Էլ ո՞նց ասի, որ մոռանանք արցախի մասին

Էլ ո՞նց ասի, որ մոռանանք արցախի մասին

2008-09 թվականներին ընտանեկան թերթում մաս առ մաս տպագրված Նիկոլի գրքում ներկայացված է Արցախից հրաժարվելու տեր-պետրոսյանական գաղափարը: Դրա մասին բազմիցս եմ գրել թե՛ «Հրապարակի» էջերում և թե՛ ֆեյսբուքյան իմ էջում: Որպեսզի «սերգոջաները» լավ ապրեն (ՀՀ առաջին նախագահի խոսքերով)՝ Արցախը պետք է հանձնվի: Եվ կամ ըստ Նիկոլի՝ որպեսզի ամբողջական օրգանիզմն ապրի, անհրաժեշտ է կտրել նրա հիվանդոտ մասը: Արցախը առաջինի  համար բեռ էր, մյուսի (ընդդիմադիր գործիչ Նիկոլի) համար՝ օրգանիզմի հիվանդ անդամ: Եվ բնական է, որ փողոցով իշխանություն զավթելով՝ Նիկոլը պետք է մտածեր իր հոգևոր հոր և իր սեփականը դարձած գաղափարը կյանքի կոչելու մասին: Հատկապես, որ արևմտյան ուժերը հենց այդ նկատառումով էին աջակցել 2018-ի ապրիլին նրա ձևավորած շարժմանը: Եվ ամրագրել էին ԱՄՆ նախագահ ազգային անվտանգության գործող խորհրդական Ջոն Բոլթոնի միջոցով:

Վերջինս Երևան էր այցելել 2018 թվականի հոկտեմբերի վերջին և ամերիկյան ռադիոկայանի միջոցով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին խորհուրդ էր տվել «չկաշկանդվել պատմական կաղապարներով»: Իհարկե, դրանում ներառված է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը, բայց այդ գործընթացն արդեն նախաձեռնվել էր ՀՀ երրորդ նախագահի կողմից:
Բայց մինչև 2020 թվականի աշուն Նիկոլն Արցախի ուղղությամբ ոչինչ չէր ձեռնարկում, նույնիսկ հակադիր վարքագիծ էր դրսևորում: Հիշենք Ստեփանակերտում (2019 թվականի օգոստոսի սկիզբ) արված «Արցախը Հայաստան է և վերջ» բացականչությունը: Բայց հիշենք նաև, որ արդեն 2019 թվականի աշնանն առկա էր մի քանի հազար զոհի գնով Արցախը հանձնելու դավաճանական ծրագիրը՝ ավելի ուշ բացահայտված լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից:

Կարծում եմ, որ այս հակասությունը գալիս է Նիկոլին բնորոշ խառնվածքից, ինչը ամրապնդվեց (ավելի ճիշտ՝ ցեմենտվեց) 2018-ի ապրիլյան իրադարձությունների շնորհիվ: Մի կողմից, բնականաբար, հաջողությունների դեպքում՝ ոգևորվածության անսահման բարձր մակարդակ, մյուս կողմից՝ ընկճվածության նույնքան ծանր աստիճան: Սակայն մինչև 2020 թվականի աշունը Նիկոլին չէր լքում Աստծո «հերոսական ընտրյալը» լինելու զգացողությունը, ինչը տեղ չէր թողնում Արցախը թշնամուն հանձնելու գաղափարի իրականացման համար: Նույնիսկ երբ եկավ այդ պահը՝ դա ձևակերպվեց որպես «Ինչ էլ պատահի՝ մենք մեզ պարտված չենք զգալու» դատողությամբ: Իսկ հետո իրականությունը ստիպեց նրան հաշվի նստել իր հետ, և ինքը թաքնվեց բունկերում: Բունկերում թաքնվելն էլ հենց փախուստ էր դաժան իրականությունից:

Այսօր արդեն այդ պահերն անցել են, արդեն չկա Աստծո «հերոսական ընտրյալը», բայց չկա նաև ընկճախտային վիճակը: Արդեն երկար ժամանակ է, ինչ գնում է ինքնարդարացման և պատասխանատվությունն իրենից հեռացնելու գործընթացը: Ինչը նշանակում է մեղավորների փնտրտուք և «հայտնաբերում» իրենից դուրս: Դա նաև նշանակում է ամբողջական ազատում Արցախի խնդրից և և պատասխանատվությունից: Դրա արձագանքն է իր կողմից անընդհատ վկայակոչվող ՀՀ տարածքի չափի՝ «29800 քառկմ» արտահայտությունը: Ուղղակի դա մենք (մենք ասելով նկատի ունեմ գրագետ ու հայրենիքի զգացողությունը պահպանած հայաստանցիներին) դեռևս չենք ընդունում: Գիտակցում ենք, բայց չենք ընդունում: Ի դեպ, ՀՀ պետական բյուջեի միջոցներով Արցախում ընթացող բնակարանային շինարարությունը չի հակասում վերն ասվածին: Եթե մի օր անհրաժեշտ լինի՝ արցախցիներին կրկին կտեղափոխեն Հայաստան: Ու ինքը կասի, որ ինքը մեղք չունի, այդպես դասավորվեցին հանգամանքները: Կավելացնի, որ ինքն էր, չէ՞, բնակարաններ կառուցում Արցախում: Իհարկե, դա հետահայաց կընկալվի որպես պետական միջոցների վատնում, բայց դրա վրա ինքը թքած ունի: Քաղաքական խաղերում պետական միջոցները կարող են և վատնվել: Ինչ մնում է անընդհատ նախկինների օրորք բանակցային գործընթացը հիշատակելուն, ապա այն կրկին ուղղված է իրեն արդարացնելուն: Մոտավորապես այսպես՝ «Նախկիններն արդեն տվել էին Արցախը, և ինձ մնաց դրան թղթային ձևակերպում տալը»:

Դրա նման մի բան արդեն բազմիցս գրում կամ բարձրաձայնում են անգրագետ նիկոլապաշտները: 
Իսկ թե որքան կտևի մինչև Արցախի հայաթափումը՝ կախված է միջազգային իրադրությունից և հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից: Եթե այն ավարտվի ռուսական կողմի հաղթանակով մինչև 2025 թվականի աշուն, ապա ռուսական խաղաղապահների մնալը կերկարաձգվի ևս 5 տարով: Իսկ բոլոր մնացած տարբերակների դեպքում այդ ուժերը ստիպված դուրս կգան այնտեղից, ու... Մնում է, որ մինչ այդ մենք կարողանանք իշխանությունից հեռացնել Նիկոլին, որպեսզի գոնե փորձենք պահպանել հայրենիքի այդ կտորը: