Երբ Փաշինյանը հրաժարական կտա, այդ ժամանակ գուցե ավելի հստակ կդառնա․ «Ժառանգության» նախագահ

Երբ Փաշինյանը հրաժարական կտա, այդ ժամանակ գուցե ավելի հստակ կդառնա․ «Ժառանգության» նախագահ

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը վստահ չէ՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ։

«Հրապարակի» հետ զրույցում քաղաքական գործիչն ասաց, որ բանակցությունների մեջ են մասնավորապես «հնավանդ կուսակցությունների հետ»։

«Անկեղծ ասած նոր ստեղծված կուսակցությունների և նախաձեռնությունների հետ բանակցություններ չենք վարում։ Մի շարք հնավանդ կուսակցությունների հետ եղել են քննարկելու առաջարկներ․ ամեն ինչ ընթացքի մեջ է։ Քանի որ դեռ վստահություն չկա, որ ընտրություն կլինի, թե ոչ։ Համանայն դեպս, օրինակ, պաշտոնական հրապարակում չկա, ուստի մենք չենք շտապում: Երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, այդ ժամանակ գուցե ավելի հստակ կդառնա», - ասաց «Ժառանգության» վարչության նախագահը։

«Ժառանգությունը» հիմնականում քննարկումների մեջ է 7 կուսակցությունների հետ՝ «Ազգային ինքնորոշում միավորում» (Պարույր Հայրիկյան), «Հայ կառուցողական» (Անդրիաս Ղուկասյան), «Հայաստանի եվրոպական» (Ալեք Պողոսյան), «Ժողովրդավարական հայրենիք» (Պետրոս Մակեյան), «Հայրենիք և պատիվ» (Գառնիկ Մարգարյան), «Հայք» (Հայկազուններ) (Արտյոմ Խաչիկյան), կուսակցություններ, իսկ այդ քննարկումներին երբեմն մասնակցում է նաև խորհրդրանական «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ «Եղել են հայտարարություններ, որ միացել ենք», - ասաց տիկին Դիլբարյանը։  Այս կուսակցությունների հետ «Ժառանգությունը» նույնպես մասնակցել է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծ կազմելուն, որն, ըստ Դիլբարյանի, այդպես էլ իշխանություններն առկախված թողեցին։

Կուսակցության ղեկավարի խոսքերով՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ շփումներ չեն ունեցել, և փոխադարձ առաջարկներ էլ չեն եղել։

«Ժառանգությունը» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունն անդամ են  Եվրոպական ժողովրդական կուսակցության, որը եվրոպական կուսակցությունների միավորում է։ ԵԺԿ-ն ամենամեծ խմբակցությունն ունի Եվրոպական խորհրդարանում։

Հարցին՝ ՀՀԿ-ի հե՞տ էլ է «Ժառանգությունը» շփումների մեջ, քաղաքական գործիչը պատասխանեց, որ միայն արտաքին քաղաքական հարցերում։

«Ներքին քաղաքական որևէ շփում չկա, ոչ էլ առաջարկ է եղել, անկեղծ ասած։ Միայն արտաքին քաղաքական հարցերով ենք շփվում։ Այդ առումով մեր միջագային քարտուղարը մեր վարչության անդամն է։ Բավական արդյունավետ են այդ քաննարկումները։ Ե՛վ Արցախի հարցին են վերաբերել, և՛ ադրբեջանական կուսակցությունների ագրեսիվ դիրքորոշումները կասեցնելու առումով։ Այո՛, այդ միջազգային հարթակում կա համագործակցություն», - մանրամասնեց Նարինե Դիլբարյանը։

Վերջինս նաև ասաց, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչների հետ քննարկումներ են ունեցել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ։ «Որ պետք է բարեփոխվեր։ Բարեփոխվեց միայն մեկ կետ [ռեյտինգային ընտրակարգը փոխարինվեց համամասնականով]։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքը ձախողվեց», - հավելեց նա։

Անդրադառնալով «Ժառանգության» անդամների թվին՝ Դիլբարյանն ասաց, որ 4 հազարից ավելի են անդամները, իսկ նոր գրասենյակներ դեռ չեն բացել։ Ըստ նրա՝ Հայաստանի խոշոր քաղաքներում կուսակցությունն ունի գրասենյակներ, որոնք այս օրերին նույնպես ակտիվ գործում են։

«Գյումրի, Վանաձոր․․․ Բայց նոր գրասենյակներ դեռ չենք բացել։ Երբ որ ընտրությունները հստակ կլինեն, կբացենք։ Անկախ այս ընտրական փաստից, խոշոր քաղաքներում գրասենյակներն ակտիվ աշխատում են։ Քանի որ ժողովրդի շրջանում և՛ շփոթ կա, և՛ տարակուսանք, և՛ տագնապ, մեր սկզբնական կազմակերպությունները սկսել են ակտիվ գործել։ Մենք ինքներս հանդիպումներ ենք կազմակերպում տարբեր վայրերում՝ նախնական մեր կուսակցականների, բայց նաև հանրության լայն շրջանակների հետ, թե ինչ ճանապարհով է հնարավոր Հայաստանը դուրս բերել այս ջախջախիչ, պետականաքանդ ճգնաժամից», - մանրամասնեց նա։

Մարտի 25-ին «Ժառանգության» քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել էր նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Խոսելով այս հանդիպման մասին՝ Նարինե Դիլբարյանն ասաց, որ քննարկվել է Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և դրանցի դուրս գալու ուղիները։ «Արտաքին քաղաքական հարցեր նույնպես քննարկվել են։ Քննարկման հիմնական խնդիրը եղել է Արցախի կարգավիճակը և ներկայումս Արցախյան հարցի քննարկման հնարավոր ձևաչափերի հարցերը միջազգային ատյաններում, Մինսկի խմբում և այլ հարթակներում, Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը, տարածքների դեօկուպացիայի հնարավոր ճանապարհները, մեր հնարավոր ռազմավարական դաշնակիցները։ Բայց ավելին ես լիազորված չեմ ասել», - եզրափակեց ԺԿ վարչության նախագահը։