Սխալ կոդեր

Սխալ կոդեր

Մեր հասարակությանը 100 տարի ինտենսիվ փչացրել են՝ սովորեցրել, որ իշխանությունը պետք է բռնարար լինի, կյանքը՝ չարքաշ, հասարակությունը՝ ստորաքարշ։ Որ իշխանություն փոխելու մասին երազելն անիմաստ է՝ իշխանափոխությունը միայն արյան գնով է լինում, իսկ ով զավթում է, սերնդեսերունդ պետք է իշխի։ Սովորեցրել են, որ հասարակությունը պետք է կազմված լինի արտոնյալ եւ ցածր խավերից, ու այդ արտոնությունները բաժին են հասնում ոչ թե նրանց գիտելիքների, աշխատասիրության, նվիրվածության եւ ազնվության համար, այլ ստորության, սրիկայության, դավաճանությունների դիմաց, առավելագույն դեպքում՝ բախտի բերմամբ։

Մեր հասարակությանը գրեթե մի հարյուրամյակ ներշնչել են, որ արդարությունը միայն հեքիաթներում է լինում, իսկ լավ կյանքը՝ կա՛մ օտար երկրներում, կա՛մ՝ հանդերձյալ աշխարհում։ Եվ առհասարակ՝ կյանքը բացառապես դաժան փորձությունների, անիմաստ պայքարի ու ձախողումների մի երկար շղթա է, որից անփորձանք դուրս են գալիս միայն «շուստրիները»։ Այս ամենը մեր հասարակությանը ներարկվել է մանկապարտեզից մինչեւ բուհ, ընտանիքում, աշխատավայրում, մտավորականների ու քաղաքական գործիչների կողմից։ Արդյունքում՝ այսօր ունենք պայքարի անընդունակ, վախի ու հուսահատության ենթակա, անորոշ արժեքային համակարգով հանրություն, որի առօրյան կազմված է հաց վաստակելու մասին չարքաշ հոգսերից, ատելությունից, ցավից, չարությունից, ձանձրույթից, բամբասանքից։ Հիմա այսքան տարի կոտրված, խեղված, սխալ դաստիարակված, սխալ կոդավորված հասարակությունից պահանջում ենք, որ լինի մեծահոգի, բարի, հանդուրժող, չհայհոյի, չվիրավորի, իր պատկերացումների մեջ չտեղավորվող մարդկանց չատի։ Տարբերի թացը չորից, լավը՝ վատից, արդարը՝ անարդարից, գեղեցիկը՝ տգեղից, օրինականը՝ անօրինականից։