Մեզանում սրբեր չկան, սուրբ ձեւացողներն ընտրողին են մոլորեցնում

1988-ի ավերիչ երկրաշարժից անցել է 37 տարի, բայց Գյումրին մինչ այժմ աղետի գոտի է: Թերևս միայն այս հանգամանքը, որ մեր պետությունը չի կարողացել 37 տարիների ընթացքում աղետի հետևանքները վերացնել, փաստում է Հայաստանի ողջ «պերճանքի և թշվառության» մասին: Բոլորովին վերջերս Միացյալ Նահանգներում աղետալի հրդեհներ տեղի ունեցան, տներ, ահռելի տարածքներ այրվեցին, սակայն Կալիֆոռնիա նահանգը աղետի գոտի չդարձավ: Տարիներ առաջ էլ Փարիզում հրդեհներ տեղի ունեցան, այրվեց Փարիզի Աստվածամոր տաճարը, սակայն Փարիզը ևս աղետի գոտի չդարձավ:
Գյումրին, որը ոչ Փարիզ է, ոչ Լոս Անջելես, ուղիղ 37 տարի է անօթևաններ ունի, տնակներ, փլատակներ, անտուն մարդիկ, որոնք սերունդներ են տվել դոմիկներում: Շիրակի մարզը համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, որտեղ չկան աշխատատեղեր, եկամուտները ցածր են: Գյումրեցիներն այսօր սպասում են նոր քաղաքապետի, ով գուցե փոխի գյումրեցու թշվառ կյանքը: Լսում ես Գյումրու քաղաքապետի թեկնածուներին, մեկը մյուսից գեղեցիկ խոսոտումներ են տալիս, քիչ է մնում կորցնես իրականության զգացումը և հավատաս բոլորի դատարկ խոսքերին:
Օրինակ` Սարիկ Մինասյանն այնպիսի անկեղծությամբ եւ ազնիվ հայացքով է խոստանում Գյումրին հզորացնել, որ եթե ՔՊ-ի նախորդ խոստումներին ծանոթ չլինեինք, միանշանակ կհավատայինք այդ մարդու փայլուն դերասանական խաղին, բարի ժպիտին:
Բայց ամենազավեշտալին Գյումրու նախկին քաղաքապետ, ըստ սոցհարցումների այժմ` քաղաքապետի առաջատար թեկնածու Վարդան Ղուկասյանի «Հրապարակին» տված հարցազրույցում ասված մտքերն են: Ղուկասյանը նշում է, որ իր թիվ մեկ թշնամիները ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն են, հետո նշում է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «եվրոպամետ» է: Լսելով հարցազրույցը մի շարք հարցեր են առաջ գալիս: Արդյո՞ք աղքատության ու անորոշության մեջ ապրող գյումրեցու համար ԼԳԲՏ անձանց հարցն է առաջնայինը: Արդյո՞ք կիսաքաղց ու անօթևան գյումրեցուն հետաքրքրում է, թե ով ում հետ է քնում և ինչպիսի սեռական հարաբերություն ունի: Մարդը փոխարենը հստակ` առանց ավելորդ մեծախոսության ներկայացնի իր նախընտրական ծրագիրը, ասի, թե քանի աշխատատեղ է ստեղծելու, քանի անօթևանի է բնակարանով ապահովելու, խոսում է ինչ-որ հարցերի մասին, որոնք գյումրեցու համար այսօր երկրորդական են: ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, ինչպես առաջ, այնպես էլ Վարդան Ղուկասյանի ընտրվելուց հետո շարունակելու են բացահայտ, կամ ծածուկ իրենց կյանքով ապրել` այնպես, ինչպես ճիշտ են գտնում: Ստացվում է, որ գյումրեցիները հույս են կապում մեկի հետ, ով փոխարենը խոսի Գյումրու առջև ծառացած խնդիրներից, ինչու չէ` երկրի անվտանգությունից, գործող իշխանության հակահայ քաղաքականությունից, խոցելի խմբերին թիրախ դարձնելով` փորձում է դիվիդենտներ շահել:
Ընդ որում, Հայաստանը շատ փոքր երկիր է, բոլորն էլ գիտեն, թե ով ինչ կյանքով է ապրել, նաեւ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ եղած տարիներն են հիշում: Եւ շատ լավ հայտնի է, որ մեզանում սրբեր չկան ու չեն լինելու: Մեկը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է, մյուսը` կրիմինալի, երրորդը` պաշտոնն օգտագործելով հարստացել է, չորրորդը` ազգուտակին է առաջ բրդել ու հովանավորչություն արել, հինգերորդը` հանուն պաշտոնի ու փողի, հանցավոր գործունեությամբ է զբաղվել: Եւ դեռ հարց է, թե դրանցից ով է ավելի մերժելի ու վտանգավոր հանրության համար:
Կարծիքներ