Փաշինյանը որքան երկար մնա իշխանության ղեկին, այնքան շատ հայհոյանքներ կլսի

Փաշինյանը որքան երկար մնա իշխանության ղեկին, այնքան շատ հայհոյանքներ կլսի

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շիկացած է, հայհոյանքն այլեւս իրավատեր է դարձել մեր երկրում: Սա առաջին դեպքն է, որ հասարակությունը բարձրաձայն, հրապարակավ հայհոյում է երկրի առաջին դեմքին, հայհոյում է հենց երեսին՝ առանց թաքնվելու, առանց պահելու իր դեմքը: Ինչ խոսք, անընդունելի է, որ հայհոյանքի  «ինստիտուտն» արդեն ստանում է հրապարակային բնույթ, երբ այն լսում են նաեւ երեխաները, կանայք: Սյունիքում կատարվածը բացառիկ երեւույթ էր մեր երկրի պատմության մեջ: Բայց նախ հասկանանք, թե ինչու հասանք այս կետին. երեւանյան պապլավոկներում հանգիստ ու ապահով նստած փափկասունների համար հեշտ է քննադատել հայհոյողներին, որոնց տունը հայտնվել է թուրքի նշանառության տակ, Փաշինյանը թշնամու դիրքը բերել հասցրել է նրանց լուսամուտի տակ, նրանց երեխաները բակում խաղում են, իսկ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա զինված թուրքն է կանգնած:

Փաշինյանը Սյունիքի բարձունքները թուրքին տալիս ասում էր՝ Սյունիքի անվտանգությունն ենք ապահովում: Այդ դեպքում ինչո՞ւ է ինքը Սյունիք գնալիս ոստիկանության ուղեկցությամբ ու ռուսական զորքերով շրջում, ինչի՞ց է վախենում, իր ապահոված անվտանգությունի՞ց: Սյունեցին գիտի, որ իշխանությունը պատրաստվում է իր հայրենիքը, իր գյուղը, իր տունը, իր քաղաքը սկուտեղի վրա մատուցել թշնամուն: Այս դեպքում ի՞նչ է մնում նրան անել, եթե ոչ՝ ըմբոստանալ: 
Իսկ ի՞նչ կաներ այդ դեպքում երեւանյան պապլավոկներում հանգիստ նստած նրանց քննադատը: Նա ոչ միայն կհայհոյեր, այլեւ կջարդեր այն հարեւանի գլուխը, ով կփորձեր պատշգամբն իր տան հաշվին մի փոքր առաջ բերել կամ առանձնատան պարիսպը տասը սանտիմետր դեպի իր սահմանը կառուցել…

Չմոռանանք, որ Փաշինյանը՝ ինքը, հայհոյանքը բերեց հայաստանյան հասարակական-քաղաքական կյանք, նա առաջին ղեկավարն է, որ սկսեց հասարակության հետ խոսել փողոցային ու կեղտոտ բառապաշարով: Նրա հովանու ներքո բացված ֆեյքերն սկսեցին համացանցում ամենակեղտոտ հայհոյանքները տեղալ իր քննադատների հասցեին՝ հաշվի չառնելով կին, տղամարդ: Սյունիքում, ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանի արժանապատվությունը ոչնչացվեց, երբ նրան ամենավերջին բառերով «ուղարկում» են այնտեղ, որտեղ ժամանակին Արմեն Աշոտյանին էին «ուղարկում»: Ժամանակին ինքը դա չէր կասեցնում՝ հաշվի չառնելով, որ, անկախ քաղաքական տարբեր հայացքներից, Աշոտյանն իր գործընկերն է, ում հետ աշխատել է, գործուղումների գնացել, սուրճ խմել, հաց կիսել… Իսկ բումերանգի օրենքը գործում է… Բայց Փաշինյանը, փոխանակ մտածի, թե որտեղ է սխալվել, ինչու է հայտնվել այս նվաստացուցիչ վիճակում, հասկանա, որ ինքն այլեւս անզոր է այսպես նվաստացած վիճակում երկիր ղեկավարել, սխալների ետեւից նոր սխալներ է գործում. դիմում է ամենաաններելի ռեպրեսիաների. սկսում են բերման ենթարկվել սյունեցի այն տղամարդիկ, ովքեր դուրս էին եկել իր դեմ, այն մարդիկ, ովքեր ունեն տղամարդկային արժանապատվություն եւ իրենց հայրենիքին վտանգ զգալու դեպքում նետվում են պատերազմի դաշտ… 

Նրանց բերման են ենթարկում նվաստացուցիչ եղանակներով՝ մի քանի ուժայիններով ձեռքերը ոլորած, գետնին քարշ տալով,  բռնությունների ենթարկելով, օրենքի կոպտագույն խախտումներով։ Չխնայվեց անգամ շուռնուխցի հայտնի Աշխարհապետը, ում տարիների կառուցած տունը Փաշինյանը տվել է թուրքին: Աշխարհապետը մեծ ողբերգություն ապրեց. նա այրեց իր կառուցած տունն ու ընտանիքի հետ մնաց անտուն: Փաշինյանի՝ Սյունիք այցի օրը Աշխարհապետն անկողնում հիվանդ պառկած է եղել, չի մասնակցել որեւէ ակցիայի: Բայց օրենքի կոպիտ խախտումներով իրավապահները նրան բերման ենթարկեցին՝ ոտնահարելով նրա իրավունքները, հաշվի չառնելով առողջական վիճակը՝ գրեթե գետնաքարշ տանելով: Իրավապահները բերման ենթարկելու իրադարձությունները նկարահանել են, որպեսզի, հավանաբար, Փաշինյանը տեսնի, եւ սիրտը հովանա, համարի, որ իր տղամարդկային արժանապատվությունը վերականգնվել է: Այդ տեսարաններից, անշուշտ, իրենց շատ լավ կզգան նաեւ թուրքերը, երբ տեսնեն, թե ինչպես են սեփական հայրենիքում վարվում իրենց դեմ կռվող-պատերազմող սյունյաց արծիվների հետ: Փաշինյանը հաշվի չի առնում, որ այդ տեսարանները, որոնք շատ նման են թուրքերի կողմից հայերին գերեվարելուն, քառապատկեցին ու տասնապատկեցին իր հասցեին հնչող հայհոյանքները:

Իրեն ուղղված հայհոյանքը սահմանամերձ Սյունիքից եկավ հասավ մինչեւ Հայաստանի սիրտը, ավելի ուժեղ հնչեց մայրաքաղաքի կենտրոնում, սկսեցին ավելի շատ մարդիկ հայհոյել ու արդարացնել Սյունիքում իրեն հայհոյողներին: Փաշինյանը չի սովորում իր սխալների վրա, չի գիտակցում, որ այլեւս ինքն անկարող է երկիրն այս իրավիճակում ղեկավարել, ինքը պետք է վաղուց հեռացած լիներ՝ այս աստիճանի չվարկաբեկվելու համար: Ուստի, որքան արհեստականորեն երկարաձգի իր պաշտոնավարումը եւ կառչած մնա աթոռին, այնքան ստիպված է հայհոյանքներ լսել, իսկ իրավապահներն անզոր կլինեն փակել այդ հայհոյանքի հեղեղը:

ՀԳ․ Անցած շաբաթ մի նողկալի երեւույթ էլ արձանագրվեց. Ալեն Սիմոնյանի տան մոտ հայտնվել էր սեւ ժապավեն՝ նրա անվան գրառմամբ: Սիմոնյանը սա բնութագրեց որպես անբարոյականություն եւ ճիշտ բնութագրեց: Բայց նա մոռանում է, որ այս անբարոյականությունը Հայաստանում չի եղել, այս «մշակույթը» 2018-ին է ներդրվել, հենց հեղափոխականներն են բերել մեր կյանք՝ սեւ ժապավեններով, դատարկ դագաղներով, դրա շուրջ պարելով: Այդ չարագուշակ «ծիսակարգերից» հետո ամբողջ Հայաստանը պատվեց սեւ ժապավեններով, լցվեցին դատարկ դագաղները: Մենք մեր պահվածքով աղետ բերեցինք մեր երկրի գլխին։