«Պողոս Բաբկենի հարեւան » ֆեյսբուքյան էջ

«Պողոս Բաբկենի հարեւան » ֆեյսբուքյան էջ

Ֆեյսբուքում ստեղծվել է «Պողոս Բաբկենի հարևան» էջ՝ 2018-ի հրապարակի լեփ-լեցուն լուսանկարով։ Փայլակ Ֆահրադյանն էլ այսօր լրագրողների խմբում Պողոսի համարն էր հարցնում, ես էլ Պողոսի հարևան Բաբկենի հետ կապվել էի փորձում, բայց Թունյանը այնպես էր դասավորել իր օրը, որ գնացել էր երկու հեռուստաընկերություն, մերժել էր բոլոր կայքերին ու «Հրապարակին»  և որոշել էր՝ Պողոսի թեմայով էլ չխոսել։ Իհարկե, մի գրառում էլ ֆեյսբուքում, որ «Անգրագետ Պողոս» ձևակերպումը, լավագույնը չէր։ Նաև լրագրության մեծ, իսկ  քաղաքականության մեջ 9 ամսվա փորձ ունեցող  Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան հանրությանը խոստացել էր մտքերն ավելի մատչելի ու հասանելի ձևակերպել և փոխանցել հանրությանը։ «Ես ձևը կգտնեմ, միջոց կգտնեմ այն ավելի մատչելի դարձնելու համար»,-խոստացել է նախկին լրագրող Բաբկեն Թունյանը, ով խորհրդարանում է հայտնվել մի քաղաքական ուժի կազմում, որը 1-ին փուլով իշխանության էր եկել ուղիղ փողոցից և որի առաջնորդն այն մարդն է, որն ասում է, որ քաղաքացին լավ է անում՝ կառավարության դռներ է ջարդում՝ իր կառավարությունն է, իր դուռն է, կուզի կջարդի։ 2018-ի օգոստոսի 17-ին նա խոսում էր աթենական դեմոկրատիայից և հայտարարում « Եվ հիմա աշխարհի վերլուծաբանները ջանք չեն խնայում՝ գտնելու համար, թե որն է այն գործոնը, այն հզոր ուժը, որ հնարավոր դարձրեց իրադարձությունների նման զարգացումը: Ոմանք այդ գործոնները փնտրում են արևմուտքում, ոմանք այդ գործոնները փնտրում են հյուսիսում, բայց հիմա այս ամբիոնից ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ և հզոր այն ուժը, որը հնարավոր դարձրեց այդ աննախադեպ իրադարձությունը, հայ ժողովուրդն է, ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացին»։ Իսկ ՀՀ վարչապետը Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչն է: Այսինքն՝ Պողոսի։ Թե՞ արդեն չէ։

Այս հարցն էինք պատրաստվում տալ Բաբկեն Թունյանին, ոչ թե միանալ նրան՝ Տիտանիկի խորտակման, Լեոի և Ռոուզի անավարտ սիրո ու Քենեդու սպանության մեջ մեղադրողների, հիրավի, արդեն հոծ բազմությանը։

Մի քանի օր առաջ էլ առիթ են ունեցել անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կենսագրության մեջ, վերջին 1․5 տարում հատկապես շատ այն դեպքերին, երբ նրա կարծիքը 180 աստիճանով չի համըմնկնում խմբագիր, ընդդիմադիր, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքների հետ։ 

2019 թ․օգոստոսի 23, Վայոց ձոր գնացած վարչապետը հանդիպում է բոլոր բնակավայրերի բնակիչների հետ, բացի Գնդեվազի, և այս հանդիպումների արանքում հասցնում գցել «Լիդիանի» գովազդը՝ իրավիճակը մեղմելու քայլերի մասին։

2018 թվականի օգոստոսի 23-ի կառավարության նիստ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ղեկավարած կառավարության համար անընդունելի է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի լոկոմոտիվն է։ «Մեր կառավարության կարեւոր խնդիրներից է փոխել տնտեսական աճի մոդելը ոչ միայն այն պատճառով, որ ուղղակի խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մեր ընդերքի վաճառքին, այլեւ այդ ընդերքի վաճառքից գեներացվող գումարների արդյունքում ձեւավորված գումարների աճը ներառող չէ, այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունը իրենց վրա չեն զգում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Պետք է հաստատենք շահագործման այնպիսի կանոններ, որ հանրությունը իսկապես զգա՝ այդ ազգային հարստությունը օգտագործվում է այնպես, որ դրանից պետությունը եւ հանրությունը ստանում են այնքան օգուտներ, ինչքան պետք է իրականում ստանան»։