Ի՞նչ է պատմում Չինաստանում գտնվող մեր հայրենակցուհին

Ի՞նչ է  պատմում Չինաստանում գտնվող մեր հայրենակցուհին

Համայն աշխարհի ուշադրության կենտրոնում է Չինաստանը , որտեղ մոլեգնող կորոնավիրուսը հասցրել է խլել հարյուրավոր մարդկանց կյանք, իսկ վարակվածների թիվն անհամեմատ շատ է:

Մահացու վիրուսից խույս տալու համար զբոսաշրջիկներն ու օտարերկրյա քաղաքացիներն օր առաջ լքում են երկիրը: Այս օրերին Չինաստանի  Հանրապետության տարբեր քաղաքներից հայրենիք  են վերադառնում նաև հայերը, սակայն նրանցից ոմանք էլ շարունակում են դեռևս մնալ այնտեղ՝ հուսալով, որ շուտով մղձավանջն ավարտվելու է :

Hraparak.am-ին հաջողվեց կապ հաստատել եւ զրուցել Չինաստանի Թիանջին քաղաքում գտնվող մեր հայրենակցուհու՝ Էմմա Պետրոսյանի հետ: Էմման երկրորդ աշխատանքային պայմանագիրն է կնքել եւ արդեն մեկ տարուց ավել է՝ Թիանջինում դասավանդում է անգլերեն: «Տոներին ես Հայաստանում էի եւ մոտ մեկ ամիս է, ինչ վերադարձել եմ, ու մեկ շաբաթ անց սկսվեց չինական նոր տարին եւ տարածվեց այս վիրուսը»,-ասաց մեր զրուցակիցը: Չնայած համատարած  խուճապին՝ երիտասարդ աղջիկը վերադառնալ չի պատրաստվում: «Այս օրերին Չինաստանից Հայաստան վերադարձողների թիվը մեծ է։ Հայաստանից էնքան զզվելի բաներ են գրում էդ մարդկանց մասին. «Մնացեք էդտեղ, ու՞ր եք գալիս՝ մեզ էլ վարակեք, եւ այլն...: Էլ չասեմ ինչեր են գրում չինացիների մասին, ու նույնիսկ էն մարդիկ են գրում, ովքեր մի քանի ամիս առաջ հենց նույն Չինաստանում փող էին աշխատում, որ հետո հետ գնան Հայաստան՝ վայելեն, չինացիներին էլ՝ դեբիլ ասեն։«Թող մեռնեն, մի քիչ պակասեն։ Ինչ ուզում ա դրանց լինի։ Ինչքան էլ մեռնեն, մեկ է  վերացողը չեն...»
Էնքան բան եմ կարդում։ Զզվելի է։Իսկ մինչ այդ՝ Չինաստանում մի քանի հայեր էստեղ ապրող ուրիշ հայերի վրա աստղաբաշխական թվերով դիմակներ են վերավաճառում։Դեռեւս չեմ պատրաստվում հետ վերադառնալ Հայաստան։ Ընկերներիս էլ, ովքեր արդեն ճանապարհ են ընկել՝ հաջողություն եմ մաղթում։ Ու խնդրում եմ՝ Հայաստան հասնելուն պես՝ պահպանեք 14 օր կարանտինի մեջ գտնվելու ռեժիմը»,-նշում է նա։

Էմմայի խոսքերով՝ մարդկանց մոտ հատկապես խուճապը սրվում է, երբ ոմանք Չինաստանում ապրող իրենց  ծանոթներին ու ընկերներին չստուգված ու անհայտ աղբյուրներից ինֆորմացիա են ուղարկում: «Ինձ մոտ էլ է պահի տակ խուճապ առաջանում, բայց ավելի շատ ինֆորմացիայից է առաջանում: Երբեմն թվում է՝ աշխարհի վերջն է, ու էլ ելք չկա: Ո՛չ կարող ես տանից դուրս գալ, ո՛չ որևէ տեղ գնալ, բայց կոնկրետ իմ քաղաքում իրավիճակը նորմալ է: Բոլորս մաքսիմալ զգույշ ենք: Պաշտպանիչ դիմակներով ենք, նույնիսկ մարդիկ կան, որ ակնոցներով են, քանի որ միֆ կա, թե վիրուսն անգամ աչքերով միմյանց նայելով է փոխանցվում»-պատմեց մեր զրուցակիցը' ավելացնելով.«Այնուամենայնիվ , պետք է նշեմ, որ Չինաստանի կառավարությունն իրավիճակն ամեն կերպով վերահսկում է, որ վիրուսը չտարածվի: Իհարկե խուճապն էլ հասկանալի է.մարդիկ  չգիտեն՝ արագ հաղթահարելի է, թե դեռ երկար է տևելու: Հիմա չինական տոներն են, ու արձակուրդ է, բայց նախնական երկու շաբաթով մեր դասերը հետաձգվել են ,հայտնի չէ՝ դեռ որքան էլ կձգվի, եւ հնարավոր է մարդիկ պարապուրդի համար էլ չվճարվեն, աշխատավարձ չստանան»: