Այ չմոներ, տեսա՞ք`ոնց են խմբագրից վարչապետ դառնում, դուք 63 տարի խմբագիր եք աշխատում

Այ չմոներ, տեսա՞ք`ոնց են խմբագրից վարչապետ դառնում, դուք 63 տարի խմբագիր եք աշխատում

Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տարել լրատվամիջոցների բոյկոտը։ Չէ, իհարկե, իր խասյաթի համաձայն, փորձում է ցույց տալ, թե թքած ունի լրատվամիջոցների էլ, նրանց բոյկոտի վրա էլ, բայց երբ ասուլիսը սկսում է դրանով, ավարտում դրանով, պարզ է, որ կոշտուկը տրորել ենք։ Եվ նորից, իր խասյաթի համաձայն, թացը՝ չորի, քֆուրը՝ քաղաքական գնահատականի, հինը նորի հետ խառնած ու մանիպուլացնելով՝ արձագանքում է ԶԼՄ-ների բոյկոտին, փորձում է փչացնել ու ապականել, վարկաբեկել ու նվաստացնել լրատվամիջոցներին ու խմբագիրներին։ 

Նախ, փորձում է այդ բոյկոտը կապել ընդդիմության եւ հատկապես՝ իր չսիրած ընդդիմության հետ։ Լսողի մոտ փորձում է տպավորություն ստեղծել, թե այս բոյկոտի հետեւում նախկիններն են կանգնած ու իրենից առաջ նախորդ 20 տարին իշխածները: Պարզ է՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին են։ Նույնիսկ այն, որ հայտարարություններ տարածած մոտ 60 լրատվամիջոցների մեջ են, ասենք, «Սիվիլնեթը», «Ազատությունը», «Հրապարակը», «Առավոտը», «Ազգը», «Ա1+»-ը, «Մեդիալաբը», «Ժողովուրդը», «168 ժամը», սփյուռքի մեծ թվով լրատվամիջոցներ, որոնք ընդդիմության քայլերը լուսաբանում են այնքանով, որքանով ժամանակին լուսաբանում էին իրեն` ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, այդ ամենը վարչապետի աթոռին նստած անձին չի հետաքրքրում։ Նա որոշել է տրորել ու փչացնել այն աղբյուրը, որից ժամանակին ջուր է խմել, ում օգնությունը լիուլի ստացել է տասնյակ տարիներ եւ հատկապես՝ քրեական հետապնդման ենթարկվելու շրջանում։ Այս անձինք, որոնց նա, ամենայն հավանականությամբ, ատում է եւ արհամարհում, խոսքի մեջ ծաղրելով, թե մեջները մարդ կա՝ 63 տարի խմբագիր է աշխատում, իրեն պաշտպանելու համար ժամանակին ասուլիսներ էին տալիս, փողոցում իր նկարը բռնած` ակցիաներ էին անում, որ բանտից ազատեին։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանից երախտագիտություն սպասելը նույնն է, ինչ Իլհամ Ալիեւից Արցախի անկախությունն ակնկալես։

Բայց դե՝ մանիպուլյացիաներն էլ չափ ու սահման պետք է ունենան։ Լրատվամիջոցների բոյկոտի թեման շուռ տալով նախկինների վրա, երեկ նա նորից անցավ իր սիրելի թեմային` թալանին ու ընտրակեղծիքներին։ Բայց այս անգամ թիրախը ոչ թե թալանչի նախկիններն էին, այլ՝ լրատվամիջոցները, որոնք այդ թալանից փայ են ունեցել: Հակառակ դեպքում՝ իրենց այլ կերպ կպահեին անցյալում, «օրինակ, կհարցնեին՝ կարող ա՞ փայ եք մտել․․․ քանի՞ անգամ են ասել՝ զրո անգամ, իսկ չեն ասել, որովհետեւ էդ փայերից իրենք էլ են փայ ունեցել»,- ասում է վարչապետի աթոռը զբաղեցնողը։ Խոսքը մինչեւ 2018-ի իշխանափոխությունը` նախորդ 20 տարիների մասին է։ Այն տարիների, երբ ինքն էր երկրի գլխավոր լրատվամիջոցը, եւ բազում փաստեր կան, այդ թվում՝ հրապարակված, որ հենց ինքն էր «փայ մտնում» ապօրինի իշխանությունների փայաբաժինների մեջ, որովհետեւ 1998 թվականից սկսած՝ թերթ էր հրատարակում, իսկ Հայաստանում կայքերն ու կայքերի գովազդը սկսեցին զարգանալ 2010-12 թվականներից։ Մարդիկ կարող են օրինական հարց տալ, թե ինչ օրինական վճարումներ են արվել «Հայկական ժամանակի» գանձարան` 1998-2018 թվականները, բարերարների կողմից, ովքեր են եղել նրանք, դրանից ինչքան հարկ է վճարվել, հաշվապահության որքան մասն է եղել սպիտակ, որքան մասը՝ սեւ, եւ այլն, եւ այլն։ Ինչպես ասում են՝ երբ տունդ ապակուց է, քար մի նետիր հակառակորդիդ ուղղությամբ։ 

Անցնենք առաջ․ ամեն կերպ ընդդիմությանը կապելով լրատվամիջոցների բոյկոտի թեմայի հետ եւ նրանց որպես լրատվամիջոցների տերեր, հովանավորներ ներկայացնելով՝ ՀՀ վարչապետն ասում է. «Մարդիկ կան՝ իշխանություն են եղել 10 տարի, մի անգամ մամուլի ասուլիս չեն արել, էդ նույն մարդիկ էդ ինչի՞ հայտարարություն չէին անում, թե ասուլիս չեք տալիս, հարցերին չեք պատասխանում»։ Հետո ինքն էլ պատասխանում է իր տված հարցին․ «Ինչի՞, դուք կարայի՞ք բանի ժամանակ բան բոյկոտեիք․․․ դուք ո՞վ եք, որ բան բոյկոտեիք․․․ բոյկոտեիք՝ կգային ձեր տակի աթոռները կտանեին, կասեին՝ մեր աթոռների վրա եք նստած․․․»։ Ու մի պատմություն է պատմում ԱԱԾ-ի կողմից 2000-ականներին «անկախ թերթի» խմբագրության գույքը տանելու մասին։ Ասում է` եկան-տարան, մենք աղմուկ արեցինք, հարցում-բան, ԱԱԾ-ից ասացին՝ մեր գույքն է, տանում ենք։ Գույք տանելու, գույք վառելու, նոր գույք ու տարածք ունենալու մասին պատմություններ «Հայկական ժամանակի» խմբագրությունում շատ են եղել, բայց Նիկոլ Փաշինյանի նախկին գործընկեր խմբագիրներից ոչ մեկն այդ պատմությունները չի հիշում, չի պատմում, որովհետեւ կան կարմիր գծեր, որոնք անցնելիս մարդն ինքն է նվաստանում եւ իջնում։ Միայն այն փաստը, որ եկել տվյալ խմբագրության գույքը տարել էին, խոսում է այդ թերթի անհնազանդության մասին, այն մասին, որ ինչ-որ բանով խմբագրությունն արժանացել էր այդ «պատժին», եթե անգամ չխորանանք այլ մանրամասների մեջ։ 

Ինչ վերաբերում է նախկինների` ասուլիս չտալու փաստին, որը ժամանակին շատ է քննադատվել լրագրողների կողմից, այլ տեսանկյունից նայենք հարցին․ վերջին 4 տարում հենց ձեր իշխանությունն է երկիրն աղետի հասցրել, մեր պետության, Արցախի լինել-չլինելու հարցը բերել առաջին պլան, ավերել ամեն ինչ` արտաքին քաղաքական կապեր, պետական ինստիտուտներ, մարդկային հարաբերություններ ու արժեհամակարգ, այս բոլորի պատասխանն ո՞վ է տալու: Հասարակությանը քառամյա սթրեսի ու ցնցումների ենթարկած իշխանությանն ու մինչեւ 2018-ն աշխատած իշխանությանն ուղղված հարցադրումներն ու պահանջները շատ տարբեր են: Նաեւ դրանով են բացատրվում այս բոյկոտն ու լրատվամիջոցների վերաբերմունքը, որոնք ամենից լավ գիտեն, թե երկրում ինչ ավերածություններ են իրականացվել վերջին տարիներին: Դրանք համեմատության եզր չունեն նախկինների արած ամենավատ արարքների` ընտրակեղծիքների կամ կոռուպցիայի հետ:

Բայց վերադառնանք ասուլիսին. ցանկացած փաստ Փաշինյանը կամայականորեն է մեկնաբանում։ Բոյկոտի թեման քննարկելիս ասում է, որ միշտ կգտնվեն բոյկոտելու պատճառ եւ եղանակ։ Օրինակ՝ կարող է ասուլիս հրավիրեմ, ասուլիսը բոյկոտեն կամ գան՝ կեսից ցուցադրաբար հեռանան, կամ՝ պատասխանս դուրները չգա, բոյկոտեն, կամ՝ «կրծքով տեսախցիկները փակեն», տապալեն ասուլիսը։ Հետո ասում է, որ բոյկոտը հայտարարություն տարածած ԶԼՄ-ների քաղաքական հովանավորների սիրած գործն է: Օրինակ, բոյկոտել են մեր պատմության ընթացքում եղած «երկու պատմական բանավեճ»՝ 2018-ին եւ 2021-ին։ Թե ինչ կապ ունեն նախընտրական բանավեճերը եւ բոյկոտի քաղաքական գործիքը ասուլիսը բոյկոտելու հետ, թերեւս միայն ինքը գիտի: 

Եվ ամբողջ ընթացքում խոսակցությունը շեղում է, թեմայից թեմա թռչում, հարցի հասցեատիրոջն ու բովանդակությունը խառնում։ Պարզվում է՝ ասուլիսը բոյկոտելը երկիրը կաթվածահար անելուն համազոր բան է։ Ոչինչ, որ 2018-ին ինքը հմտորեն կիրառել է այդ գործիքը, այս պահին դա չի հիշում, ավելին` դատապարտում է Երեւանը կաթվածահար անելը։ Հաջորդ պահին հանկարծ հիշում է, որ ինքը երբեք չի բոյկոտել խորհրդարանը եւ այդ ամբիոնն օգտագործելով է հասել հաջողության։
Անշուշտ, ոչ միայն ԱԺ ամբիոնը, այլեւ իրեն բոյկոտող լրատվամիջոցների հարթակներն է ժամանակին լիարժեք օգտագործել։ Նաեւ․ երբ ուզել՝ կաթվածահար է արել երկիրը, երբ ուզել՝ բոյկոտել է, խաբել եւ մանիպուլացրել մի ողջ հասարակություն, խոստումներ է տվել հազարավոր մարդկանց ու գցել, հարյուրավոր կառույցների ու միավորների աջակցությունն է ստացել, անգամ՝ նրանց, ում այսօր դատում է, եւ հասել է իշխանության։ Հասել է ու հիմա ծաղրում է այն խմբագիրներին, որոնք 63 տարի խմբագիր են աշխատում։

Ասում է՝ այ չմոներ, սաղ կյանքում խմբագիր եք աշխատում, դուք ո՞վ եք։ Տեսա՞ք ոնց սաղիդ խաբեցի, օգտագործեցի, ձեր ուսերի վրայով եկա՝ դարձա պատգամավոր, հետո՝ վարչապետ, իսկ դուք ոնց չմո խմբագիր կայիք, տենց էլ շարունակում եք խմբագիր մնալ։ Ջհանդամը, թե չեք բոյկոտի, ո՞վ ա ձեր բոյկոտին շան տեղ դնում․․․ Հայտարարությո՞ւն եք տարածել՝ հարյուր, հազար հատ հայտարարություն տարածեք, ես իմ ճամփով գնում եմ։ Այո, Աղավնոն էլ եմ տալու, մի քանի կտոր էլ ինձ վատ ընդունած Սյունիքից եմ տալու, Արցախը հանձնելու եմ Ալիեւին, ադրբեջանցին ու թուրքն էլ հանգիստ գնալ-գալու են երկրով․․․ եղբայրս տասնյակ ընկերություններում տնօրեն է դառնալու, կինս մոնակոներում է ֆռֆռալու, երեխեքս էլ տասնյակ թիկնապահներով են ման գալու․․․ Բան ա՞ ըլե, ապե...

Սվետա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ