«Սամասուդ» անելու լեգիտիմ իրավունք

«Սամասուդ» անելու լեգիտիմ իրավունք

Հոգիդ ԼՈՒՅՍ դառնա, Սպարապետ Վազգեն՝ ասում էիր․ «Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-1995թթ. հինգ հազար հրաշալի զինվոր կորցրինք, այլ այսպես՝ ստեղծեցի՞նք պետություն, թե՞ ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե՞ ոչ»: Երիցս ՃՇՄԱՐԻՏ ԵՍ, Սպարապետ ջան: Ցավոք, քիչ «հասկացողը կհասկանա», էլ ավելի «սակավ ընտրյալները» կհամաձայնեն: 

Միշտ էլ այդպես է եղել: Պետության առաջին դեմքերի գործունեությունը բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում էլ ոչ միանշանակ է ընկալվել ու ընդունվել: Եվ դա բնական է. հասարակությունը տարբեր շերտեր ունի, հաճախ նույնիսկ՝ շա՜տ տարբեր: Պակաս նշանակություն չունի նաեւ տարբեր արտաքաղաքական շահեր սպասարկող «5-րդ շարասյուների» առկայությունը: Ու նաեւ այս հանգամանքներն են պատճառը, որ երկրի ղեկավարի գործունեությանը ճիշտ գնահատական տալու համար ժամանակ է պահանջվում:

Մեր ժողովրդի ավագ սերնդի հիշողության մեջ անկախության համար մղված պայքարը ցայսօր, ցավոք, ավելի շատ մնում է իբրեւ «մութ ու ցուրտ տարիների» հիշողություն, քան ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ անանց բերկրանք ու հպարտություն: Դրա համար է, որ մինչ օրս ազգովին հավուր պատշաճի պատկառելի վերաբերմունքի չենք արժանացրել ու չենք արժանացնում այդ «մութ ու ցրտին» պետականություն կերտած, Արցախ ազատագրած մեր ԸՆՏԻՐ ՏՂԵՐՔԻՆ՝ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ:

Թերեւս տարբեր շահեր սպասարկողների խումբ-խմբակների առկայությունն է պատճառը նաեւ, որ որոշ մարդիկ պետական ու համազգային գնահատանքի են արժանացել բնավ ոչ արժանի լինելով եւ դեռ պատերազմի դաշտից թշնամու դեմ իրենց կռիվը դրոշակ դարձնելով եւ որպես «ազգի համար արած» ներկայացնելով՝ «օյիններ խաղացել» ու պատուհաս դարձել այդ նույն ազգի ու ժողովրդի գլխին:

Հիմա, երբ ժողովրդի անունից իշխանության եկած, ի տարբերություն ոմանց, իրոք, գերլեգիտիմություն ունեցող վարչապետը ժողովրդից գողացածը վերադարձնելու համար թացը չորից տարանջատելու քայլեր է ձեռնարկում, զանազան այլ շահեր սպասարկողներ փորձում են նույն այդ ժողովրդի այս կամ այն զգացողության վրա խաղալով՝ ջլատել ու ժողովրդի հնարավորինս մեծ հատվածի տրամադրել իր իսկ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՔՎԵՈՎ ձեւավորված իշխանության դեմ: Չի ստացվելու, որովհետեւ ժողովուրդը, այո՛, գերլեգիտիմության մանդատով օժտելով իր վարչապետին, թեկուզ չգրված օրենքով, անխուսափելիորեն նրան օժտել է նաեւ պետության ու պետականության, Արցախի հարցի հայանպաստ լուծման ճանապարհին ցանկացած խոչընդոտ եւ խոչընդոտողի «սամասուդ» անելու իրավունքով:

Յուրաքանչյուրս իր համար հիմա պիտի որոշի՝ մենք պետությո՞ւն ենք ուզում կերտել, թե՞ տարբեր խմբավորումների շահեր սպասարկող, հետզհետե իզգոյացող տարածք դառնալ: Եթե պետություն ենք ուզում կերտել, ուրեմն պետության առաջին դեմքի ձեռնարկած գործողությունների արդյունքում ցանկացած «չեզոքացում» համարում ենք ՄԱՏԱՂ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ ու առաջ գնում: Ի դեպ, պետականության զոհասեղանին մատաղ պետք է համարել նաեւ նախորդ առաջնորդների կատարած քայլերի արդյունքում պետականաշահ «չեզոքացումները»: Ուրիշ բան, եթե հանկարծ պարզվի, որ նրանք, հեռու տնից-տեղից, Չաուշեսկու կամ Միլոշեւիչ են եղել:
Իր անձնայինն ազգային ու պետական շահին ստորադասելու պատրաստ ցանկացած ոք պետականությունն ու պետությունը «5-րդ շարասյուների» կործանարար ազդեցությունից ազատելու գործում պետք է պատրաստ լինի թիկունք կանգնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ թույլ չտա, որ, Սարուխանի ասած՝ «նեռ, պատեհապաշտ ապերախտի որսացանցերով ջուր պղտորեն եւ կարմիր կարոտախտի փայլքով կարթը խայծավորեն…»: 

Հարկ է ընդգծել նաեւ, որ Անվտանգության խորհրդի վերջին նիստում իր ելույթով վարչապետը միանգամայն հստակ սահմանեց հայաստանակենտրոն, հայաստանա եւ հայանպաստ այն ուղենիշները, որոնցով այսուհետ ընթանալու է հայոց անսասան պետականության անընդհատելի ճանապարհը:

Հավատքով ու հույսով առլեցուն՝ հաջողություններ ենք մաղթում վարչապետ Փաշինյանին եւ բոլոր նրանց, ովքեր հանուն պետականության ամրապնդման կկանգնեն նրա կողքին: Հուսամ՝ ոչ մի վայրահաչող ու վարչապետի բառով ասած՝ «վնգստացող» այլեւ չի համարձակվի քինոտ նետել, թե տեսեք-տեսեք, իբր քանդում է, կործանում է ամենայն ազգայինը, հասեք: Փաշինյանը չի կործանում, Փաշինյանը կործանումից է փրկում, երկիրը պատուհասած այն լկտիների կործանիչ ազդեցությունից, որոնց ժողովուրդն այլեւս տեսնել անգամ չի ուզում: Քանզի, ինչպես Սարուխանն է ասել՝ ժողովրդին «խորթ են նրանք՝ վայրահաչերն այդ շուն ու շանորդի Հանկարծ կփսխի ցիլինդրներին ցից եւ օձիքներին՝ աղվեսամորթի»: 

Հիրավի, վարչապետ Վազգեն Սարգսյանից հետո դեռ ոչ մի վարչապետ ու ոչ մի պետայր այսքան ազգային հիմքեր շոշափող ու դրանց վրա հիմնված ելույթ չէր ունեցել եւ ազգային անվտանգության հայեցակարգ չէր սահմանել: Եվ ամենակարեւորը՝ հայեցակարգ, որին, համոզված եմ, հավատում ու վստահում է ժողովուրդը, ինչպես հավատում ու վստահում էր իր Սպարապետ-Վարչապետին։

Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ