«Կապիտուլյացիայի ակտը ստորագրվել է շանտաժի միջոցով». Ռուբեն Մարտիրոսյան

«Կապիտուլյացիայի ակտը ստորագրվել է շանտաժի միջոցով». Ռուբեն Մարտիրոսյան

Քրեագետ, ռազմական փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, եկել է եզրահանգման, որը նա ցանկացավ հայտնել «Հրապարակին»: Ըստ նրա, նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտը ստորագրվել է Նիկոլ Փաշինյանին շանտաժի ենթարկելու միջոցով, որն իրականացրել է ՌԴ քաղաքական ղեկավարությունը: Դրա դիմաց Ռուսաստանը «մոռացավ» երկու հանցագործությունների մասին, որոնք ուղղակի առնչվում էին ՌԴ շահերին: Մեկը՝ Վորոնեժի իրավապահների կողմից հունիսին առգրավված 16 տոննա «առանց ակցիզ» սիգարետի գործն էր, որը եկել էր Հաաստանից, մյուսը՝ Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանի թուրքերին զենքի վաճառքի օֆշորային մութ գործարքները: Այդ մասին բավականաչափ գրել է մամուլը, իսկ Դավիթ Գալստյանը մեր թերթին տված հարցազրույցում պնդել է, որ ինքը թուրքերին զենք չի վաճառել, որ դա սուտ է և մանիպուլյացիա: 

«Հիշո՞ւմ եք սիգարետի պատմությունը Ռուսաստանում: Նիկոլը հայտարարեց, որ եթե դա ճիշտ լիներ, Ռուսաստանում քրեական գործ կհարուցվեր: Մյուս օրը Ռուսաստանը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել: Առանց ակցիզի լեվի սիգարետ էր արտահանվել Ռուսաստան՝ հանցագործություն, որը, ըստ լուրերի, կազմակերպել էր Աննա Հակոբյանի եղբայրը: Քրեական գործը, հնարավոր է,  հարուցել են Աննա Հակոբյանի եղբոր դեմ: Աննա Հակոբյանը թույլ կտա՞ր Նիկոլին, որ նա իր եղբորը ուղարկեր Ռուսաստան Ռուսաստանի իրավապահների պահանջով: Իհարկե, ոչ: Դա մի փաստ: Երկորրդն էլ այն է, որ Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավիթը Հայաստանի համար զենք են առել ու Դուբայով ուղարկել են Լիբիայում ՌԴ-ի դեմ կռվող զորքերին: Էդ Ռուսաստանը, չէ՞, պետք է խոսի: Բայց Ռուսաստանը ոչ առաջին, ոչ էլ երկրորդ գործով որևէ հայտարարություն չարեց: Հիմա հարցնում եմ, կարո՞ղ են լինել ՌԴ իրավապահների կողմից պարզված փաստեր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ: Իհարկե, այո», - ասում է Ռուբեն Մարտիրոսյանը: 

- Ձեր կարծիքով, այս կե՞րպ է Պուտինը Նիկոլին ստիպել կապիտուլյացիա ստորագրել: 

- Այո: Մենք 100 անգամ լսել ենք, թե ինչպես է Ալիևը Թուրքիայից շնորհակալություն հայտնում, ինչպես է խոսում Պուտինի հետ, բայց մենք չգիտենք, թե ինչպես է եղել Նիկոլի խոսակցությունը ՌԴ նախագահի հետ, մենք տեղյակ չենք հայկական կողմի բանակցության ընթացքից: 

- Բայց չէ՞, որ Պուտինը ասել է, որ Նիկոլին ավելի լավ պայմաններով է առաջարկած եղել ստորագրել փաստաթուղթը, բայց նա հրաժարվել է, ասելով՝ կռվում ենք: 

- Այո, դրանով էլ նա հասկանում էր Նիկոլին, որ եթե նա երկու բառ ասի, ինքը այլևս վերջացած է: Նիկոլ Փաշինյանը ձեռք է տալիս Պուտինին: Հիմա էլ Ռուսաստանը եթե հրամայի Նիկոլին հեռանալ, տասը րոպե էլ չի քաշի նրա հրաժարականը: Հիշո՞ւմ եք, պատերազմի ժամանակ մենք տեղեկացանք, որ Ռուսաստանը հինգ անգամ ռմբակոծել է Սիրիայի թուրքական ահաբեկիչներին: Ու Թուրքիան իր զորքերը այնտեղից հանեց: Կարծում եմ՝ պայմանավորվածությունը եղել է՝ «Ղարաբաղը քեզ, Սիրիան՝ ինձ»:

Արդյունքում մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանը դե ֆակտո չկա: Ռուսն է բանակցում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Ռուսի համար էլ է մահացու Սյունինքի հանձնումը: Ռուսը լավ գիտի, որ Թուրքիայի հետևում կանգնած է ԱՄՆ-ն, որին պետք է հասնել մինչև Չինաստան, ու նրա կոկորդին կանգնած է Սյունիքը: Բայց մենք ոչ Սյունիքի, ոչ Արցախի հարցում այլևս կողմ չենք հանդիսանում: Բանակցությունների սուբյեկտից մենք վերածվեցինք օբյեկտի: Ռուսաստանը ոնց կուզենա, այնպես էլ կկարգավորի այդ հարցը: