Ըստ Վահագն Հովակիմյանի՝ Միշել Պլատինին, Ժանսեմն ու Ջիգարխանյանն էլ են կոռուպցիոներներ

Ըստ Վահագն Հովակիմյանի՝ Միշել Պլատինին, Ժանսեմն ու Ջիգարխանյանն էլ են կոռուպցիոներներ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանրաքվեի գնալու իրենց որոշումն ամեն կերպ արդարացնելու ճանապարհին չեն դադարում մեկը մյուսից աբսուրդային ու զավեշտի հասնող մեկնաբանություններ անել։ Բանը հասել է նրան, որ սկսել են կոռուպցիայի մեջ մեղադրել անգամ եվրոպացիներին՝ դրանով բացատրելով, թե ինչու իրենք, մեղմ ասած, թքած ունեն եվրոպական կառույցների կարծիքի վրա եւ սահմանադրական փոփոխությունները չեն ուղարկում եզրակացության։ Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը զեկուցած իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը, 2 օր առաջ իր հարցազրույցում անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի կոշտ գնահատականներին՝ ուղղված իրենց, նրան բառացիորեն մեղադրել է ՀՀ իշխանություններից կաշառք վերցնելու եւ «ծախված» լինելու մեջ։ 

«Ես խնդրում եմ՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի անձնական հայտարարությունները չնույնականացնեք Վենետիկի հանձնաժողովի հետ: Սա շատ կարեւոր է: ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունները դա հենց ինստիտուտի հայտարարություն է, բայց Բուքիքիոյի դեպքում դա այդպես չէ»,-ասել է Հովակիմյանը եւ որպես ապացույց՝ նշել․ «Հիշեցնեմ, որ Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Այդ հատուկ շքանշանը, որ տվել էին, տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն: Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել: Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ»։

Բայց մինչ առաջ գնալը հասկանանք, թե ինչ նվեր է ստացել եվրոպացի պաշտոնյան․ այդ «հատուկ շքանշանը» Պատվո շքանշան է, որը շնորհվում է ՀՀ նախագահի կողմից։ Այն, համաձայն 2000 թ. ընդունված օրենքի, շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար։ Այդ շքանշանին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում միայն՝ 2008-2018 թթ․, արժանացել են 75 նշանավոր գործիչներ։ Օրինակ՝ բրիտանացի կիթառահար Տոննի Այմոմին, ԽՍՀՄ նշանավոր ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, դերասան Արմեն Ջիգարխանյանը, նշանավոր հետախույզ Գեւորգ Վարդանյանը, հայազգի նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմը, ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանը, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին, իտալացի գրող Տոնինո Գուերան եւ այլք։ 

Փաստորեն, եթե առաջնորդվենք Վահագն Հովակիմյանի կուռ տրամաբանությամբ, ապա այս բոլոր անձինք ե՞ւս կոռուպցիոն գործարքի են գնացել Սերժ Սարգսյանի հետ՝ նրանից ստանալով ադամանդակուռ շքանշանը։ Իմքայլականները, փաստորեն, պատրաստ են կոռուպցիոներներ փնտրել անգամ համաշխարհային աստղերի, արվեստի եւ մշակույթի գործիչների մեջ՝ նրանց մեղադրելով ՀՀ իշխանությունների հետ գործարքի գնալու եւ նրանցից կաշառվելու մեջ։ Վահագն Հովակիմյանի ու մյուսների այսօրինակ մեկնաբանություններն արդեն զավեշտալի էլ չեն, այլ՝ ողբերգական։

Դրա համար էլ մարդիկ կարկամում են, երբ խնդրում ենք մեկնաբանել այս հայտարարությունները։ Օրինակ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը մեզ հետ զրույցում երկար չէր կողնորոշվում՝ Հովակիմյանի այս մտքերին լուրջ վերաբերվի եւ լուրջ էլ արձագանքի՞, թե՞ հումորի տա։ «Ո՞նց ասեմ՝ լո՞ւրջ մեկնաբանեմ, թե՞ ոնց․․․ սրան լուրջ որեւէ բան ասելն արդեն ոչ ադեկվատության նշան կդիտվի»,- ասաց Զաքարյանը՝ նկատելով, որ «Իմ քայլի» պատգամավորները վաղուց չեն զարմացնում իրենց մտքի ֆանտաստիկ արգասիքներով։

Ապա նշեց․ «Հուսանք, որ Բուքիքիոյի վրա քրեական գործ չեն հարուցի՝ Հայաստանի Հանրապետության կողմից մեդալի արժանանալու համար։ Ու իրենք էլ, ինձ թվում է, զերծ կմնան միջազգային տարբեր առիթներով մեդալներ բաժանելուց»։
ՀՀԿ երիտթեւի նախագահ Հայկ Մամիջանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ էր հղել Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք ԵԽ որեւէ մարմին պատրաստվո՞ւմ է կարգապահական կամ էթիկական հետաքննություն սկսել Ջիանի Բուքիքիոյի նկատմամբ՝ փարատելու կամ հերքելու պատգամավոր Հովակիմյանի հնչեցրած մեղադրանքները։