Սկզբունքը քաղաքական հետապնդումների գործիք դառնա՞լն է
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակներում, մարտի 13-ին հանդիպել էր ԵՊՀ իրավագիտության երկրորդ եւ երրորդ կուրսերի ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին: Հանդիպումը կայացել է դատախազի աշխատասենյակում։ Այսինքն՝ ԵՊՀ իրավաբանականից մի 5-6 խելոք ուսանող են ընտրել, ուղարկել դատախազություն, որ դատախազը հանդիպի, հետո հաղորդագրություն տարածի այդ մասին, եւ հարցերն էլ Վարդապետյանի սրտով լինեն։ Օրինակ, պատասխանելով ապագա իրավաբան Մելինե Մանուցյանի հարցին, թե ինչու է համաձայնել ստանձնել հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը, Վարդապետյանն ասել է․ «Երկար ժամանակ չունեի մտածելու: Մի գործոն կար, որ լուրջ ազդեցություն ունեցավ որոշմանս վրա. եթե ես ուզում եմ ինչ-որ բան փոխել, եթե ես դժգոհություն ունեմ արդարության վիճակից, ուրեմն ինքս պետք է լինեմ այն փոփոխությունը, որը ցանկանում եմ տեսնել: Եթե ես պատրաստ չեմ այդ փոփոխությունը դառնալ, ինչո՞ւ եմ դա ուրիշից պահանջում: Եթե ես ուզում եմ, որ գլխավոր դատախազը լինի անզիջում, ապա ամենաառաջին անզիջումը պետք է լինեմ ես: Դա, իհարկե, առաջացրել է բազմաթիվ դժվարություններ, որովհետեւ նույնիսկ ինձ երկար ժամանակ ճանաչող մարդիկ պատրաստ չեն ընդունել, որ ինչ-որ երեւույթների հանդեպ ես ներողամիտ չեմ: «Չէ»-ն ասելուց հետո սկսվում է բարոյական ճնշումը՝ «դու խնդրանքին ուշադրություն չես դարձնում», «մեծամտացել ես»: Մարդիկ պատրաստ չեն լսել քո «ոչ»-ը: Ես այդ աղմկոտ ճանապարհն անցնում եմ` «ականջներս փակելով»»:
Պարզ է, որ ապագա իրավաբան Մելինեն չի հակադարձել տիկին դատախազին․ «Հարգելի տիկին Վարդապետյան, իսկ Դուք «չէ» ասո՞ւմ եք, կարո՞ղ եք «չէ» ասել Ձեզ նշանակողին՝ Նիկոլ Փաշինյանին։ Եթե կարող եք եւ ասում եք, ինչպե՞ս է պատահել, որ մեղադրանքներ եք ներկայացրել ընդդիմության ներկայացուցիչ պատգամավորներին, այն էլ՝ վաղեմության ժամկետն անցած մեղադրանքներ։ Ինչպե՞ս է պատահել, որ փորձում եք մեր քաջ հրամանատարներից մեկին՝ Գրիգորի Խաչատուրովին, կալանավորել՝ նման հորինված մեղադրանքով։ Ինչո՞ւ եք հրահանգել՝ վերաբացել քաղաքական մեղադրանքները, որոնք կարճված ու կասեցված էին, եւ համառորեն փորձում եք քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմության դեմ։ Արդյոք դա՞ է անաչառ ու անզիջում դատախազի Ձեր պատկերացումը»։ Մեկ այլ ուսանողուհու՝ Տաթեւ Մխիթարյանի հարցին էլ, թե՝ ի՞նչ խորհուրդ կտաք ապագա դատախազներին եւ գլխավոր դատախազին, Վարդապետյանը պատասխանել է. «Չվախենալ, չգնալ զիջումների, որոնց արդյունքում ոտնահարվելու են սկզբունքներդ, եւ լինել ազնիվ՝ ինքդ քո եւ հարազատ մարդկանց հետ»: Իսկ ո՞րն է Ձեր սկզբունքը՝ վարչապետի օգնականի պաշտոնում, լիազորությունները չարաշահելով, քննիչներին հրահանգներ իջեցնե՞լը, որ Ռուբեն Հայրապետյանի քաղաքական մեղադրանքը կազմեն, թե՞ գլխավոր դատախազի պաշտոնում վարչապետին ուղղված զեկույցներ ներկայացնելը, որը Սահմանադրությունն է արգելում։
Կարծիքներ