Գերագույն հրամանատարը ձերբակալում է հրաման կատարողին

Գերագույն հրամանատարը ձերբակալում է հրաման կատարողին

Ո՞վ չի իմանում, որ  հայ զինվորը երբեք թշնամու առաջ չի խեղճացել։ Ու հիմա, երբ հերոսության դրվագներ են ներկայացվում, որ այսինչ կամ այնինչ հերոսը գերի չի հանձնվել, այս ու այնտեղից նվվոցներ են լսվում՝ կյանքը թա՜նկ է։ Այո, ընդունում եմ, թանկ է կյանքը, բայց կյանքից էլ թանկ մեր հայրենիքն է, հողը, տունը։ Կյանքից էլ թանկ հայի արժանապատվությունն է։ 44-օրյա պատերազմից հետո կա՞ պատիվ ունեցող մի հայ, որ գլուխը հանգիստ դնում է բարձին ու քնում։ Մարդիկ թշնամու առաջ  իրենց նսեմացված, ստորացված վիճակն ավելի ծանր են տանում, քան տասնյակ հազարավոր զոհերի ու հաշմանադամների կորուտը։

Մի կողմից պետական քարոզչությունն է մարդկանց ստորացնում, որ  խայտառակ պարտության համար զինվորականությունն է մեղավոր, որ հերոսները զոհվել են հանուն ոչնչի, մյուս կողմից Ադրբեջանն է ծիծաղում ու գերագույն հրամանատարին «նոլդու Փաշինյան» անում։ Ստացվում է, որ 44- օրյա պատերազմը տանուլ տալու համար պետական լծակների տիրապետող երկրի վարչապետը պատերազմին մասնակցած, ցանկացած սպայի ու գեներալի կարող է դավաճան համարել ու ձերբակալել, ինչպես և անում է։ Պատերազմ է հայտարարել զինվորականության դեմ և օգտվելով պետական անսահմանափակ ռեսուրսներից ու լծակներից ձերբակալում է այն զինվորներին, ովքեր կարող են լրացուցիչ վտանգ ստեղծել իր համար։ Գերագույն հրամանատարը ձերբակալում է հրաման կատարողին։ Ու՞մ հրամանն են կատարել գեներալները։ Եթե նույնիսկ գեներալները կատարել են «այլ հրաման» , էլի պատասխանատուն գերագույն հրամանատարն է, որ չի կարողացել մոբիլիզացնել կադրային ռեսուրսը։ Ու ամենակարևորը։ Ադրբեջանի ամենօրյա սպառնալիքի պայմաններում դուրս գալ զինվորականության դեմ, փոշիացնել նրանց ուժը, ամենամեծ՝ առանց պաշտպանության, հարվածն է լինելու Արցախի ու Հայաստանի դեմ։ Այդ հարվածը վերջնականն է լինելու։ Միգուցե այդ մասին մտածեն գեներալները ու հանուն Արցախի ու Հայաստանի իրենց վճռական խոսքով կանգնեցնեն այս գահավիժումը։