«Լույս» հիմնադրամին փոխարինել է «Ժպիտների քաղաքը»

«Լույս» հիմնադրամին փոխարինել է «Ժպիտների քաղաքը»

Այսօր Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին լրագրողներից մեկը հարց է տվել, թե 2014 թվականին «Լիդիան Արմենիա» ընկերությունը 250 հազար դոլարի նվիրատվություն է իրականացրել «Լույս» հիմնադրամին, արդյոք այդ փաստի մեջ կոռուպցիոն ռիսկեր չե՞ն տեսնում եւ չե՞ն քննել այն։ Քննիչը պատասխանել է, որ դա փաստ չէ՝ ««Լիդիան» ընկերությունը, ինչպես ցանկացած այլ կազմակերպություն, կարող է ցանկացած ծրագրի մասնակցել, կատարել նվիրատվություններ, փաստեր ներկայացրեք»։
Հարցը միանգամայն օրինական է եւ հիմնավոր, սակայն քննիչը խուսափել է այդ հարցին պատասխանելուց, քանի որ պատասխանելու դեպքում կարող էր պարզվել, որ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում նաեւ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամներին կատարված փոխանցումները։

Հենց այսօր, պատահականորեն, մեր ուշադրությունը գրավեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության հաղորդագրությունը, որտեղ նա հպարտորեն տեղեկացնում էր, որ ««Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ երեխաների համար պատրաստել էր տոնական ներկայացում՝ անիմատորների, սիրելի Դիսնեյի ֆիլմերի հերոսների մասնակցությամբ․․․ Ընկերությունը նաեւ երեխաներին հանձնեց նվերներ, ․․․բուժհիմնարկին տրամադրել է ֆինանսական օգնություն՝ հաստատության ընթացիկ գործունեությանն օժանդակելու նպատակով»։ Հիշեցնենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունը եւ Ագարակի պղձնամոլիբդենային կոմբինատը։ 

Ոչ միայն «ԳեոՊրոՄայնինգը», այլեւ բազում կազմակերպություններ, որոնք իշխանական հովանավորության, բարեհաճության կարիքն ունեն, եւ որտեղ կարող են մութ գործարքներ լինել եւ մեր բնությանն ու երկրին ինչ-որ վնասներ պատճառելու ռիսկեր, այսօր համագործակցում են վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի երկու՝ «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հետ, գումարներ են փոխանցում, որոնց չափը հաճախ անհայտ է մնում՝ նվիրատուների ցանկությամբ։ Բայց այդ բոլոր փոխանցումների մեջ կարելի է տեսնել կոռուպցիոն ռիսկեր, գոնե՝ այն կազմակերպությունների, որոնք հանրային ընկալման մեջ խնդրահարույց են։ Եվ այնպես չէ, որ այդ փողերը «մաքրվում են»՝ ծառայելով հիվանդ երեխաներին կամ այլ բարի նպատակների։

Հակառակը՝ աշխարհը պայքարում է փողերի լվացման դեմ, որի դրսեւորումներից է նաեւ նման ֆոնդերին գումարների փոխանցումը եւ տարբեր արտոնությունների ձեռքբերումը, որը մնում է կուլիսներում։ Համենայնդեպս, հասարակությունը հաճախ չի էլ իմանում, թե վարչապետի տիկնոջը փոխանցված որ գումարի հետեւում որ փակված քրեական գործն է կամ չիրականացված քրեական հետապնդումը, կամ հարկային ու մաքսային արտոնությունը, կամ տենդերի շահումը եւ այլն։ Այնպես որ՝ աշխարհի շատ երկրներում հասարակությունը դեմ է, որ երկրի ղեկավարի տիկնայք զբաղվեն բարեգործությամբ, հիմնադրամներ բացեն եւ նվիրատվություններ գանձեն տարբեր մութ շրջանակներից։