Լավ կլիներ, որ քանդվեին, բայց դա էլ մի բան չէ

Լավ կլիներ, որ քանդվեին, բայց դա էլ մի բան չէ

Նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Երեւանում կառուցված մի շարք առանձնատների, դղյակների մասին, որոնք սկզբից մինչեւ վերջ ապօրինի են կառուցվել։ «Դրանք ապօրինի շինություններ են, որոնք պատկանում են, օրինակ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Դրանք հանրային տարածքների վրա կառուցված շատ հայտնի առանձնատներ են, որ կառուցել են ամենահայտնի տեղերում, օրինակ՝ Մոնումենտում։ Շատ ավելի հետաքրքիր բան կա. նրանք ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն՝ ապօրինի շինարարությունների իրականացման համար»,-ասել է Փաշինյանն ու հանձնարարել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ խորությամբ ուսումնասիրել հարցը: «Եթե պետք լինի, այստեղ անցումային արդարադատության գործիքներ կիրառե՛լ եւ գնալ առա՛ջ, քանի որ դա ուղղակի արհամարանք է հանրային կարծիքի եւ, ընդհանրապես՝ ՀՀ-ում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ: Երեւանի ամենակարեւոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ դատի կտանք»։

Ավելին՝ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ 2008 թվականին Երեւանի նախկին քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր հողատարածքը, փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն ասում է՝ չնայած ճարտարապետական առումով այդ առանձնատները շատ վատն են, բայց, այնուհանդերձ, նյութական առումով իրենցից որոշակի արժեք են ներկայացնում․ «Դրանք մեծահարուստների տներ էլ չեն, այլ՝ նախկին պաշտոնյաների տներ, մեկը գեներալի տուն է, մյուսը՝ վարչապետի, մեկը՝ նախկին թաղապետի։ Մեր տեսակետից, իհարկե, դրանք ապօրինի են, բայց չեմ կարծում, որ փաստաթղթեր չունեն դրա համար, իհարկե, ունեն փաստաթուղթ, շինթույլտվություն, բայց հենց այդ շինթույլտվությունն է ապօրինի։ Ես, իհարկե, ոչ մի փաստաթուղթ չեմ տեսել, բայց ենթադրում եմ, որ շինթույլտվություն տվել են, որովհետեւ այն ժամանակներում ինչպես էր․ զանգահարում-ասում էին՝ տուր շինթույլտվություն, եւ տալիս էին։ Բայց Մոնումենտում մեծ այգի էր, եւ չէր կարելի այդ այգին ոչնչացնել եւ այդ բնակելի տները կառուցել, իսկ դա ապօրինի գործողություն է ինչ-ինչ քաղաքապետերի կողմից»։

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել, հնարավո՞ր է մյուս զբոսայգիների մասով էլ քրեական գործեր հարուցվեն եւ հանրային տարածքները մասնավորի ձեռքից վերադարձվեն հանրությանը․ Պողոսյանը չի կարող ասել, թե ինչ պրոցեսներ տեղի կունենան, բայց որ այգիների տարածքները պետք է որպես այգիներ էլ մնան՝ փաստ է․ «Շինարարությունները եղել են ապօրինի, եւ որեւէ գլխավոր հատակագծում չկա այդպիսի կառուցապատման նմուշ անգամ։ Հիմա խախտել են եւ տվել են ապօրինի շինություն, կառուցել են առանձնատներ, ու հիմա ինչ պետք է անել այս իրավիճակում՝ ես չգիտեմ, որովհետեւ հսկայական շինություններ են։ Լավ կլիներ, իհարկե, որ քանդվեին, բայց դա էլ մի բան չէ, մեկը կառուցում է, մյուսը՝ քանդում»։

Անկախ ապօրինի շինթույլտվություններից, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն այն կարծիքին չէ, որ դրանք պետք է քանդվեն․ «Քանի որ ընդհանուր հանրային տարածք է, դրանք պետք է լինեն ոչ բնակելի շենքեր, հանրային տարածքներում անհրաժեշտություն կա այդպիսի մակերեսների, որտեղ կարելի է կազմակերպել գրադարաններ, ժամանցի վայրեր, այսինքն՝ այդ մասնավոր տարածքներն օգտագործել որպես հանրային տարածքներ։ Ասել կուզի՝ քանդելու փոխարեն այդ տների ֆունկցիան, գործառույթը կփոխվի։ Հատկապես որոշ տեղեր կան, որտեղ շատ խիտ է կառուցապատված, եւ արժե այդ խտությունից ազատվել»։

Որքանով ռեալ կլինի Հաղթանակի զբոսայգու վերականգնումը՝ որպես կանաչ գոտու, դժվարանում է ասել, ինչպես որ դժվարանում է ասել, թե որքանով են դրանք ապօրինի եղել։ «Իմ՝ գլխավոր ճարտարապետ եղած ժամանակ չի եղել դա»,- ասում է Մուշեղյանն ու հավելում, որ գոյություն ունեն նորմեր, թե կանաչ տարածքների քանի տոկոսը կարող է կառուցապատվել, պետք է դրանք բերել նորմատիվային հարաբերությունների։ Ճարտարապետն ընդգծում է՝ մեր բոլոր այգիներն էլ գերծանրաբեռնված են քաղաքաշինական կառույցներով, եւ անցած տարում փորձ արվեց ազատել Օղակաձեւ զբոսայգին եւ Օպերայի տարածքը, բայց դա հաջողվեց մասամբ՝ շատ քիչ տոկոսով։   

Ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը մշտապես պայքարել է հանրային եւ կանաչ տարածքները կրճատելու դեմ, ինչ վերաբերում է Հաղթանակի այգու ապօրինի կառույցներին, ապա․ «Անօրինական, թե օրինական՝ ես դրանից տեղյակ չեմ, բայց որ խիտ է կառուցապատվել՝ 100 տոկոսով»։ Ալեքսյանը նշում է, որ ինքը միաժամանակ դեմ է ե՛ւ քանդելուն, ե՛ւ սարքելուն․ «Պետք է ուսումնասիրել եւ հասկանալ՝ ինչ աստիճանի են դրանք անօրինական եւ ինչ աստիճանի օրինական կառույցներ, նաեւ հասկանալ, թե որն արժե պահել՝ սարքելով դրանք հասարակական վայրեր մանուկների համար»։