Գյումրին կոլապսի մեջ է․ հազարավոր աշխատողներ աշխատավարձ չեն ստացել
Գյումրիում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ճգնաժամ է հասունանում։ Մեր տեղեկություններով՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող շուրջ 2000-ից ավել ՀՈԱԿ աշխատակիցների աշխատավարձերը փոխանցող չկա ։Գյումրիի համայնքապետարանը կոլապսի մեջ է, համայնքը ղեկավար ու տեղակալներ չունի, չկան ո՛չ ֆինանսական, ո՛չ քաղաքաշինական, ո՛չ վարչական վարույթների գծով պատասխանատուներ։
Ավելի վաղ գրել էինք, որ «Բալասանյան դաշինքի» 14 ավագանու անդամների, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականից հետո Գյումրիի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացվել էր, աշխատողները մասսայաբար հրաժարականի դիմում են գրում։ Գյումրիի գործող ավագանու անդամները hraparak.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ աշխատավարձերի հետ կապված խնդիրն առկա է, եւ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը գրություն է ուղարկել ֆինանսների եւ տարածքային կառավարման նախարարություններ , որպեսզի կարգավորեն այն։ Բայց ավագանու անդամների մտահոգությունը միայն դա չէ․ քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի, իսկ եղածին օրական մեկն էլ ավելանում է։ Ավագանու ընդդիմադիր անդամներն այս պահին քննարկում են արտահերթ նիստ հրավիրելու հարցը, բայց խնդիրն այն է, որ անգամ նիստ հրավիրողը չկա, եւ այդ բոլոր առումներով Գյումրին աննախադեպ իրավիճակում է հայտնվել։
Ավագանու որոշ խմբակցությունների ղեկավարների կարծիքով` Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումը ՏԻՄ արտահերթ ընտրություններն են, քանի որ ՔՊ-ի կողմից քաղաքապետի պաշտոնակատարի նշանակումը ոչ իրավաչափ է։ «Էս իրավիճակում կոնկրետ օրենսդրական կարգավորումն այն է, որ ավագանին իր կազմից ընտրի համայնքի ղեկավար՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ եթե նիստը գումարվում է, եւ համայնքապետ չի ընտրվում, օրենքի ուժով դադարեցվում են ավագանիների լիազորությունները, եւ գնում ենք արտահերթ ընտրությունների՝ 30-40- օրյա ժամկետում։Եղան խոսակցություններ, թե պաշտոնակատար են նշանակելու, բայց օրենսդրության ոչ մի հղում չէին տալիս, մենք ուումնասիրել ենք օրենքը եւ նման կարգավորում օրենքի ոչ մի կետում չկա։ Մեզ համար ամենախելամիտ եւ օպտիմալ տարբերակը, որը նաև քաղաքի շահերից է բխում, դա հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ կազմակերպելն է», -hraparak.am -ին ասաց Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը՝ ընգծելով, որ «Ապրելու երկիր» -ը քննարկման արդյունքում նախնական որոշում է կայացրել՝ մասնակցել արտահերթ ընտրություններին ։
Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանի խոսքով էլ ՝ ստեղծված իրավիճակից քաղաքում կյանքը ժամ առ ժամ բարդանում է, եւ մինչ ավագանու լիազորությունների դադարեցումը ու ընտրությամբ իշխանությունների ձևավորումը, որոնք ամիսներ են տևելու, խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում ։
«Կա լուծումը, որը, ի դեպ, միակն է, մենք ունենք փոխքաղաքապետ Ջանոյան Սուրեն, որը դիմում չի տվել Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից դուրս գալու։ Եթե ինքը գա, ինքը չի կարող ազատվել պաշտոնից, եկողը պիտի իրեն ազատի, ինքը գործող փոխքաղաքապետ է, որի պարտականությունները կասեցվել են։ Քննիչի որոշմամբ՝ քրեական գործի շրջանակներում կասեցվել է նրա աշխատանքային գործունեությունը, նրան տնային կալանք է տրվել, և դեռ այն ժամանակ, երբ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը և առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը հրաժարական չէին տվել։ Քննիչը կարող է փոխել խափանման միջոցը։ Ջանոյան Սուրենը, որ կալանավորվել է հողակտորի գնման հետ կապված, եթե մնա կալանքի տակ, մեզ համար տասնյակ անգամ ավելի շահերի վնաս է լինում, տասնյակ միլիոններ, քան այն մի հողակտորն է, որի համար կալանավորվել է։ Հանրային շահի համար է եղել Ջանոյան Սուրենի կալանքը, այսինքն՝ հանրային շահին վնաս է եղել հողի ու հողատարածքի հետ կապված, իսկ հիմա Սուրեն Ջանոյանի աշխատանքի վերադառնալն ավելի մեծ հանրային շահերից է բխում, քան էն մյուս շահը, 100 հազար բնակիչների շահերին վնաս կլինի Սուրեն Ջանոյանի կալանքի տակ մնալը»,-նշում է Վարդևան Հակոբյանը։ Այլ հարց է, թե Ջանոյանը, ով արդեն վայր է դրել մանդատը, կհամաձայնի վերադառնալ, թե ոչ։ Հակոբյանը կարծում է, որ եթե նա իր քաղաքը սիրում է, պետք է համաձայնի։
Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն էլ hraparak.am-ին ասաց, որ Հանրապետության երկրորդ քաղաքում տնտեսական ճգնաժամը՝ մասնավորապես աշխատավարձերի խնդիրը, որքան տեղյակ է, փորձում են ներքին օղակներով համայնքապետարանում կարգավորել։ Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ուշի-ուշով հետևում է իրադարձությունների զարգացմանը, իսկ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին դեռևս հստակ որոշում չեն կայացրել ։
«Քանի դեռ իրավական առումով այս փուլում որևէ լուրջ գործընթաց դեռ տեղի չի ունեցել, վաղ է խոսել արտահերթ ընտրությունների եւ մյուսների մասին, բնականաբար, երբ իրադարձությունները զարգանան, մենք մեր քննարկումը կանենք եւ որոշում կկայացնենք»,-ասաց նա։
Կարծիքներ