Որ լսում եմ Ալիևի հայտարարությունները, գիշերները չեմ քնում․ Տեղի համայնքապետ
Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ համաձայնագրից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ խոշորացված համայնքի բնակիչները, որոնք առաջինն իրենց վրա զգացին սպասվող հարվածը, շարունակում են նորանոր ապտակներ ստանալ։ Եթե մինչ այդ համայնքում արտագաղթի մասին անգամ շշուկով չէին խոսում, այսօր այն արդեն իրողություն է։ Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը «Հրապարակ»-ի հետ զրույցում խորը ցավով նշեց, որ Կոռնիձոր համայնքից մոտ 15 բնակիչ արդեն իսկ լքել է բնակավայրը։
-Պարո՛ն Շադունց, որպես համայնքի ղեկավար՝ իրազեկվա՞ծ եք, երեկվա հանրահավաքներին համայնքից մասնակիցներ եղե՞լ են։ Վարչական ղեկավարների կողմից ռեսուրսներ շահագործվե՞լ են։
-Բռնի հանրահավաք գնալու դեպքեր այստեղ չեն եղել, իսկ մասնակիցներ եղե՞լ են, թե՞ ոչ՝ ինֆորմացիա չունեմ, բայց դե՝«Նե դա էտովո»։
-Դուք ավելի վաղ միացել եք Փաշինյանի հրաժարականի պահանջին, շարունակո՞ւմ եք նույն պահանջով հանդես գալ։
-Ես մի բանը մի անգամ եմ ասում ու մնում եմ իմ կարծիքին։
-Ինչ-որ քայլեր պատրաստվո՞ւմ եք ձեռնարկել։
-Արդեն 4 ամիս է՝ խոսում ենք, ինչ է փոխվել, հոգնել ենք էդ խոսելուց էլ։ Ես մեծ ցավ եմ ապրում, որ իմ ազգը էսօր էս վիճակի մեջ է։ Ես հանրահավաքների մասնագետ էլ չեմ։ Մի բան ասեմ՝ ես, որ լսում եմ Ալիևի հայտարարությունները, գիշերները չեմ քնում։ Էդ անուղեղն ասում է՝ մեզ բանակ պետք չէ, մենք ֆաշիստ ենք ու․․․․․, էստեղից մի հակադարձող չունենք, ստացվում է՝ համաձայն ենք իր ասածների հետ, հա՞։
-Պատերազմի օրերին Սյունիքի սահմանների հսկողությունը ազգաբնակչությունն իր վրա էր վերցրել, հիմա ի՞նչ իրավիճակ է։
- Մեր բանակը կանգնած է, իր տեղում է, բայց անհրաժեշտության դեպքում ինքնակազմակերպումը խնդիր չէ։ Մենք միշտ էլ, հիմա էլ՝ բանակի հետ մի բռունցք ենք։ Եթե մենք տեր չկանգնենք մեր սահմաններին, ընդամենը 300 մետր հեռավորության վրա թուրքն է, գնանք իրենց կողքին կանգնե՞նք, դա՞ եք առաջարկում։
-Արոտավայրերի հետ կապված խնդիրներն այդպես էլ լուծում չստացա՞ն։
-Ոչ, ոչ մի լուծում, մոտ 50 տոկոսով անասունների գլխաքանակը կրճատվեց։ Հենց ձյունը հալվեց, անասունները փախչելու են իրենց կողմ, էնտեղ խոտածածկը բարձր է։ Իրենց կողմն էլ խաղաղ բնակիչներ չեն, որ անասնապահությամբ են զբաղվում, եւ հնարավոր լինի ետ վերադարձնել։ Դե պատկերացրեք, թե ինչ է սպասվում։
-Ի՞նչ կանխատեսումներ ունեք, քաղաքական այս ճգնաժամն ինչո՞վ է ավարտվելու։
-Համոզված եմ՝ ներքին ուժ ենք գտնելու։ Էն, որ մենք էինք 30 տարի ասում՝ ամուր բռունցք, երկաթյա բռունցք, վերհառնելու ենք, ժողովուրդը հիմա բանակի հետ դարձել է բանակ, պատերազմի օրերին էլ այդպես էր, լավ, թե վատ, մեր հողը պահեցինք, ուրիշ կերպ չի կարող լինել։
Կարծիքներ