Փաշինյանի հարցազրույցը սեփական էլեկտորատի «մշակման» մաստեր-կլաս էր

Փաշինյանի հարցազրույցը սեփական էլեկտորատի «մշակման» մաստեր-կլաս էր

Հայաստանյան հանրային եւ քաղաքական դաշտում առաջիկա օրերին, նույնիսկ՝ շաբաթներին, ծավալվելիք քննարկումների առանցքում, բնականաբար, լինելու է Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի հարցազրույցը։ Կարծիքների, վերլուծությունների պակաս չի զգացվելու։ Բոլորը խոսելու են Արցախի, զոհված զինծառայողի մոր կալանքի, եկեղեցի-պետություն հարաբերությունների եւ այլ խնդիրների շուրջ նրա արած արտահայտությունների մասին, գտնելու են սխալներ, խոցելի կողմեր, քննադատելու ու դատապարտելու են՝ անարգանքի սյունին գամելով Փաշինյանին։

Իշխանական եւ մերձիշխանական մեդիա-քարոզչական ապարատն էլ, բնականաբար, զբաղված է լինելու այդ ամենի հակադարձմամբ։ Մի խոսքով՝ «թեժ թամաշան» ապահովված է լինելու, եւ այս ամենի արդյունքում ողջ լրատվադաշտում տիրապետող է լինելու, ուղղակի կամ անուղղակի կերպով, Նիկոլ Փաշինյանը՝ իր արտահայտած մտքերով, վիճելի տեսակետներով ու խոցելի հայտարարություններով, անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչպես են ներկայացվելու, ինչ ռակուրսով։ Իսկ դա արդեն նշանակում է, որ հասարակությունը, անկախ այն բանից՝ քաղաքականապես ակտիվ է թե իներտ, իշխանամետ է, իշխանամերձ թե ընդդիմադիր կամ՝ կատարելապես չեզոք ու զբաղված իր ամենօրյա աշխատանքով, ուզի թե չուզի՝ «կլանելու» է, «մարսելու» է այն թեզերը, որոնք ասվել են նշված հարցազրույցի ժամանակ։ Ինչու ենք սա ասում՝ շատ պարզ․ ընթերցողը թերեւս հիշում է, որ առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երեւանում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Դա նշանակում է, որ հայաստանյան քաղաքական դաշտը ներկայում գտնվում է նախընտրական սեզոնի մեջ։ Կարեւոր չէ՝ պաշտոնապես կամ ոչ, սակայն իրականությունը հենց այդ է։

Նախընտրական այդ իրականության մեջ Փաշինյանը, ըստ էության, նախօրեի հարցազրույցով իր էլեկտորատի համար հերթական մտավարժանքն իրականացրեց։ Ու այս առումով ճիշտ է «Հրապարակի» գլխավոր խմբագիրը, թե․ «Հանրության այն հատվածը, որը «Քաղպայմանագրի» եւ Նիկոլ Փաշինյանի ընտրողն է, այդ նրբությունների մեջ չի խորանում։ Նրանք ականջներով սիրող կնոջ նման նայում են իրենց կուռքին, լսում նրա խոսքը եւ զմայլվում, թե նա ինչքան լավ է խոսում՝ սահուն շարադրում մտքերը, ինչքան ինքնավստահ է, ինչպես է շշպռում սուր հարցեր տվող լրագրողներին ու հերքում նրանց մեղադրանքները։ Ինչքան հնարամիտ է պատասխաններ գտնելիս եւ ինչպես է ամենատհաճ հարցերի տակից դուրս գալիս։ Թվում է՝ պարզ ասաց, որ Արցախը, այո, մտնում է այդ 86 հազար ք/կմ-ի մեջ, որն ինքը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք, բայց տեսեք՝ ինչ նրբագեղ է անում դա եւ ինչպես է մատուցում։ Այնպես որ՝ Հ1 դիտող ոչ մի հեռուստադիտող-ընտրող նրան չի մեղադրում Արցախին դավաճանելու համար։ Տեսեք՝ ինչպես է մեկնաբանում զոհվածի մոր կալանքը, որ քիչ է մնում լսողներն ասեն՝ բոլոր զոհվածների ծնողներին բռնեք, դատեք, որ մենք իրավական երկիր դառնանք։ Կամ՝ ինչ սիրուն պատմություն ներկայացրեց որդու փրկության մասին, թե մազ էր մնացել, որ իր կինը դառնար հերոսածին մայր, եւ այն փաստը, որ որդին չի զոհվել, պատճառ չէ, որ իր կնոջը զրկեն այդ կոչումից»։

Սա, իրոք, կոչվում է «ընտրողի հետ աշխատանք», ընդ որում՝ որպես այդպիսին, փայլուն իրականացված աշխատանք։ Ով-ով, բայց Փաշինյանը հիանալի գիտի հայաստանյան հանրության ու հատկապես իր ընտրազանգվածի հոգեբանությունը, տրամադրությունները եւ ըստ այդմ էլ մատուցում է այն, ինչ վերջինս ուզում է լսել, որպեսզի այդ էլեկտորատն առաջիկա սեպտեմբերին նորից ընտրի «Քաղպայմանագրին»՝ Երեւանի ավագանու ընտրություններում, եւ Երեւանը հանկարծ իշխանական ուժի վերահսկողությունից դուրս չգա։

Ոչ իշխանական եւ ընդգծված ընդդիմադիր հատվածը քաղաքական դաշտի, հասարակության որոշակի շերտերի մակարդակի, տրամադրությունների եւ նման այլ կատեգորիաների ճանաչողության առումով բավականին սովորելիք ունի Փաշինյանից։ Իրականում, հիմա ամեն ինչ իշխանական ճամբարում գործարկված է հանուն Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակի։ Այդ ընտրությունները Փաշինյանի համար չափազանց կարեւոր են, որովհետեւ, ամենայն հավանականությամբ, դրանցից կախված կլինի այն, թե արդեն ստորագրված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ հաշտության փաստաթղթերից հետո «վերարտադրվելու» ինչ հնարավորություններ կունենա ինքը եւ իր ղեկավարած քաղաքական ուժը՝ որեւէ պահի դարձյալ արտահերթ կամ հերթական ընտրություններ անցկացնելու միջոցով։