Տարել են 25-օրյա վարժական հավաքի ու բարձրացրել պոստ
25-օրյա վարժական հավաքներին մարդիկ դժկամությամբ են մասնակցում։ Դրա պատճառները բազմաթիվ են։ Հավաքի մասնակիցներից մեկը «Հրապարակին» ահազանգեց, որ իրեն 25 օր առաջ կտրել են իր աշխատանքից եւ տարել վարժանքների: Նախապես տեղյակ էին, որ պոստեր չեն բարձրանալու, բայց տարել են վարժանքների եւ անմիջապես բարձրացրել պոստ ու այլեւս չեն իջեցրել: Հիմա արդեն լրացել է այդ 25 օրը, թույլ չեն տալիս, որ հետ գնա իր աշխատանքին ու ընտանիքին հասնի։
Մենք կապվեցինք Պաշտպանության նախարարության խոսնակի հետ։ Նա պատասխանեց, որ որոշակի մասնագիտությունների դեպքում, այո՝ վարժական հավաքների մասնակիցները մարտական հերթապահություն են իրականացնում, բայց ավելի ստույգ կարող է պատասխանել, եթե հայտնենք, թե կոնկրետ որ անձանց հետ են խնդիրներ առաջացել։ Անուններ, հայտնի պատճառներով, չհնչեցրեցինք։
Դիմեցինք ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանին, որը ևս բողոքներ է ստացել վարժական հավաքների մասնակիցներից։
«Օրենքով վարժական հավաքի մասնակիցներին պետք է հինգ օրով տանեն դիրքեր, բայց ես մարդ գիտեմ` ինձ մոտ անձնավորություն, որին 15 օր են պահել դիրքերում։ Նա պատմում էր, որ նյութական ապահովությունն անբավարար է եղել, 7 հոգով 3 անկողնում են քնել, զենքը` քիչ։ 15 օրում մեկ անգամ են լողացել, կենցաղային պայմանները` խայտառակ, հանդերձանքը՝ վատ, ուսումնական պրոցես չի եղել, 10 օր ուղղակի պառկած են եղել, զուգարանը` հակահիգիենիկ, բաղնիք չկա։ Մի օր մի հատ գռուզավիկ են բերել, ջրել է տղաներին, գնացել է։ Բայց ուտելը նորմալ է եղել՝ էժան փլավը լիքն էր, ինչքան ուզում ես` կեր», - պատմում է Մհեր Հակոբյանը:
Կարծիքներ