Կորոնավիրուսին կդիմանանք, վախենամ՝ տնտեսական հետևանքներին չդիմանանք

Կորոնավիրուսին կդիմանանք, վախենամ՝ տնտեսական հետևանքներին չդիմանանք

Կորոնավիրուսի ամենից ծանր հետեւանքը լինելու է սպասվող տնտեսական անկումը, որը շատերին հասցնելու է չքավորության եզրին, ու եթե այս հարցում Փաշինյանի մեղքը քիչ է՝ սա համաշխարհային հիմնախնդիր է, այդուհանդերձ, կարող է դառնալ նրան գահընկեց անելու լուրջ պատճառ, քանի որ մարդիկ հոգնում են իրենց թշվառ վիճակից ու առանց դեմքին-դիրքին նայելու՝ տապալում այն իշխանությանը, որի օրոք իրենց թշվառ են զգացել։ Պատմությունն այս տեսանկյունից ուսանելի դասեր է տվել, մնում է, որ ոչ միայն ցանկություն ունենանք, այլեւ ունակ լինենք այդ դասերը սովորելու։

Հազիվ թե գտնվի մեկը, անգամ Ուինսթոն Չերչիլի հակառակորդներից, ով կասկածի տակ դնի նրա անգնահատելի ծառայությունը Երկրորդ աշխարհամարտում Մեծ Բրիտանիայի հաղթանակի գործում: Եվ երբ 1945թ. հուլիսի 26-ին Միացյալ Թագավորությունում ամփոփվում էին պառլամենտական ընտրությունների արդյունքները, ընթանում էր Պոտսդամի կոնֆերանսը, որում բրիտանական պատվիրակության ղեկավարն էր վարչապետ Չերչիլը: Այնտեղ որոշվում էին աշխարհի բախտը, հետպատերազմյան ազդեցությունների ոլորտների հարցը, բաժանված աշխարհի վերաբաժանման մեջ յուրաքանչյուր հաղթողի հասանելիքը: Այս իրավիճակում Չերչիլը մեկ օրով վերադարձավ տուն, որպեսզի հաղթանակի համար շնորհավորանքներ ստանար ու վերադառնար Պոտսդամ: Բայց եկավ ու տեսավ, որ իր կուսակցությունը պարտվել է, եւ ինքն այլեւս վարչապետ չէ, Պոտսդամի կոնֆերանսի բանակցությունների սեղանին տեղը զիջելով Կլեմենթ Էթլիին: Բայց Չերչիլը չնեղացավ «ապերախտ» իր ժողովրդից, այն ժողովրդից, որը, պատերազմական դժվարություններից ու զրկանքներից հոգնած, մերժեց իր փրկչին: Այն, որ նա իր նկատմամբ այդ վերաբերմունքն անարդարացի էր համարում` փաստ է, բայց անգամ սեփական ժողովրդից իր նեղացածությունն արտահայտելիս Չերչիլը կոռեկտ էր, մեղադրելու մեջ հարգալից, հիշատակելով Պլուտարքոսի խոսքերը․ «Իրենց մեծ մարդկանց նկատմամբ երախտամոռությունն ուժեղ ժողովուրդներին բնորոշ գիծն է»: Հարկ է նշել, որ Չերչիլն իսկապես փրկիչ էր, թշնամին՝ համաշխարհային չարիք նացիզմը, ինչի վրա կարելի էր միանգամայն արդարացիորեն պարտագրել ցանկացած մեղք։ Պետք է նաեւ հաշվի առնել, որ Փաշինյանը Չերչիլ չէ, Սերժ Սարգսյանը Հիտլեր չէ, անգլիացին էլ «պողոս» չէ։ Ասել է թե՝ բոլոր համեմատություններն ի վնաս մեր վարչապետի են։
Այսօր աշխարհում ամենուր է վիճակը վատ, ուստի մեր դժգոհ հայրենակիցները չեն բռնելու գաղթի ճամփան, դրանով լարվածությունը թուլացնեն երկրում, իսկ սա բազմապատկելու է իշխանության դեմ ագրեսիան, քանի որ գնացողները նաեւ դրսից սոցիալական հարց էին լուծում այստեղ մնացած հարազատների համար։

Անգլիական հեղափոխության առաջնորդ Օլիվեր Կրոմվելից էլ էին որոշ ժամանակ անց մարդիկ հիասթափվել ու փողոց դուրս եկել։ Ու երբ սոցիալական ծանր վիճակից դժգոհ կանանց փողոցում հանդիմանում էին, թե ձեր տեղը խոհանոցն է, ձեր կաթսաների կողքին, հակադարձումը դիպուկ էր՝ եթե տանը կաթսաներ ունենք, ապա նրանց մեջ դնելու բան չունենք, դրա համար էլ ելել ենք փողոց։
Ժողովուրդը վստահեց նախկին ռեժիմը մերժող Փաշինյանին, նա հույս արթնացրեց, որ ամեն ինչ լավ է լինելու, կանայք դուրս եկան, մանկասայլակներով փողոց փակեցին, քանի որ կարծում էին, թե այդ երեխաների ապագայի համար են պայքարում՝ իրենց կյանքը վտանգելով։ Այսօր հավատ չկա ապագայի հանդեպ աշխարհում՝ ընդհանրապես, ու մեր երկրում՝ առավելապես, իսկ սովամահության վտանգը թակում է մեր դռները։ Այս պարագայում մանկասայլակով փողոց դուրս գալուց մինչեւ դատարկ կաթսայով դուրս գալը մեկ քայլ է։ 

Ամեն քայլափոխի լսում ենք, թե մենակ Նիկոլը գնա, ով ուզում է գա։ Իմ տարիքն ու քաղաքական փորձառությունը թույլ են տալիս նշելու, որ նման ձեւակերպում առաջին անգամ չէ, որ լսում եմ։ Մենակ Լեւոնը գնա՝ ով ուզում է գա, Քոչարյանը գնա, Սերժը գնա, Նիկոլը գնա։ Մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդը պրոյեկտելով քաղաքականության վրա՝ կարող ենք փաստել, որ Փաշինյանից հետո ավելի վատն է գալու։ Առավել եւս, որ իշխանությունն այդպես էլ ինստիտուցիոնալ չդարձավ, մնաց մեկի ձեռքում՝ նրա հեղինակությունից կամ դրա անկումից կախված։ Ո՞վ է գալու, երբ վարչապետի պաշտոնանկությունը չի ենթադրում արտահերթ ընտրություններ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ներթիմային պայքարը, դրսի ուժերի հետ ծածուկ պայմանավորվածություններն ու բացահայտ հակամարտությունները, պատերազմի վտանգը, ծանր սոցիալ-տնտեսական վիճակը։ Մի քանի ազդեցիկ «նախկիններին» ձեռնտու՝ «ով ուզում է գա»-ն հասկանալի է՝ իրենց չի հաջողվում լեզու գտնել Փաշինյանի հետ, համարում են, որ ով էլ գա, իրենց հետ հաշվի կնստի, կամ էլ գոնե հարուցված քրեական գործերը կկարճվեն, նորերը չեն հարուցվի, ու ֆինանսական ամնիստիա կհայտարարվի։ Այս կարգի մտածող այդ մի քանի հոգու ձեռքում կան ահռելի ֆինանսական ու այլ ռեսուրսներ, որոնց շնորհիվ քաղաքական դաշտին պատվեր է իջեցվել՝ մի կողմ թողնել ծրագրային ու գաղափարական պայքարը ու լծվել Փաշինյանին բոլոր կողմերից հարվածելու գործին, մինչեւ տապալելը՝ դրսեւորելով բացառապես դեստրուկտիվ վարքագիծ։ Հասարակությունը Սերժ Սարգսյանից սպասելիք չուներ, նրան ատում էր կամ զզվում նրանից, Փաշինյանից հիացել են, ուստի նրան չեն ներելու իրենց հիասթափությունը, ու եթե հանկարծ ընկնեն դեստրուկտիվ ընդդիմադիրների ազդեցության տակ, կսրբեն- կտանեն իրենց ճանապարհին ամեն ինչ։
Այսօր ԱԺ-ի իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի բերանով հստակ հասկացնել են տալիս, ավելի ճիշտ՝ շանտաժ անում Փաշինյանին, որ իրենք աշխատում են փողի համար։ Իսկ ԱԺ-ի մեծամասնության քվեարկությունից է կախված՝ Փաշինյանը կմնա՞ վարչապետ, թե՞ պաշտոնանկ կարվի, ու քանի որ իրենք նվիրյալներ չեն, ապա կարող են նախկինների հետ անգամ ձեռք բերել պայմանավորվածություն՝ այս սպասվող նեղ օրերի ֆոնին՝ համապատասխան գումարի դիմաց նրանց շահերը սպասարկելու։

Այսօր քաղաքական դաշտում մատների վրա կարելի է հաշվել հրապարակային գործիչների, որոնք իշխանության մեջ չեն, չեն օգտվում իշխանական որեւէ ֆինանսական ծրագրից, բայց չեն գնացել կանգնել նախկինների որեւէ թեւի կողքը, համառորեն իրենց ուժերի ներածի չափով աջակցում են իշխանություններին, երբ նրանք անգամ իրենց անտարբերությամբ հասկացնել են տալիս, որ նրանց օգնության կարիքը չունեն։ Ու երբ խոսվում է, թե իշխանական «առնետները» կամաց-կամաց լքում են խորտակվող նավը, դա կարող է ճիշտ չլինել այս պահին կամ այդքան էլ կարեւոր չլինել։ Չմոռանանք, որ նվիրյալները նրանք չեն, նրանք փողի ու վայելքների համար են իշխանության մեջ, իսկական նվիրյալները նրանք են, որ զգալով նավի խորտակվելու վտանգը՝ իրենց մակույկով ընդհուպ մոտեցել են նավին՝ վտանգավոր աստիճանի, իրենց վրա են վերցնում նախկինների հարվածները, նավի մեջ չլինելով ու չվայելելով կյանքը ուղեւորների հետ միասին, բայց կարող են կործանվել ավելի շուտ։ Իշխանական նավի կայունության ցուցիչը փախչող առնետները չեն, նրանք լքում են նավն առաջին իսկ վտանգի դեպքում, իսկ նավը հետագայում կարող է չկործանվել, կայունության ցուցիչը նշածս նվիրյալների վարքագիծն է, նրանց ընտրության մեջ շահ չկա, այլ՝ վտանգ, երբ շատերից ավելի լավ են կանխազգում, թե ինչ է սպասվում առաջիկայում։ Ու եթե այդ նվիրյալները վերջնականապես համոզվեն, որ իշխանությունները ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ ունակ են երկիրը զարգացման ուղով տանելու կամ գոնե չկործանելու, իրենց մակույկը դնեն թեւի տակ ու հեռանան, իշխանությունն այդժամ կհասկանա, որ ամեն ինչ վերջացած է, բայց այլեւս շտկելու ո՛չ ժամանակ կունենա, ո՛չ էլ հնարավորություն։

Վաղվա օրվա հանդեպ տագնապն ահագնացող չափերի է հասել հանրության շրջանում, ուստի պետք է տեսնեն հստակ ծրագրեր, գաղափարներ ու թիմ, որն ունակ է իր ներկայացրածը կյանքի կոչելու, որպեսզի իշխանությունից հիասթափվածները, որ ոչ մի պարագայում նախկինների կողմ չթեքվողները տեսնեն այդ ուժը, որը թույլ չի տա, որպեսզի ժողովրդի ցասումը մտնի կործանարար հուն։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի այս բախտորոշ պահին իշխանությունները չտապալվեն, դրան զուգահեռ ամեն ինչ պետք է անել, որպեսզի տապալման անխուսափելիության դեպքում իշխանությունը չհայտնվի արյան ծարավ, ագրեսիվ բախտախնդիրների ձեռքում։ 

Կորոնավիրուսը շատերի պլանները խախտեց, հասկանում են, որ այս պարագայում իշխանությունը վերցնելով՝ երկիրը չեն կարող կառավարել՝ սոցիալական այս ահռելի բեռն իրենց ուսերին վերցնելով, դրա համար բավարարվում են միայն գործողներին տապալելու ծրագրերով, իսկ այս պահին իշխանության գալ՝ ցանկացած գնով ձգտում են միայն արկածախնդիրները։ Աշխարհում փողը պակասել է, հիմա արդեն ուժի ու ֆինանսական կենտրոնները, գերտերություններն ավելի քիչ գումար են տալու, բայց դրա դիմաց ավելի մեծ ծավալով իրենց կամքը պարտադրելու, ինչը շատ դեպքերում կարող է դարձնել այդ օգնությունն անընդունելի։ Դրա համար պետք է հույսը չդնել հայկական ճարպկությամբ դրսից գումար բերելու հնարքների վրա։ Այն ուժը կունենա հաջողություն, որ կգնա լայն կոնսոլիդացիայի ճանապարհով, հանրութանը կներկայացնի իրական վիճակը, ցույց կտա իր իրական հնարավորությունները, կանխատեսելի գործընկեր կլինի արտաքին աշխարհի համար։


Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ