որի լիազորությունների մեջ է մտնում ընդունել կամ չընդունել այդ հրավերը։ Այնպես որ, մենք պաշտոնական նամակով կհիշեցնենք դրա մասին», - ասաց Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ «կուսակցությունը համագործակցո՞ւմ է իշխանությունների հետ արտախորհրդարանական ուժերի ձևաչափ ստեղծելու շուրջ»։

Դեմոկրատական կուսակցության նախագահն ասաց, որ հենց այդ նույն առավոտյան՝ մինչև այդ հանդիպման կայացումը, կուսակցության հայտարարության մեջ նշել էին, որ չեն մասնակցում այդ հրավիրված խորհրդակցությանը։ «Հստակ ասվել է մեր դիրքորոշումը»։

Հարցին՝ կուսակցությունն Արզաքանցյանից պարզաբանում պահանջե՞լ է, քաղաքական գործիչը պատասխանեց, որ նրան որպես անհատ են հրավիրել կառավարությունից։ «Խոսքը գնացել է նրա մասին, որ նրան որպես անհատ են հրավիրել։ Ես այդպես կարող եմ գնահատել այդ արարքը կառավարության կողմից։ Որովհետև նորից եմ կրկնում՝ կարգն այնպիսին է, միշտ այդպես է եղել, որ դա համաձայնեցվում է ղեկավար մարմնի հետ», - հավելեց նա։

Մինչև հուլիսի 9-ին տեղի ունեցած «կլորսեղանային» հանդիպումը Փաշինյանն առանձին էր հանդիպել որոշ կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Հունիսի 23-ին իմքայլական վարչապետը նաև հանդիպել էր Արզաքանցյանի հետ, սակայն սրա վերբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նա չէր ներկայացվել որևէ կուսակցության անունից։ Հունիսի 23-ին տեղի ունեցած հանդիպումների պաշտոնական հաղորդագրություններում Փաշինյանը նշել էր բառացի նույն տեքստը՝ «Եվ մենք հիմա մտածում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն»:

ՀԴԿ նախագահ Սարգսյանն ասաց, որ իշխանությունների հետ այսպիսի համագործակցության որևէ ձևաչափ չի պատկերացնում։

«Ես որևէ այդպիսի ձևաչափ դեռ չեմ պատկերացնում, որ կարող է գործել։ Որովհետև այն ինչ եղել է այս 3 տարվա ընթացքում, և ինչ է կատարվում այսօր, երբ որ մարդկանց, որոնք որ համամիտ չեն եղել իշխող ուժի ղեկավարի հետ, ձերբակալվում են կամ կալանավորվում և այլն, այսինքն՝ ռեպրեսիվ ապարատ է սկսել գործել, պարզ է, որ այդ պայմաններում չի կարող լինել այդպիսի ֆորմատ։ Եվ չի կարող լինել ի նպաստ ժողովրդավարության, ի նպաստ մեր պետության, ի նպաստ մեր անվտանգության և այլն», - ընդգծեց քաղաքական գործիչը։

«Այնպես որ, հստակ է մեր դիրքորոշումը։ Մենք դա չենք փոխել։ Երբ որ առաջին անգամ մեզ աշխատակազմից մեզ հրավիրեցին հանդիպել վարչապետի պաշտոնակատարի հետ, մենք այդ հանդիպմանը չներկայացանք», - եզրափակեց նա։