Պուտինը ցավակցել է Մակրոնին

Պուտինը ցավակցել է Մակրոնին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին ահաբեկչական հարձակումների կապակցությամբ։ 

Հայտնում է ռուսական «Ռեն ՏՎ» հեռուստաընկերության կայքը՝ հղում անելով պաշտոնական Կրեմլին:

«Ռուսաստանի Դաշնության ղեկավարը շեշտեց, որ ռուսները կիսում են Ֆրանսիայի ցասումն ու վիշտը, և անկեղծ կարեկցանքի խոսքեր փոխանցեց զոհվածների հարազատներին: Բացի այդ, Պուտինը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը սերտորեն համագործակցելու Փարիզի և այլ գործընկերների հետ ահաբեկչության դեմ պայքարի բոլոր ուղղություններում»,- գրել է կայքը:

Հոկտեմբերի 29-ի առավոտյան անհայտ անձը դանակով հարձակվել էր անցորդների վրա Նիսի Աստվածամոր եկեղեցում։ Հարձակման հետևանքով 3 զոհ է եղել, լրատվամիջոցները հայտնել են նաև մի քանի վիրավորի մասին։ Նույնը օրը նաև հարձակում է եղել ֆրանսիական Ավինյոն համայնքում։ Հանցագործը իսլամական կոչերով հարձակվել է ոստիկանների վրա, նրան չեզոքացրել են։  

Նշենք, որ վերջին մի քանի օրերին սրվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, որի պատճառը դարձավ հոկտեմբերի 16-ին Փարիզին մերձակա Վալ դը Ուազ դեպարտամենտում սպանությունը։ Ծայրահեղ իսլամիստը գլխատել էր մի ուսուցչի, որը ցուցադրել էր Մուհամեդ մարգարեի դասական ծաղրանկարները։ Միջադեպը մեծ արձագանք գտավ Եվրոպայում և ոչ միայն։