Ինչո՞ւ կրկին ձերբակալվեց Արամ Երիցյանը
Արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են, այս մասին հայտնել է նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին Երիցյանը հայտնել էր, որ իր եղբորը մոտ 10 պարեկ, դաժանաբար ծեծելով, տարել են ոստիկանական բաժանմունք։ Իսկ երեկ նա «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ այդ դաժան վերաբերմունքի պատճառն իր փաստաբանական գործունեությունն է:
Երիցյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով եղբորը կրկին ձերբակալելու հարցին նշեց. «Կիրակի օրը դատարանը եղբորս ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել, միաժամանակ մերժելով կալանավորման միջնորդությունը՝ կալանավորման հիմքերի բացակայությամբ պայմանավորված: Դատարանն արձանագրել է, որ Արամ Երիցյանը չի կարող խոչընդոտել վարույթին, չկա վարույթից խոսափելու, կամ փախուստի դիմելու ռիսկ և այլն: Նա ընդամենը գնացել է խոշտանգումների վարչություն և ցուցմունք տվել ոստիկանների դեմ:
Ժամեր անց՝ այսօր առավոտյան ժամը 7-ին մի խումբ ոստիկաններ մեր տուն են գալիս և ասում, որ քննիչը որոշել է կրկին Արամ Երիցյանին ձերբակալել: Այժմ նա գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում: Քննիչը իմ զանգերին չի պատասխանում, աբիժնիկ քայլեր է անում, իսկ գործը մակագրվել է Աջափնյակ դատարանում», - նշեց փաստաբանը: Փաստաբանը նաև նշում է, որ դատարանը կրկին քննարկելու է խափանման միջոցի հարցը:
Կարծիքներ