Եթե Փաշինյանն ուրանում է Տեր-Պետրոսյանին, ապա նա յուրաքանչյուրին կուրանա

Եթե Փաշինյանն ուրանում է Տեր-Պետրոսյանին, ապա նա յուրաքանչյուրին կուրանա

«Մենք ընդդիմություն ենք, մենք նոր ընդդիմություն ենք, նախկինների հետ որևէ կապ չունեցող նոր ընդդիմություն ենք։ Եթե մարդիկ ասում են, որ ընդդիմություն չկա, ուղղակի ուզում են մեզ չնկատել, իսկ մեզ չնկատել արդեն հնարավոր չէ»,- Հրապարակի հետ զրուցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանը։

- Դուք ասել էիք, որ Սերժ Սարգսյանը պետք է հանրային քաղաքականությունից հեռանա, ինչպե՞ս եք հիմնավորում Ձեր այդ պնդումը։

- Քաղաքականության մեջ գոյություն ունեն ցիկլեր։ Եթե նախորդ քաղաքական իշխանությունը հեռացել է մասսայական ընդվզման և մերժման արդյունքում, ապա առնվազն ինչ-որ ժամանակ է պետք, որպեսզի այն մարդիկ, որոնք այդ թիմում են եղել, ռեգեներացվեն։ Այսինքն՝ իր ամեն մի հայտնությունը հանրային դաշտում կոշտ հակազդեցություն է առաջացնում։ Բացի այդ՝ անընդհատ նոր իշխանությանն է հնարավորություն տալիս՝ շահարկելու այդ հարցը։ Մենք այսօրվա իշխանությանն իրական ընդդիմություն ենք, մենք ամեն օր իրենց հետ դեբատի մեջ ենք ցանկացած կարևոր, հանրային հնչեղության հարցով՝ ներառյալ Ստամբուլյան կոնվենցիան, առողջապահության համապարփակ ապահովագրության թեմայով և այլն։ Մենք պատրաստ ենք այդ խնդիրներով իշխանությանն անընդհատ ընդդիմանալ, որովհետև այն հայեցակարգը, որ իրենք առաջարկել են, շատ լուրջ թերություններ ունի, և դա հասարակության համար կարևորագույն խնդիր է։ Բայց ամեն անգամ խոսակցությունը գալիս է նրան, որ ասում են՝ «Բա ի՞նչ, դուք ուզում եք նախկիննե՞րը վերադառնան»։ Մենք չենք ուզում նախկինները վերադառնան, մենք ուզում ենք առաջ գնալ իրական, նորմալ քաղաքական պայքարով, ոչ թե ամեն անգամ նախկինների վրա հղում կատարելով։

- Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք որպես վաղվա իշխանություն։

- Այո, մենք դրա մասին բազմիցս ասել ենք։ Մենք չենք եկել քաղաքականության մեջ հավերժական ընդդիմություն լինելու համար, մենք եկել ենք քաղաքականություն՝ իշխանություն դառնալու համար։

- Ի՞նչ է նշանակում՝ «Սերժ Սարգսյանը պետք է հանրային քաղաքականությունից հեռանա» արտահայտությունը, երբ քաղաքականությունը հանրային գործունեություն է։

- Քաղաքականությունն իրականում բազմաշերտ է, քաղաքականության մեջ կա, ենթադրենք, դիվանագիտություն, կազմակերպչական ֆունկցիաներ և այլն։ Ես իր փոխարեն չպետք է որոշեմ, վերջիվերջո, դա իր որոշումն է և ՀՀԿ-ի որոշումն է, թե իրենց տարբեր գործիչները հանրային ինչ ֆունկցիա են իրականացնում։ Ես ընդամենը արտահայտել եմ իմ կարծիքը, որ երբ ինքը հանդես է գալիս հանրային դաշտում, դա նույն ՀՀԿ-ի շահերից էլ չի բխում, բայց իրենք թող իրենց որոշումն ընդունեն։ Խոսքը միայն անձի մասին է։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ 1996 թվականից հետո Հայաստանը լեգիտիմ ղեկավար չի ունեցել, և որ Լևոն Տեր-Պետրոսյանին նա նույնպես չարիք համարեց։

- Այդ հարցերը, կարծում եմ, պետք է Նիկոլ Փաշինյանին տալ։ Ես կողքից դիտարկելով՝ ընդհանուր առմամբ, կուզեի ասել հետևյալը․ մենք տարբեր քաղաքական գործիչների չպետք է ընդհանրապես անվանարկենք՝ «չարիք է, հրեշ է, դև է» և այլն։ Դա քաղաքական դիսկուրսը տրամաբանական դաշտից տանում է էմոցիոնալ դաշտ։ Ես իմ ողջ կենսագրության ընթացքում ծայրահեղ ընդդիմացած եմ եղել Տեր-Պետրոսյանին, բայց ես չէի ուզենա, որ մենք դա էմոցիոնալ դաշտ տեղափոխենք։ Մենք պետք է հասկանանք, թե Տեր-Պետրոսյանն ինչ չարիք է պատճառել Հայաստանին, բայց ոչ թե պնդենք, որ նա պարզապես չարիք է։ Դա մեզ հնարավորություն է տալիս իսկապես խնդիրների մասին խոսել, ոչ թե անընդհատ ստեղծել հերոսներ և հակահերոսներ, դա հասարակության համար օգտակար քննարկում չէ։ Այն, որ Փաշինյանը փորձում է հրաժարվել Տեր-Պետրոսյանի հետ իր կապից, կտրել պորտալարը, դա Փաշինյանի մասին ամենևին լավ բան չի ասում։ Նա՝ որպես քաղաքական գործիչ, ակնհայտորեն կայացել է Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ, Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանն ամառանոցում նստած էր, իսկ Փաշինյանը նրա ուժերն էր կազմակերպում, հետո Տեր-Պետրոսյանի քվոտայով հայտնվել է խորհրդարանում։ Նա Տեր-Պետրոսյանի հետ մեծ ճանապարհ է անցել, եթե նա այսօր Տեր-Պետրոսյանին ուրանում է, դա շատ վատ է խոսում Փաշինյանի մասին, դա ցույց է տալիս, որ Փաշինյանը ցանկացած մարդու կարող է ուրանալ։ Նրա ճանապարհը քաղաքական դիակներով է շաղ տված, և դա միայն Տեր-Պետրոսյանին չի վերաբերում։ Նպատակն իրեն սրբի տեղ ներկայացնելն է, մաքրագործվելը, բայց նա ինչպե՞ս է մաքուր, եթե Տեր-Պետրոսյանի հետ ահռելի քաղաքական ճանապարհ է անցել։