«Rian Air»-ը՝ նեղ օրվա կեղծ ընկեր

«Rian Air»-ը՝ նեղ օրվա կեղծ ընկեր

Վերջերս  մի շարք ավիաընկերություններ հայտարարեցին, որ վերսկսում են դեպի Հայաստան իրականացվող կանոնավոր չվերթները, չնայած բիզնեսի համար ոչ բարենպաստ իրավիճակին: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ ցուցակում չկար իշխանությունների սիրելի "Rian Air"-ը, որի մուտքը Հայաստան ժամանակին որպես մի մեծ հաղթանակ ներկայացրին եւ նրան բերող Տաթեւիկ Ռեւազյանին ուղղակի հերոսների շարքը դասեցին։ Ըստ մեր տեղեկությունների, սույն ավիաընկերությունը չի պատրաստվում վերսկսել թռիչքները, քանի դեռ շուկան գտնվում է պասիվ վիճակում։ Այսինքն՝ "Rian Air"-ը թռչում է բացառապես ամառային սեզոնին, երբ կարող է գերշահույթ ստանալ, իսկ հիմա՝ այս դժվար պայմաններում, չի ցանկանում, մյուս ավիաընկերությունների նման, չվերթներ իրականացնել։ Ավելին, ըստ մեր տեղեկությունների, "Rian Air"-ը մեծ ծավալի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում խաբված ուղեւորներին։ Հարցրել էինք, թե ինչու "Rian Air"-ը չի վերսկսում չվերթները, այս հարցը քննարկվե՞լ է ավիաընկերության հետ, ի՞նչ պարզաբանումներ է ստացել կոմիտեն։ Հաշվի առնելով, որ այս բարդ ժամանակահատվածում ավիաընկերությունը չի վերսկսում չվերթները, ՔԱԿ-ը կշարունակի՞ նրա հետ համագործակցությունը եւ ինչպե՞ս է  գնահատում ավիաընկերության որոշումը։ Մեր հարցերին ի պատասխան՝ կոմիտեից ստացել ենք հետեւյալ պարզաբանումը․

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապի մեջ է բոլոր գործընկեր ավիաընկերությունների հետ, այդ թվում՝ "Rian Air" ավիաընկերության: Ներկայումս դեպի Հայաստան չվերթները վերականգնել են հիմնականում այն ավիաընկերությունները, որոնք մեծամասամբ փոխադրում եմ տրանզիտ ուղեւորներ, եւ այն ավիաընկերությունները, որոնց չվերթները հիմնականում կետից կետ են, եւ հանդիպակաց երկրում առկա են սահմանափակումներ, դեռեւս ձեռնպահ են մնում չվերթները վերսկսելուց: Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ թռիչքների վերսկսման, հաճախականությունների եւ ուղղությունների հետ կապված որոշումները կայացվում են տվյալ ավիաընկերությունների կողմից՝ պայմանավորված հնարավոր ուղեւորահոսքի պահանջարկով եւ այլ կոմերցիոն պատճառներով»։

Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանությունների․ կոմիտեն հաստատել է մեր լուրը եւ ըստ այդմ՝ "Rian Air"-ի անպտուղ գործունեությունը Հայաստանում։