Ոչ թե Հայկ Մարությանն է դատի տվել, այլ Նիկոլ Փաշինյանը` մեզ պարտադրված քաղաքապետի դեմքով

Ոչ թե Հայկ Մարությանն է դատի տվել, այլ Նիկոլ Փաշինյանը` մեզ պարտադրված քաղաքապետի դեմքով

Տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Քաղաքապետը պահանջում է պարտավորեցնել Սոնա Աղեկյանին հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև հատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։ Գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանին։ 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե մասնավորապես որ արտահայտության կամ արտահայտությունների համար է քաղաքապետը դիմել դատարան, քաղաքապետի խոսնակը նշեց․ «Ավելի կոնկրետ և մանրամասն հանրությունը հայցի էության մասին կտեղեկանա դատաքննության  ընթացքում։ Սակայն նշեմ, որ խոսքը վերաբերում է քաղաքապետարանի, մասնավորապես քաղաքապետի կոռուպցիոն գործարքների մասին պնդումներին»։

«Հրապարակի» հետ զրույցում «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը նշեց, որ իրեն չեն կարող լռեցնել․ «Ես նույն ձևով շարունակելու եմ։ Ոչ թե Հայկ Մարության է դատի տվել, այլ Նիկոլ Փաշինյանը` մեզ պարտադրված քաղաքապետի դեմքով, ինձ չեն լռեցնելու»։

Հիշեցնենք, որ երեկ Սոնա Աղեկյանը մի խումբ մարդկանց հետ ակցիա էր իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամը դույլով կոյուղաջուր էր բերել քաղապետարան և ամեն կերպ փորձ էր արվում այն հասցնել քաղաքապետին, որպեսզի նա շնչի կոյուղաջրի հոտը, ինչն այդպես էլ չհաջողվեց։