ԵՄ դեսպանի կողմնակալ ու «անհամաչափ» ցնցումները 

ԵՄ դեսպանի կողմնակալ ու «անհամաչափ» ցնցումները 

Որքան Հայաստանում եռում է ներքաղաքական կյանքը, հասարակության ստվար հատվածը շարունակում է մերժել Փաշինյանին ու նրա վարած թուրքամետ քաղաքականությունը, այնքան Արեւմուտքը  տարբեր մակարդակներում ակտիվորեն հայտարարություններ է անում՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ու  նրա քաղաքական թիմի: Եվ սա բնական է, քանի որ այլեւս անհերքելի է, որ այս կառավարությունը եւ 2018 թ-ին տեղի ունեցած «հեղափոխությունը» Արեւմուտքի երկարատեւ ջանքերի ու աշխատանքի արդյունքն են: Ու հիմա ԱՄՆ դեսպանի ու ԵՄ դեսպանի հայտարարություններից այնպիսի տպավորություն է, թե մեր փոխարեն իրենք են որոշում՝ Հայաստանի քաղաքացու համար որն է լավը, որը՝ վատը, որն է  ժողովրդավարությունը, որն է ապահով։ Ասենք՝ խաղաղության քողի տակ թուրքի ստրկության մեջ ապրե՞լը, թե՞ արժանապատիվ կյանքը: Իրենք են որոշում, որ մենք մեր երկրում, մեր տան մեջ պահպանե՞նք մեր ազգային արժեքներն ու ավանդույթները, թե՞ ընդունենք իրենցը: Մեզ պարտադրում են, որ մեր հարկատուների հաշվին օրենք ընդունվի եւ սեռափոխվելու գերթանկարժեք վիրահատություններ կատարվեն պետբյուջեի հաշվին, եւ այլն:

Օրերս Երևանում կայացավ Ժողովրդավարության հայկական ֆորում անունով միջոցառում: «Իրազեկ քաղաքացիների միավորման» և Freedom House-ի նախաձեռնած այս համաժողովի մասնակիցները փակ դռների ետեւում խոսում էին ժողովրդավարությունից, այն դեպքում, երբ դրսում լրագրողներին ու ընդդիմադիր պատգամավորներին արգելում էին ներս մտնել: Ու այս ֆոնին, փակ դռների ետեւում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը իշխանական պատգամավորների առաջ «ցնցվում է» ոչ թե այդ անհեթեթ իրավիճակից, որ փակ դռների ետեւում են մնացել լրագրողներն ու ընդդիմադիր պատգամավորները,այլ՝ միայն իր համար հասկանալի երեւույթներից. «Այն, ինչ ինձ անհանգստացնում է հիմա ատելության խոսքն է այս երկրում։ Երբ լսում եմ որոշակի մեկնաբանություններ, տեսնում եմ որոշակի հրապարակումներ, ես ցնցվում եմ այն լեզվի պատճառով, որն օգտագործվում է, և այն օգտագործվում է նույնիսկ հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն։ Օրինակ՝ Ազգային ժողովը։ Ես շատ կողմ եմ բարեվարքության կանոններ ներդնելուն։ Տեսնում եմ, որ երբ դուք ուրախ չեք, դուք կարող եք գտնել մի մարդ, որին կթիրախավորեք, և դա կարող է լինել վարչապետը, դա կարող է լինել միջազգային հանրությունը և այնուհետև դա բարձրանում է մի մակարդակի, որտեղ ես ասում եմ՝ լավ, արդյո՞ք ես ընդունում եմ այս քննադատությունը։ Ոչ, որովհետև դա անցնում է կարմիր գիծը»: Դեսպանի խոսքի սկզբից տպավորություն ստացանք, թե տիկին դեսպանը, ինչպես ՀՀ քաղաքացիները, ցնցվում է մեր երկրի վարչապետի լեքսիկոնից, ինչը հարիր չէ որեւէ  երկրի առաջին դեմքի:  2018 թ-ից ի վեր Հայաստանում հաստատվեց այնպիսի մի ռեժիմ, որ երկրի առաջին դեմքը հրապարակավ հրահանգում է ուժայիններին ՝ մարդկանց փռել ասֆալտին, ծեփել պատերին: Քարոզարշավի է դուրս գալիս խորհրդանշական մուրճը ձեռքին՝ իրեն ընդդիմացողների գլխին զարկելու ազդակով, խոստանում է բռնել ու շինել «նախկիններին», հրահանգում է շրջափակել դատարանների շենքերը. Աժ ամբիոնից ինչ-որ բաներ է թափ տալիս: Հայտարարում է, որ պողպատե մանդատ է ստացել եւ սպառնում է այն ամբողջ ուժող կիրառել։ Իսկ որոշ համայնքներում ընտրված թեկնածուները, որոնք Փաշինյանի թիմակիցները չեն, ամիսներով անազատության մեջ են եւ Փաշինյանը նրանց փոխարինել է «քրեական ենթամշակույթ» կրողներով: Փաշինյանի բերած լեքսիկոնի, ատելության խոսքի եւբռնապետական բարքերի մասին կարելի է երկար խոսել, բայց ԵՄ տիկին դեսպանը այս ամենից ցնցված չէ, այլ՝ ցնցված է վարչապետին քննադատողների լեքսիկոնից: Տիկին դեսպանի այս «անհամաչափ» ցնցումները եւս մեկ անգամ փաստում է, որ ԵՄ-ն ֆորմալ կառույց է, որը ժողովրդավարության, մարդու իրավունքների քողի տակ առաջ է տանում իր աշխարհաքաղաքական մեծ շահերը: Ու, քանի որ այդ միության մեջ մտնում են տարբեր շահեր հետապնդող երկրներ, երբեմն  այդ կառույցի քայլերը եւ պաշտոնական հայտարարությունները դառնում են անհեթեթ ու զավեշտալի:

ԵՄ-ն որոշոկի գումար տրամադրելով տարբեր երկրների՝ իբր ժողովրդավարության զարգացմանը, այդ երկրները քանդում է ներսից, նպաստում գունավոր հեղափոխություններին, պատերազմների մեջ ներքաշում՝ ինչպես Ուկրաինային, քիթը անհարկի մտցնում է այդ երկրների ներքին գործերին ու փորձում իր արժեհամակարգը մտցնել այդ երկրներ: Ի դեպ տիկին դեսպանը վերջերս հիացմունք էր արտահայտում ՀՀ-ում ոստիկանության բարեփոխումների առիթով, որի պատճառը, ոչ ավել, ոչ պակաս՝ ոստիկանության նոր մեքենաներն էին. «Երբ պարեկային ծառայության մեքենաները հայտնվեցին փողոցներում, դա բարեփոխումների տեսանելի արդյունքն էր»: Հետաքրքիր է, տիկին դեսպանը շարունակու՞մ է հիանալ, երբ այսօր փողոցներում այդ նույն մեքենաներով, բռնի ուժի գործադրմամբ, ոստիկանները ծեծելով, ձեռք ու ոտք ջարդելով բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին, պատգամավորներին, անգամ անչափահաս երեխաներին:

 Հ/Գ Այստեղ տեղին է հիշել Ռուբեն Սեվակի խոսքերը.«Եվրոպան՝ այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որպեսզի  բոզություն հնձե…»: