Մեքենայի գովազդ, ֆոտոսեսիաներ, կորպորատիվ` օպերային թատրոնում

Մեքենայի գովազդ, ֆոտոսեսիաներ, կորպորատիվ` օպերային թատրոնում

Այս ամռանը ռեբրենդինգի ենթարկված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն ինտենսիվորեն շարունակում է կերպարանափոխվել ու ընդլայնել իր «ծառայությունների» ցանկը: 

Թատրոնի ժամանակավոր տնօրինության կողմից ռեբրենդինգի ենթարկված օպերային թատրոնը՝ նոր տարբերանշանով եւ «Նոր միտք, նոր սկիզբ» կարգախոսով, մի քանի ամիս առաջ ազդարարեց փոփոխությունների իր նոր շրջափուլը, որից դժգոհ են թատրոնում գրեթե բոլորը, բայց, ցավալիորեն, վախենում են դրա մասին բարձրաձայնել: Նորովի բրենդավորված օպերային թատրոնի նոր «ծառայություններն» ավելի շատ կոմերցիոն բնույթ են կրում: Դեռ օգոստոսին թատրոնի թե՛ ներսում, թե՛ դրսում մեծ հանդիսավորությամբ կազմակերպվեց «Բենթլի»-ի գովազդը` բալետային պարուհիների ուղեկցությամբ` թատրոնի ծառայողական մուտքի կամարների ներքո, որը հետո խնջույքի ձեւաչափով շարունակվել էր թատրոնի համար հուշային անկյուն համարվող հատուկ հանդիսությունների սրահում, որտեղ աշխատել են Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լեւոնյանը։ Դա լրջորեն վիրավորել էր արտիստների մասնագիտական ու մարդկային արժանապատվությունը: 

Օրեր առաջ եւս նման մի միջոցառում է տեղի ունեցել թատրոնում, մի տարբերությամբ, որ Bentley-ի փոխարեն Porsche-ի մեքենաներն են կայանված եղել օպերային թատրոնի կամարների ներքո (միջոցառման լուսանկարներն այժմ էլ հասանելի են կազմակերպիչ ընկերության՝ «Ուրբան Իվենթս»-ի ֆեյսբուքյան էջում)։ 

Իսկ երեկոյի հատուկ հյուրերի համար հատուկ ճանաչողա-զվարճալի ծառայությունների փաթեթ է մատուցվել, որոնց մեջ ներառված է եղել հատուկ ֆոտոսեսիա` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բեմահարթակին` կենտրոնում տեղադրված ոսկեզօծ կարմիր բազկաթոռների վրա, մի բան, որ դարձյալ վիրավորել է արտիստներին, քանի որ նույնիսկ իրենք ամենօրյա կոշիկներով ոտք չեն դնում գլխավոր բեմ: Ճանաչողական էքսկուրսիան իր մեջ ներառել է այլ ծառայություններ եւս. կորպորատիվ միջոցառման հյուրերին վերելակավարը հատուկ վերելակով ուղեկցել է մինուս 20 մետր խորությամբ Օպերայի պատմական նկուղ` կաբարե հիշեցնող միջավայրով, որտեղ նրանց մատուցվել են տարատեսակ ըմպելիքներ, տանգոյի կենդանի համարներ, լարային քառյակի կատարումներ, եւ այդ ամենը՝ համադրված կարմիրի գերիշխող լուսավորությամբ, դեկորներով, դիմակներով, աֆիշներով ու ծաղկային կոմպոզիցիաներով (ի դեպ, ինչպես տեղեկացանք, 100-120 հյուրերի համար Օպերայի պատմական նկուղի վարձակալությունն արժե մոտ 5 մլն դրամ):

Մնում է արձանագրել, որ օպերային թատրոնը ժամանակ առ ժամանակ` «փողին մուննաթ» տրամաբանությամբ, վերածվում է ավտոսալոնի: Ինչ խոսք, աշխարհում ընդունված պրակտիկա է, որ մեծ ընկերությունները, այդ թվում՝ ավտոարտադրողները, դառնում են թատրոնների հովանավորներ, բայց դրա մասին վկայող ու գովազդող շատ փոքր քայլեր են արվում թատրոնների կողմից, եւ ինչքան էլ որ արտաբյուջե ստեղծելու խնդիր է դրված բոլոր մշակութային օջախների առաջ, բայց դա չպետք է արվի ակադեմիական թատրոնի հեղինակության եւ վարկանիշի հաշվին։ Ռեբրենդինգից հետո օպերային թատրոնը մնում է կրկեսային համարներ առաջարկի հաջորդ ավտոարտադրող ընկերությանը` իրենց կորպորատիվ իվենթն Օպերայի հարկի տակ կազմակերպելու համար:

Նշենք նաեւ, որ արդեն մեկուկես տարի է՝ մրցույթ չի հայտարարվում օպերային թատրոնի տնօրենի պաշտոնի համար, իսկ ձգձգվող մրցույթին զուգահեռ, հարաբերությունները շարունակվում են լարված մնալ թատրոնի ներսում: Ավելին` թատրոնից ցավով արձանագրում են, որ նախարարությունում չեն էլ պատկերացնում, թե այս ամիսների ընթացքում ներսից ինչ կարգի վնաս է հասցվել թատրոնին։