22 միլիոն դոլարանոց ապացույցներ

22 միլիոն դոլարանոց ապացույցներ

Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել, մասնագետների պնդմամբ՝ Հայաստանի բանկային համակարգի համար աննախադեպ մի դատական գործընթացի առիթով, որով գործարար Գևորգ Աֆանդյանը նախկին «Անելիք» բանկից (այժմ՝ «ԱյԴիբանկ») պահանջում է 22 միլիոն դոլար։
Այս աղմկոտ թեման նույնիսկ Ազգային Ժողով հասավ, որտեղ, կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, անդրադառնալով պատգամավորներից մեկի՝ այս դատական գործընթացի հետ կապված հարցին, նշեց, որ «Հայաստանում մի խումբ գործարարներ փորձում են միջամտել բանկային համակարգի կայունությանը»: Ջավադյանն ավելացրեց, որ կոնկրետ մի ընկերություն խնդիր ունի յոթ բանկի հետ: ԿԲ նախագահը չհստակեցրեց, թե որ ընկերության մասին է խոսքը, սակայն նշեց, որ բանկերին հասցվող վնասը հարյուր միլիոնավոր դոլարների է հասնում:

Իրականում խոսքը բազմաթիվ բիզնեսներ հիմնած գործարար Գևորգ Աֆանդյանի և նախկին «Անելիք» բանկի միջև սկիզբ առաջ դատական գործընթացի մասին է։

Բանն այն է, որ մի քանի տարի առաջ Աֆանդյանը բազմամիլիոնանոց վարկ է վերցրել բանկից՝ գրավ դնելով «Արզնի» հանքային ջրերի գործարանը։ Հետահայում չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունները և բանկը ստիպված բռնագանձել է գրավադրված գույքը։ Գործարարն ու բանկի ղեկավարությունը պայմանավորվել են, որ եթե սեփականատերը, այսինքն՝ Աֆանդյանը, կարողանա 2 տարվա ընթացքում գտնել անհրաժեշտ գումարը, ապա, առաջնայնության սկզբունքով իրեն կվերադարձվի գործարանի գույքը, իսկ եթե բանկը խախտի այս պայմանավորվածությունը, ապա որպես տույժ Սֆանդյանին կվճարի գույքի արժեքի հնգապատիկը՝ 22 միլիոն դոլար (նման՝ ֆանտաստիկ բանաձևով գործարքի փաստն առանձին քննարկման թեմա է)։

«Արզնի» հանքային ջրերի գործարանի հետագա շահագործման համար բանկը, որոշ ժամանակ անց, ստեղծում է նոր ընկերություն՝ «Տարմակ» ՍՊԸ։ Ահա այս կետից սկսած է, որ կողմերն սկսում են մեղադրել իրար՝ պայմանավորվածություններ խախտելու մեջ։ Աֆանդյանը, մասնավորապես, պնդում է, թե այդ լուծումն իր հետ չեն համաձայնեցրել, հետևաբար՝ բանկը խախտել է ձեռք բերված համաձայնությունը և պետք է վճարի նախատեսված 22 միլիոն դոլարը։

Բանկում կտրականապես հերքում են այս պնդումները, նշելով, որ Գևորգ Աֆանդյանը ոչ միայն տեղյակ է եղել այս նախաձեռնությունից, այլև անձամբ է մասնակցել քննարկումներին։ Ավելին՝ հենց Գևորգ Աֆանդյանի որդուն՝ Վահե Աֆանդյանին է առանց նույնիսկ մեկ դրամի փոխանցվել նորաստեղծ ընկերության բաժնեմասերի մեկ երրորդը։ Այսինքն՝ ակնհայտ է, որ կողմերից մեկը, մեղմ ասած՝ չի ասում ողջ ճշմարտությունը։

Մենք փորձեցինք կապ հաստատել երկու կողմի հետ էլ՝ հասկանալու՝ արդյո՞ք ունեն իրենց պնդումները հավաստող ապացույցներ։ Գևորգ և Վահե Աֆանդյանների հետ կապվել այդպես էլ չհաջողվեց. նրանց հեռախոսները տեւական ժամանակ անջատված էին, կամ չէին պատասխանում հեռախոսազանգերին։

Իսկ ահա «ԱյԴիԲանկից» պնդեցին, որ անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել ապացույցներ, որ Գևորգ Աֆանդյանը տեղյակ է եղել, բանկի ղեկավարության հետ միասին քննարկել է և հավանություն տվել նոր ընկերություն հիմնելու առաջարկին։

Այդուհանդերձ, մենք կսպասենք նաև հակառակ կողմի արձագանքին՝ թեման առաջիկայում առավել բազմակողմանի քննարկելու նպատակով։ Ի վերջո՝ ակնհայտ է, որ գործն իսկապես աննախադեպ է և կարող է որոշակի ցնցումներ առաջացնել հայաստանյան բանկային համակարգում։